Ալավերդիում մրցելու են «Հանրապետականն» ու ՀՅԴ-ն
Ապրիլի 6-ին Ալավերդու քաղաքապետի ընտրությունն է: Թեկնածուները երկուսն են` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արթուր Նալբանդյանը, որը գործող քաղաքապետն է, եւ ՀՅԴ-ն ներկայացնող Ալբերտ Սարգսյանը:
Ա. Սարգսյանն իր քարոզչական բուկլետներում եւ ելույթներում ալավերդցիներին կոչ է անում ապրիլի 6-ին հանրապետությանը մատուցել ազգային համախմբման տեղական օրինակ` միասնաբար ընտրելով արժանի մտավորական թեկնածուի: «Մենք գտնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է աշխատեն գրագետ եւ մտավորական մարդիկ»,- ասում է Ալբերտ Սարգսյանը:
Այսուհանդերձ, քարոզարշավի ընթացքում ակնհայտ է ՀՅԴ-ի անթաքույց զսպվածությունը իր թեկնածուի աջակցության գործում: Քարոզչությունը թողնված է զուտ Ալբերտ Սարգսյանի եւ կուսակցության տեղական կառույցի` «Լալվար» կոմիտեի ակտիվիստների հույսին: Չի բացառվում կոալիցիայի վերեւների պայմանավորվածությունը ընտրությունների ընթացքը թեկնածուների հնարավորություններին թողնելու համար, քանի որ քարոզարշավի վերջին օրերին պասիվ է նաեւ Հանրապետական կուսակցության վերնախավը, թեեւ Ալավերդիում այս օրերին երբեմն հայտնվում է ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ալավերդցի Էդուարդ Շարմազանովը, որը 2005 թ. քաղաքապետի ընտրությունների ժամանակ մրցակցում էր Արթուր Նալբանդյանի հետ:
Այն ժամանակ քարոզարշավի ողջ ընթացքում Ա. Նալբանդյանի շտաբը ազգությամբ հույն Շարմազանովի նկատմամբ սեւ PR էր իրականացնում` շահարկելով նրա ազգային պատկանելությունը: Անթույլատրելի քարոզչությանն այն ժամանակ միջամտել են անգամ ընդդիմության ներկայացուցիչները: Բացի այդ, մինչեւ վերջերս Ա. Նալբանդյանը հալածում էր նաեւ Շարմազանովի ընտրողներից շատերին: Է. Շարմազանովի հրապարակային պաշտպանությունը Արթուր Նալբանդյանը եւ նրա ընտրողները դիտում էին որպես դավաճանություն: Ասենք, որ իր գործողությունների մեջ ազատ Արթուր Նալբանդյանն այսօր որեւէ օգնության կարիք, կարծես, չի էլ զգում եւ հայտնվել է շատ բարենպաստ վիճակում: Նա ապավինում է քաղաքի հիմնարկների` ամեն գնով հանրապետականացված աշխատողներին, որոնց վերահսկելու ու ուղորդելու իր կարողությունը դրսեւորվեց նախագահական ընտրությունների ժամանակ` դառնալով, ինչպես Ալավերդիում հրապարակային հայտարարեց «Էյ-սի-փի» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, «երկրի կենտրոնական իշխանության սիրելին»:
Նա Ալավերդիում մարդկային եւ նյութական մեծ ռեսուրսների տիրապետող Վալերի Մեջլումյանի «երազած, հնազանդ ու խոնարհ քաղաքապետն է» եւ վայելում է նրա աջակցությունը: Քաղաքի միակ լրատվամիջոցը` «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը, վերջին տարում քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը եթերում ապահովել է զուտ պաշտոնական տեղեկատվությամբ` ալավերդցիներին զրկելով օբյեկտիվ տեղեկատվությունից, որը դարձել է կարեւոր աջակցություն քաղաքապետի ու գործող իշխանությունների համար: Դրա արդյունքում շարքային ալավերդցիները գրեթե անտեղյակ են քաղաքապետ Արթուր Նալբանդյանի երեք տարիների գործունեության ընթացքում թույլ տրված օրինախախտումներին:
Քաղաքապետի ընտրությունների մասին 15 ալավերդցիների շրջանում մեր հարցումները արդյունք չտվեցին. 14-ը խուսափեցին պատասխանել: «Այտա ես Արթուր Նալբանդյանին եմ ընտրելու, մարդը փողոցներ է լուսավորել, կամուրջներին կրասկա է քսել»,- ասաց Ալավերդու «Հայպետշին» թաղամասի շուկայի առեւտրական Մակիչ Աղեկյանը:
Արթուր Նալբանդյանը քաղաքապետի իր պաշտոնն անարգել ծառայեցրել է սեփական բիզնեսի ընդլայնմանը: Քաղաքապետ ընտրվելուց հետո շատ արագ վերանորոգվեց նրան եւ նրա երկու այլ գործընկերներին պատկանող կիսաքանդ շուկան, որտեղ ստեղծվեց «Կատա» խանութների ցանցը, որի միջոցով 2007 թ. համայնքային բյուջեից կատարվել են 20մլն դրամի սննդի գնումներ, իսկ 2008 թ. նախատեսվել են 35մլն դրամի գնումներ: Արթուր Նալբանդյանին պատկանող «Քարափ» ՍՊԸ-ն կարճ ժամանակ անց սեփականաշնորհեց ներհամայնքային ավտոբուսային տրանսպորտը: Թեեւ ընկերությունը բնակչության սպասարկումը կատարում է ֆիզիկապես եւ բարոյապես մաշված խորհրդային տարիների ավտոբուսներով, այդուհանդերձ, այդ ավտոբուսներով երթեւեկության գինը թանկացավ` 50 դրամից դառնալով 70 դրամ: Պաշտոնավարման երեք տարիներին Ա. Նալբանդյանը համայնքային բյուջեից յուրաքանչյուր տարի շուրջ 5մլն դրամ է հատկացրել Սարահարթ թաղամասում գործող ըմբշամարտի սպորտդպրոցին, որը բացվել է նրա համար, որ այնտեղ տնօրեն լինի իր եղբայրը: Եվ սա այն պարագայում, երբ Ալավերդիում արդեն կար գործող սպորտդպրոց, որն աշխատում էր թերծանրաբեռնված, եւ երկրորդ սպորտդպրոցը բացելու անհրաժեշտություն չկար: Համայնքի բյուջեի միջոցները խնայողաբար ծախսելու նպատակով կարելի էր Սարահարթում պահել ըմբշամարտի մեկ-երկու խումբ ընդամենը: Վերջին երեք տարիներին համայնքային բյուջեի միջոցներով Ալավերդու ձեռքբերումները մատների վրա հաշվելիս քաղաքապետի թիմակիցներին մեկ ձեռքն էլ բավարար է. այն է` քաղաքի մի քանի փողոցների լուսավորում, կամուրջների նորոգում, ավտոբուսի մի քանի էժանագին կանգառների կառուցում: Իսկ թե քաղաքի քանի՞ կենսական խնդիր է մնում անլուծելի, այդ մասին լռում են:
Արթուր Նալբանդյանը համայնքի բյուջեի միջոցներով քաղաքում կատարվող ցանկացած ներդրում բնակիչներին մատուցում է որպես անձնական լավություն:
Օրերս քաղաքապետը հանդիպեց քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչների հետ: Մինչ նա պարծենում էր «Վալլեքս գրուպ»-ի հետ անցկացրած քանդակագործների սիմպոզիումի մի քանի քանդակներ թաղամասերում տեղադրելու փաստով, պարզվեց` ընտրված տեղանքի հետ չհամընկնող անընկալելի քանդակները գրգռում են բնակիչներին, եւ նրանք պահանջեցին քաղաքապետից. «Հանեք էս քարն էստեղից, սա մեր թաղամասի գլխին նավս է բերում, դրա փոխարեն մաքրեք մեր թաղամասը կոյուղաջրերից»: Շփոթված քաղաքապետը խոստացավ բնակիչներին կատարել նրանց պահանջը: Մանավանդ, որ իր քարոզչությունը նա իրականացնում է «Խոսք եւ գործ» կարգախոսով:
Ստեղծված մթնոլորտում անձնական ֆինանսական մեծ միջոցներ չունեցող, մանկավարժ Ալբերտ Սարգսյանը, անկախ իր կուսակցության` իշխանական կոալիցիայի անդամ Դաշնակցության մոտեցումներից ու պայմանավորվածություններից , իր բնութագրմամբ` քարոզչությունը տանում է քաղաքակիրթ ճանապարհով: «Բավականին նորամուծություններ ենք մտցրել քարոզարշավում, ես քարոզչության գնում եմ եվրոպական մոդելով` տիկնոջս եւ երեխաներիս հետ»,- ասաց Ալբերտ Սարգսյանը: Թե ի՞նչ արդյունք կտա Ա. Սարգսյանի «եվրոպական մոդելի քարոզչությունը», կպարզվի ապրիլի 7-ին:
Մեկնաբանել