
Արթուր Բաղդասարյանի միակ հույսը մնացել են հաշմանդամները
Խորհրդարանական ընտրություններից 9 ամիս առաջ մարզերում արդեն մեկնարկել է քարոզարշավը: Իշխանական կուսակցություններից յուրաքանչյուրը ջանում է ընտրողներին համոզել, որ ինքն ավելի սրտացավ է գյուղացու հոգսերի նկատմամբ, քան մնացած կուսակցությունները: Հիմա իսկը ժամանակն է Գեղարքունիքի պես աղքատ մարզում տուկի թել, սերմնացու կարտոֆիլ բաժանելու համար՝ պայմանով, որ «նվերի» դիմաց ընտրողը հենց այդ կուսակցությանը ձայն տա:
Վարդենիսի տարածաշրջանում կոալիցիան ակտիվացել է: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը սկսել են իրարից ընտրող փախցնել ու արագացված կարգով նրանց կուսակցականացնել: Իշխանական կուսակցության տարածքային գրասենյակները, որ անցնող 4 տարում երբեւէ չեն հետաքրքրվել գյուղացու գոյությունով, հիմա կուսակցական ակտիվիստների միջոցով «սկաուտականի» կերպարով օգնության ձեռք են մեկնում գյուղացուն՝ առաջարկելով իրենց կուսակցության փոքրիկ «նվերը»: Դրանից հետո արդեն հաջորդ քայլն է: Գյուղացին տանը նստած՝ մեկ էլ թակում են դուռը, թե դու արդեն կուսակցության անդամ ես եւ որպես հավատարիմ կուսակցական՝ ընտրություններին պիտի «մեր օգտին աշխատես»:
Գրեթե նույն տարբերակով էլ վերջերս «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ են դարձել Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքի բնակիչներ Հովհաննես Բաղդասարյանը, կինը՝ Սուսունց Գյուլին եւ նրանց 19-ամյա որդին՝ Դավիթը: Տարբերությունն այն է, որ այս ընտանիքը դեռեւս օգնություն չի ստացել ՕԵԿ-ից, սակայն կուսակցության ղեկավարի անունով նամակն արդեն ուղարկված է: Հովհաննեսն ու իր կինը հաշմանդամ են, նրանց միակ խնամակալը որդին է, ով չի աշխատում: Ապրում են ամսական 38.700 դրամ գումարով, որից 10.500 դրամը կնոջ թոշակն է, 14.700 դրամը՝ ամուսնու: 13.500 դրամ էլ նպաստն է: «Հոգիներս ենք պահում, որ չընկնենք մեռնենք, 38.000 դրամով ապրել կըլնի՞»,-ասում է Սուսունց Գյուլին:
Ամուսինն էլ անկեղծացավ, թե կուսակցական են դարձել, որ իմանան` իրենց նման ապրող մարդ էլ գոյություն ունի, ու ինչ-որ բանով իրենց էլ օգնեն:
Սուսունց Գյուլին պատմեց, որ իրենց տուն եկել է «Օրինաց երկիր» կուսակցության Վարդենիսի գրասենյակի ղեկավարը եւ ասել է, որ պիտի անդամագրվեն կուսակցությանը եւ ընտրություններին էլ ձայն տան ՕԵԿ-ին: Հաշմանդամ ամուսիններին նույնիսկ տարել են Վարդենիս, ինչ է թե կուսակցության ղեկավար կազմից հյուրեր են եկել Վարդենիս ու պիտի հանդիպում լինի կուսակցականների հետ: «Եկել տարել են, ես էլ քյացել եմ: Խի՞ պիտի ուրիշ կուսակցության անդամ ըլնեի՞: Սխալ բան եմ արե՞լ, իմ բալա»,- վախվորած հարցնում էր Սուսունց Գյուլին:
Ամուսինն էլ հանգստացրեց կնոջը, թե «մի վախի, Աստված մեծ ա»: Հովհաննես Բաղդասարյանն ու իր կինը փախստական են: Ամուսինը 1990-ականների սկզբներին արտագաղթել է Խանլարի շրջանի Ազատ գյուղից, կինը՝ Գետաշենից: Հովաննեսի ասելով՝ ինքը հաշմանդամ է դարձել կարիքից ելնելով, դրա համար էլ հիմա կուսակցական լինելով է փորձում ընտանիքի կարիքները հոգալ: Նա պատմում էր, որ 1992 թվականին կարիքից դրդված որոշել է գնալ Քարվաճառ` «ավար» բերելու: Ճանապարհին հայ զինվորականները նրան բռնել տարել են զորանոց, որպեսզի ուղարկեն մարտի դաշտ, սակայն տեսել են, որ 55 տարեկան է, բաց են թողել: Հովհաննեսն այնտեղից սարերով է եկել տուն: Ճանապարհին ոտքերը ցրտահարվել են, բուժվելու համար գումար չի ունեցել, այդ իսկ պատճառով երկու ոտքերն էլ կտրել են:
Ասում է, որ մարզպետարանն իրեն հաշմանդամության սայլակ տվել է, սակայն շատ բարձր է եւ չի կարողանում ազատ տեղաշարժվել, դրա համար ստիպված ձեռքով սարքած սայլակից է օգտվում: Վերջում նա խնդրեց, որ համապատասխան մարմիններին միջնորդենք իրեն ծերանոց տանելու հարցում, քանի որ տանը կենցաղային պայմաններ չունեն, իսկ ձմռանը սայլակով ներս ու դուրս անելը իսկական տանջանք է իր համար:
Ընտանիքի անդամներն ամեն պահի սպասում են, որ իրենց տան դուռը պիտի թակեն ՕԵԿ կուսակցության անդամները եւ օգնություն առաջարկեն: Արդեն մեկ ամիս է, սպասում են կուսակցականների այցին, բայց նրանք չեն գալիս ու չեն գալիս:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել