HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջհանգիրյաններին կալանավորել են եւ մեղադրանք առաջադրել

Փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները Արգավանդի խաչմերուկից ոստիկանություն էին բերման ենթարկել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, Կարեն Հովհաննիսյանին եւ Լյովա Պողոսյանին:

Նույն օրը Վարդան Ջհանգիրյանը ձերբակալվել էր: Ըստ ոստիկանության` նա դիմադրություն էր ցուցաբերել իրավապահ մարմնի աշխատակիցներին: 

Փետրվարի 25-ին ձերբակալվել է նաեւ Գագիկ Ջհանգիրյանը:

Ահա եւ ոստիկանության փետրվարի 27-ի հաղորդագրության համաձայն` Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանները կալանավորվել են:

Գագիկ Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի առաջին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) եւ 316 հոդվածի առաջին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում է 316 հոդվածի երկրորդ մասով (Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter