HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» խմբակցության հայտարարությունները Ազգային Ժողովի հերթական քառօրյայում

Հարգելի հայրենակիցներ եւ գործընկերներ,

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի արտահերթ նիստում ընդունվեց Կոսովոյի անկախության հռչակագիրը:

Փետրվարի 18-ից աշխարհի բազմաթիվ պետություններ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեցին մինչ այդ դե ֆակտո անկախ երկրամասի անկախությունը եւ դրան հաղորդեցին դե յուրե բնույթ: Կոսովոյի հաղթարշավի գնացքն արդեն շարժվել է եւ, վաղ թե ուշ, անգամ այն երկրները, ովքեր այսօր դիմադրում են, իրենք էլ ճանաչելու են այն: Կոսովոն հաջողեց, որովհետեւ այդ դե ֆակտո պետության գործադիր եւ օրենսդիր իշխանությունները կանխամտածված, հեռատեսորեն, բանակցություններին զուգընթաց միջազգային հանրության շրջանում հասունացնում էին իրենց անկախության եւ խորհրդարանում ընդունելիք հռչակագրի ճանաչման խնդիրը: 

Դեռեւս 2007թ. օգոստոսի 28-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց եւ ապա Ազգային ժողովի նախագահի կողմից շրջանառության մեջ դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի անդամ եմ նաեւ ես, իր 2007թ. հոկտեմբերի 19-ի նիստում որոշում ընդունեց օրենքի նախագծի քննարկումը 90 օրով հետաձգելու մասին: Հոկտեմբերի 22-ից 25-ի քառօրյա նիստերի եւ նստաշրջանի օրակարգերի հաստատման ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ քվեարկեց այդ օրինագծի քննարկումը 90-օրով հետաձգելու ԱԺ որոշմանը: Դա նշանակում էր, որ թե գլխադասային նշանակված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, թե Ազգային ժողովը պետք է օրինագծի հեղինակին հետագայում պատշաճ կերպով հրավիրեին եւ հանձնաժողովի հաջորդ նիստերից մեկում քննարկեին այդ օրինագիծը: Սակայն դա չարվեց:

Այսօր 2008թ. փետրվարի 26-ն է: Հոկտեմբերի 22-ից անցել է 128 օր: Ըստ Ազգային ժողովի կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության, 90-օրյա ժամկետը լրանում է փետրվարի 29-ին, հետեւաբար այսօր լրանում է 87-րդ օրը: Իսկ փետրվարի 28-ին ավարտվում է քառօրյան: Այդ ժամկետից անդին օրինագծի կարգավիճակը գոնե մեր համար անհասկանալի է: Մինչդեռ այս քառօրյայի առաջին օրը ես ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել էի այս փաստի վրա: Նման կարեւորագույն օրինագծի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է: Սա արհամարհանք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն իսկ իրացված կամքի նկատմամբ: Եվ ոչ մի կերպ գործող իշխանությունների վարքը չես համեմատի Կոսովոյի իշխանությունների նպատակասլաց ու հաջողությամբ պսակված գործելակերպի հետ: Ո՞վ է պատասխան տալու հերթական կորսված հնարավորության համար: Ո՞վ եւ ի՞նչ արդարացում է ներկայացնելու, թե ինչու՞ մենք հերթական անգամ ետ մնացինք արդի զարգացումներից: Այստեղ էլ հո՞ Ադրբեջանի, կամ Թուրքիայի մեկուսացման քաղաքականությունը չկա: Ազգային ժողովի ղեկավարությունից ակնկալում ենք, որ առաջիկա օրերին ապահովվի այս օրինագծի քննարկումը: Պահն է հասկանալու, թե ո՞վքեր են կողմ Լեռնային Ղարաբաղի անկախության դե յուրե եւ միջազգային ճանաչման գործընթացին, ո՞վքեր են թաքնվում դեմ քվեարկողների թիկունքում եւ ովքե՞ր են իրականում հանձնում Լեռնային Ղարաբաղը իրենց անգործությամբ կամ բանակցությունների ժամանակ անբարո սակարկությամբ:

Ավարտեմ հետեւյալով: «Հայոց Աշխարհ» թերթի փետրվարի 17-ի թողարկման մեջ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Ընդհանրապես մի տեսակ խառնիճաղանջ ընդդիմություն ունենք: Արթուր Բաղդասարյանը եթե միանար ԼՏՊ-ին, տեղն ու տեղը ազգային հերոս կհռչակվեր: Եթե չի միանում, նշանակում է` դավաճան է: Ես կասեի հակառակը: Միանալ ԼՏՊ-ին` նշանակում է միանալ Ղարաբաղը հանձնողներին: Սա դավաճանություն է: Նույնը կարելի է ասել Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուսների մասին»: Իսկ նույն թերթի փետրվարի 22-ի թողարկման մեջ Աժ պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ժառանգություն» կուսակցության կապակցությամբ հայտարարել է, թե` «ոչ պակաս զավեշտական է, որ խորհրդարանում խմբակցություն ունեցող քաղաքական ուժը այդքան հեշտությամբ ենթարկվում է որոշ դեսպանատներից իջեցված հրահանգներին»: ԱԺ մեկ այլ պատգամավոր` Ռազմիկ Զոհրաբյանն էլ փետրվարի 14-ին նույն թերթում հայտարարել է. «Ժառանգության» ղեկավարն ուզում է իրագործել ԱՄՆ-ի իր պատվիրատուների հրահանգը եւ պատրանք ստեղծել, թե Միացյալ Նահանգներում եւս Լ.Տեր-Պետրոսյանը աջակցություն ունի»: Եթե մեր որոշ պատգամավորներ կարծում են, որ Արեւմուտքի շատ երկրներ սատարում են մեր քայլերը, այդ թվում ԼՂ ճանաչման օրինագիծը, ապա դա իրենց կարծիքն է, եւ կարող են համարել, որ Արեւմուտքը պատրաստ է ճանաչել նաեւ ԼՂՀ անկախությունը: Սակայն մեր գործընկերները պարտավոր են իրենց մատնանշած հանցագործության մասին տիրապետած փաստերը տրամադրել իրավապահ մարմիններին: Իսկ վերջիններս էլ պարտավոր են սեփական նախաձեռնությամբ պարզել մեր գործընկերների կողմից պարտակվող հանցավոր անտարբերությունը:

Շնորհակալություն:


Անահիտ Բախշյան

Մեզանում ընտրություններին նախորդող եւ հաջորդող գործընթացները ծայրաստիճան լարում են հասարակությունը, այն բաժանում սեւ եւ սպիտակի: Ժողովուրդը, որը միշտ սեղմված զսպանակի է նման, այս ընթացքում իշխանության թեկնածուների կողմից ավելի է լարվում եւ սեղմվում, որովհետեւ, որպես կանոն, իրեն տարբեր մեթոդներով (աշխատանքը կորցնելու սպառնալիք, հարազատների նկատմամբ բռնություն, կաշառք, հարկային մարմինների ներխուժում եւ այլն) ստիպում են վերարտադրել իրեն, ընդիմության թեկնածուի կողմից էլ հակառակն է տեղի ունենում` սեղմված զսպանակը սկսում է բացվել, մեր քաղաքացիների մեջ կուտակված վիրավորանքը, իր երկրում նսեմացված լինելու ինքնագիտակցությունն արթնանում է, մարդը փորձում է տեր կանգնել իր ընտրության իրավունքին: Արդյունքում այսօրվա իրականությունն է` տխուր ու պայթյունավտանգ: Առկա է միայն բռնությամբ, ուժով վերջնական նպատակին հասնելու կույր մոլուցքը: Չկա երկխոսության քաղաքական կամք, որը պետք է դրսեւորվի իշխող վարչակազմի կողմից: Չի շահում ոչ ոք` թե իշխանությանն ընտրողները, թե ընդդիմությանը ձայն տվողները տանուլ են տալիս, որովհետեւ հեղինակազրկվում, թուլանում է պետությունը, որտեղ սեղմված զսպանակի մեջ կուտակված առաձգականության ուժը, որը ըստ Նյուտոնի 3-րդ օրենքի, հավասար է սեղմող ուժին, ամեն վայրկյան կարող է ենթարկվել այնպիսի ձեւափոխության, որի հավանական ելքը դառնում է առճակատումը, բախումը:

Այսօրվա հայտարարությունս հնչեցնում եմ իմ եւ Յուրի Բախշյանի անունից` մեր պետականությանը նվիրված, պետական շահը գերակա համարող համախոհ քաղաքացիներիս մտահոգության մասին` կապված նախագահական անիրավ ընտրությունների հետեւանքով իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ խորացող անվստահության մթնոլորտի հետ:
Իր գրառումներից մեկում Յուրան գրել է. «Առաջնորդ լինել ժողովրդին` նշանակում է օրինակ ծառայել եւ քաջալերել նրան»: Յուրան` լինելով նվիրյալ հանրապետական, կողմնակից էր սառը գլխով, հավասարակշիռ որոշումներ կայացնելուն, որոնք կբխեին միայն ու միայն պետական շահերից: Եթե այսօր Յուրան լիներ, ապա իր քաղաքացիական դիրքորոշմամբ կոչ կաներ Հանրապետական գործընկերներին` գնալ քաղաքական երկխոսության, լսել «Ազատության» հրապարակում օրեր շարունակ վճռականորեն կանգնած, խաղաղ ցույցով իրենց կամքն արտահայտող մեր քաղաքացիներին, նստել բանակցության սեղանի շուրջ ընդիմության հետ եւ ոչ թե տարբեր հրապարակներում իրար դեմ լարել ժողովրդի երկու հատվածներին:

Իսկ ի՞նչ է անում գործող Հանրապետական վարչակազմն իր իշխանությունը պահելու համար, ի՞նչ է անում, որ ժողովուրդն իրեն վստահի, հավատա եւ հարկ եղած դեպքում նաեւ ների իր թերություններն ու բացթողումները:

Գործող վարչակազմի գործելակերպի մեջ իսպառ բացակայում է Սերը սեփական ժողովրդի նկատմամբ, իսկ իշխանությունն առանց սիրո, մարդկանց դարձնում է բռնակալ:
Այսպես շարունակել` նշանակում է ոչ միայն հիմնովին թաղել ժողովրդավարությունը մեր երկրում, նոր թափ հաղորդել արտագաղթին, հեղինակազրկել պետությունը, այլեւ կասկածի տակ դնել ազգի գոյությունը այս հողատարածքի վրա:


Արմեն Մարտիրոսյան

Հարգելի Հայրենակիցներ,

2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունները տեղի ունեցան մինչ այժմ չտեսնված ընտրակեղծիքներով եւ բռնություններով: Մինչքարոզչական շրջանից սկսված խախտումները իրենց շարունակությունը գտան բուն քարոզչաշրջանում եւ գագաթնակետին հասան քվեարկության օրը: Ընտրախախտումները վերաճեցին` բառի բուն իմաստով այլանդակ բռնությունների, որոնք տրամաբանական ավարտ ունեցան, երբ բռնություններ կիրառվեցին դիտորդական պարտականություն իրականացնող «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ:

Տեղի ունեցավ ընտրական գործընթացի նախադեպը չունեցող ձեւախեղում` թե օրենսդրական, թե կազմակերպչական եւ թե հասարակության իրական տրամադրության նկատմամբ:

Այս ամենը չէր կարող չհանգեցնել հարյուր հազարավոր ազատ եւ ազնիվ քաղաքացիների ընդվզումի` իրականացնելով մեր Հայրենիքի հանդեպ անկաշառ տիրոջ պատասխանատվությունը: Ցավոք սրտի, իշխանությունները, փոխանակ համապատասխան եզրակացություներ կատարեին եւ հնարավորինս շուտ փորձեին շտկել ընտրակեղծիքների պատճառով ստեղծված իրավիճակը, գնացին բռնություններն էլ ավելի խորացնելու ճանապարհով, որի արդյունքում արդեն ունենք քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ ձերբակալվածներ: Չբավարարվելով այսքանով, նրանք արդեն սկսել են շատ վտանգավոր մի գործընթաց: Տեսնելով, որ ոստիկանությունը եւ բանակը բռնությունների չեն գնա հարազատ ժողովրդի դեմ` իրենց իշխանության տարիներին բնորոշ` կուսակցությունների ներսում երկպառակություններ սերմանելու արատավոր գործելակերպը փորձում են իրականացնել արդեն ամբողջ ազգի նկատմամբ, ի դեմս այսպես կոչված «ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի» հրավիրված հանրահավաքների, որտեղ բազմաթիվ դպրոցների եւ բուհերի, պետական ու տեղական մարմինների աշխատակիցների եւ այլ քաղաքացիների ստիպողաբար բերման են ենթակում` աշխատանքից ազատելու սպառնալիքով:

Եվ այս ամենը լուսաբանվում է հեռուստաընկերությունների եւ հատկապես Հ1-ի հանցավոր ու սադրիչ ապատեղեկատվության պայմաններում:

Պետական կարեւոր գործառույթ ունեցող հարգելի լրագրողներ, հավատարիմ եղեք ձեր մասնագիտական պարտքին, մի հնազանդվեք հանցավոր անտարբերությանը եւ ծառայամտությանը, հասարակությանը տրամադրեք իրապես անաչառ լրատվություն:

Հանրային ռադիոհեռուստաընկերության հանձնաժողովի նախագահ պարոն Հարությունյան, մի խախտեք օրենքները, հարկատուներիս հաշվին սնվող Հ1-ը մի դարձրեք ձեր անձնական քաղաքական հայացքների խոսափողը:

26 փետրվարի 2008թ.
Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter