Նորից բռնություն
Երեկ ուշ երեկոյան Ազատության հրապարակից երկու երիտասարդների ոստիկանները բերման են ենթարկել Կենտրոնի բաժին:
ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը շտապել են ոստիկանության շենք` կատարվածի պատճառները պարզելու: Սակայն քաղաքացիական հագուստներով մի խումբ անձինք պատգամավորներին ուժով դուրս են բերել շենքից: Նույն «բախտին» են արժանացել նաեւ միջադեպի կապակցությամբ Կենտրոնի բաժնում գտնվող որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ իրադարձությունը լուսաբանող լրագրողներ: Բռնություն գործադրողներից մեկը նույնիսկ խլել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի միկրոֆոնը եւ պատուհանից նետել ցած:
Այս ամենը կատարվել է ոստիկանների աչքի առաջ: Նրանք ոչ միայն չեն միջամտել, այլեւ անպատասխան են թողել այն հարցը, թե ովքե՞ր են քաղաքացիական հագուստներով անձինք, որոնք միջադեպից քիչ անց արագ հեռացել են: Դեպքի վայր են հրավիրվել ԵԱՀԿ դիտորդներ եւ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներ:
Որոշ ժամանակ անց բերման ենթարկված երիտասարդներն ազատ են արձակվել: Նրանք պատմել են ոստիկանների կողմից կիրառված բռնությունների մասին եւ լրագրողներին խնդրել չհրապարակել իրենց անունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել