HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի ժողովրդավարության հարցը դիտորդների ձեռքում է»

Այսպիսի հայտարարություն է արել Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր` փետրվարի 28-ին ելույթ ունենալով Ազատության հրապարակում արդեն 8-րդ օրը շարունակվող հանրահավաքում:

Դժգոհելով միջազգային եւ հատկապես եվրոպական դիտորդական կազմակերպությունների արձագանքից` նա մասնավորապես ասել է. «Այդ պահվածքը ֆորմալիստական պահվածք է: Նրանք զբաղված են ընդամենը թվաբանությամբ: Նրանք ընտրությունները չեն դիտում որպես մի համակարգ, համակարգ, որը սկսվել է հոկտեմբերի 23-ից` բռնություներից իմ կողմնակիցների նկատմամբ, համակարգ, որն այսօր էլ չի դադարել»: Իրենց հեղինակությանը չհարվածելու համար Տեր-Պետրոսյանն այլընտրանք է առաջարկել միջազգային կառույցներին, հատկապես եվրոպական դիտորդական առաքելությանը. «10 օրվա ընթացքում թվարկածս ուժերը, երկրները, կազմակերպությունները հնարավորություն ունեն Հայաստանում ունենալ կամ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետություն, կամ` Միջին Արեւելքի կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետություններից մեկը: Դրա համար Արեւմուտքից պահանջվում է միայն հարգել այս ժողովրդին»: 

Ժամը 17:20 հանրահավաքի մասնակիցները հերթական երթը կազմակերպեցին: Ազատության հրապարակից ուղղվելով Տերյան փողոց` բազմահազարանոց երթը շարժվեց դեպի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, որն օղակել էին ոստիկանները: Այնուհետեւ երթը մտավ Կորյունի փողոց, իսկ հետո թեքվեց դեպի Աբովյան: Ճանապարհին մասնակիցները կոչ էին անում փողոցում հավաքվածներին եւ շենքերից դիտողներին միանալ շարժմանը, վանկարկում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը եւ բղավում «Սերժի՛կ, հեռացի՛ր»: Երթի մասնակիցներին ողջունում էին մեքենաների վարորդները, անցորդները:

Աբովյան փողոցից երթը թեքվեց Թումանյան, որից հետո վերադարձավ Ազատության հրապարակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter