HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեռոր եւ մարդաորս Երեւանում. վկայում են ցուցարարները

Այսօր վաղ առավոտյան` ժամը 6-7-ն ընկած հատվածում, Ազատության հրապարակում ոստիկանության աշխատակիցները եւ հատուկ ջոկատայինները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:

Ոստիկանների ձեռքից ճողոպրած ցուցարարները պատմում են, թե ինչպես է տեղի ունեցել նախագահ Քոչարյանի կազմակերպած գործողությունը: Գրոհը սկսվել է ամբողջական ճակատով` առանց որեւէ նախազգուշացման, հանկարծակի: Հարձակումը սկսվել է Տերյան, Թումանյան, Հյուսիսային եւ Մաշտոցի պողոտաներից, որտեղ իրար հետեւից կանգնել են ավտոբուսները, եւ զորքը դուրս է թափվել: Ցուցարարներից մեկը լսել է, որ մի հրամանատար բղավել է. «Վրա տվեք»: Մթնշաղի այդ ժամին ցուցարարների մեծ մասը վրաններում քնած է եղել: Նրանց թիվը, իրենց իսկ վկայությամբ, հարձակվողներից մի քանի անգամ քիչ է եղել: Տվյալ պահին քնած ցուցարարները եղել են մի քանի հարյուր հոգի, իսկ հարձակվող զորքը` մի քանի հազար: 

Ցուցարար տղաներից ոմանք պատմում են, որ Սպենդիարյանի արձանի ուղղությամբ գրոհող ոստիկանները իրենց կոչ էին անում վայր գցել փայտերը, որոնցով իրենք պաշտպանվում էին: Սպենդիարյանի արձանի շրջակայքում են եղել ԵԿՄ անդամների վրանները, եւ այդ կողմից գրոհող ոստիկանները հանդիպել են փոքրաթիվ երկրապահների ու քաղաքացիների դիմադրությանը:
Ամենաուժեղ գրոհը եղել է Թումանյանի արձանի կողմի մուտքից: Ժողովրդական շարժմանը մասնակցող Հատուկ գնդի մարտիկներից մեկը նկատել է, որ այդ մուտքից հրապարակ մտնողները տարբերվել են մյուսներից` նրանք եղել են սեւ հագուստով, մահակները եղել են ուղիղ, առանց բռնակի, կոթերը` կարմիր գույնի: Ըստ ականատեսի` դա եղել է Ղարաբաղի «սպեցնազը»: Մինչ այդ լուրեր էին տարածվել, որ Քոչարյանը հատուկ գործողություն իրականացնելու համար ԼՂՀ-ից Երեւան է բերել ղարաբաղցի հատուկջոկատայիններին:

Գրոհողներից մի քանիսի մոտ տղաներից մեկը ավտոմատներ է տեսել: Ոստիկանները մոտ տարածության վրա սրվակներից արցունքաբեր գազ են ցայտեցրել մարդկանց դեմքերին: Մեր զրուցակից տղաներից մեկի աչքերը մրմռում էին գազից: Կիրառվել է նաեւ էլեկտրաշոկ: Ցուցարարների պնդմամբ` գրոհայինների մեջ նորակոչիկներ, 18-20 տարեկան երիտասարդներ չեն եղել, բոլորը մարզված, փորձված մարտիկներ են եղել: Փաստորեն, ՀՀ քաղաքացիների դեմ դուրս է եկել կազմակերպված զորք: Իսկ դեռ մի քանի ժամ առաջ` երեկ, նախագահ Քոչարյանն ասում էր, որ իրավապահները բռնության չեն դիմելու:

Հայհոյանքներ տալով մասնակիցների եւ շարժման կազմակերպիչների հասցեին` գրոհող զորքը շրջել է վրանները, մահակներով ցրել խաղաղ ցուցարարներին: Մեր զրուցակից տղաները նկատել են, թե ինչպես է մի մարդու աջ քունքից առատորեն արյուն հոսում: Իսկ հենց իրենք` տղաները, վնասվածք ունեին դեմքերին, ձեռքերին:

Նստացույցի մասնակիցներին ցրելուց հետո ՊՊԾ-ն` ՀՀ ոստիկանության պահակապարեկային ծառայությունը, սկսել է մարդաորսը: Ազատության հրապարակից դուրս եկած ցուցարարներին ՊՊԾ-ականները շարունակել են հետեւել: Ցուցարարները թաքնվել են շենքերի բակերում, մուտքերում, ապաստան խնդրել բնակիչներից: Մեր զրուցակիցները նրանց թվում էին:

Նրանք պատմում էին, որ Ազատության հրապարակից փախած մարդկանցից մինչեւ պետկրկես է հասել 50-100 հոգանոց մի խումբ, իսկ իրենց հետապնդողները եղել են մի քանի անգամ շատ: Փախչողները նպատակ են ունեցել հասնել Արշակունյաց փողոցում գտնվող ԵԿՄ վարչության շենք, սակայն ստիպված ցրվել են տարածքի շենքերի բակերում ու փորձել ապաստան գտնել:

Մենք անձամբ ականատես եղանք, թե ինչպես էին երկու ՊՊԾ-ական երկու քաղաքացու պառկեցրել Արշակունյաց 6 փողոցի անկյունում եւ խուզարկում էին նրանց: Քիչ անց մոտեցան ՊՊԾ-ի երեք մեքենա, որտեղից դուրս եկան ոստիկանները: Քաղաքացիներից մեկն ինչ-որ բան ասաց ոստիկաններին, որոնցից մեկը ապտակեց նրան եւ հրեց մեքենայի մեջ: ՊՊԾ-ականները քաղաքացիներին տարան անհայտ ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter