HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1. իրադարձությունների ընթացքը

7 հոգի վերակենդանացման բաժնում են

Մեր աղբյուրը հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այս պահին 6 քաղաքացի եւ 1 ոստիկան գտնվում են վերականդանացման բաժնում:

Ժամը 11:00-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը մամլո ասուլիս էր հայտարարել իր առանձնատանը: Թեեւ ոստիկանները շրջափակել էին առաջին նախագահի առանձնատունը, լրագրողներին մի քանի կետերում ստուգելուց հետո, այնուամենայնիվ, թույլ են տվել մտնել: Ներկա են մոտ 40 լրագրող եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ ԵԱՀԿ դիտորդներ: Այս պահին առաջին նախագահը ներկայացնոմ է տեղի ունեցածի մանրամասները: Ըստ Տեր-Պետրոսյանի` օգտագործվել են մահակներ եւ էլեկտրաշոկ:

10:20 – հաղորդագրություն

10.20 - Այսօր Ազատության հրապարակում ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների իրականացրած գործողության արդյունքում տուժել են տասնյակ խաղաղ ցուցարարներ: Նրանց հիմնականում տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Մեր թղթակիցը այժմ այնտեղ է եւ փորձում է տեղեկություններ ստանալ: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ վիրավորներին տեղափոխել են նաեւ «Կոնգրես» հյուրանոց: Այժմ ցուցարների մի խումբ  գտնվում է Ֆրանսիական դեսպանատան դիմաց:

Պարզվել է նաեւ խաղաղ ցուցարարների ցրելու գործողությունը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը: Հենց նա է փորձել ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

10:30

Մեր թղթակիցները այժմ գտնվում են Ազատության հրապարակին հարող փողոցներում:

Նրանց հաղորդմամբ ոստիկանները դիտմամբ միջադեպեր են սարքում անցորդների հետ, այնուհետեւ նրանց ծեծում են: Իսկ մարդիկ տարբեր փողոցներով շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Քիչ առաջ կարմիր բերետավորները մոտ 10 ցուցարարների, Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում ծեծելով, լցրել են մեքենաները եւ տեղափոխել անհայտ ուղղությամբ:

Մեր թղթակիցը լսել է երկու ոստիկանների հետեւյալ խոսակցությունը Թումայնան փողոցում: Ծիծաղող ոստիկանին հանդիմանեց մեկ այլ ոստիկան. «Արա երեք զոհ  կա, դու բերանդ բացում ես»: Այս տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել պաշտոնական աղբյուրներից: Առայժմ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: 
Մինչ այդ մեր տարբեր աղբյուրներ հաղորդում էին, որ եղել է մեկ զոհ:

11:00

Մեր թղթակիցը հայտնում է, որ ժամը 11:00-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում` SAS խանութի հարեւանությամբ, ոստիկանները հարձակվել են կանգառում կանգնած խաղաղ քաղաքացիների վրա: Ժողովուրդը բղավել է` ի՞նչ եք անում: Կանգառում է գտնվել նաեւ մի արտասահմանցի զույգ, ոստիկանների հարձակման ժամանակ արտասահմանցի կնոջ ուշքը գնացել է: Ուշաթափություն է եղել նաեւ մի երիտասարդ աղջկա մոտ: Երիտասարդ տղաներից մեկն այդ պահին բղավել է ոստիկանների վրա,

ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 15-ԻՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենա հանրահավաք Ազատության հրապարակում: Եթե հնարավոր չլինի այնտեղ մտնել զորքեր շրջապատված լինելու դեպքում , հանրահավաքը կկայանա Հյուսիսային պողոտայում, եթե այնտեղ էլ հնարավոր չլինի, ապա Հանրապետության հրապարակում կամ Շահումյան հրապարակում: Հաղորդում են նստացույցի կազմակերպիչները:

Ծեծվել է Գրիգոր Խաչատրյանը

Ժամը 12:00-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ գտնվող STAR խանութի մոտ ծեծի է ենթարկվել նկարիչ Գրիգոր Խաչատրյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը գտնվող մեր թղթակիցը հայտնում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ձերբակալված է, իսկ Տեր-Պետրոսյանին զգուշացրել են` տնից դուրս չգալ:

13:25 Արշակունյաց պողոտայից դեպի Ֆրանսիայի դեսպանատուն է շարժվում զորքը` զինված զրահապատ տեխնիկայով եւ մեկ զրահապատ մեքենայով: Հավաքված բազմությունը փակել է զորքի դիմացը եւ վանկարկում` Լեւոն, Լեւոն: 


14:05 
Մեր թղթակիցը, որն այս պահին գտնվում է Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հաղորդում է, որ քաղաքի տարբեր հատվածներից մարդկանց հոսքը դեպի դեսպանատուն շարունակվում է: Արդեն հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հավաքված ժողովրդին տեղեկացրել է, որ շտաբը քննարկում է առաջիկա ժամերի գործողությունների պլանը: Ժողովուրդը պահանջում է իրենց մոտ բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ վանկարկում է` «Արթուր, դավաճան»:

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության համաձայնագիր է կնքել Սերժ Սարգսյանի հետ եւ համաձայնել ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական թողարկմամբ ցույց էին տալիս, թե ինչպես նրանք շամպայնի բաժակները չխկացնելով` շնորհավորեցին միմյանց:

Մեր թղթակցի հաղորդմամբ` դեսպանատան դիմաց տեղակայված զորքի մի մասը հանվել է: Ոստիկանների կուտակումներ կան Մատենադարանի, Օպերայի եւ Զաքյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգու մոտ:

Ժողովուրդը պահանջում է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Զորքը հանվել է

Պայթյուն Այրարատ կինոթատրոնի հարեւանությամբ

ՀՀ փրկարար ծառայության մամուլի պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը հայտնել է, որ ժամը 14.48-ին փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ «Այրարատ» կինոթատրոնի մոտ կրպակ է այրվում: 14. 49-ին փրկարարները դուրս են եկել և արդեն 14.51-ին առաջին մեքենան դեպքի վայրում է եղել: 

Ըստ Նիկոլայ Գրիգորյանի` նախապես հայտնել էին, թե մեծ տարածք է այրվում, և դեպքի վայր է մեկնել 4 մեքենա, որտեղ և պարզվել է, որ այրվում է 8 տաղավար` 150 քմ տարածքով: Նախնական տվյալներով տուժել է տաղավարի մեկ աշխատակից:

Այս պահին Հանրապետության հրապարակից մինչեւ Այրարատ կինոթատրոն 20-ից ավելի բեռնատար մեքենա է կանգնած` լի զինվորականներով:

17:14

Մեր թղթակիցը 17:14 Ֆրանսիայի դեսպանատան տարածքից հաղորդեց, որ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը եւ նկարագրել գիշերը տեղի ունեցածը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով` իրենք ցանկացել են դեսպանատան մոտ հավաքված ժողովրդին առաջնորդել դեպի առաջին նախագահի առանձնատուն, որտեղ նա, ըստ էության, տնային կալանքի մեջ է, սակայն նախագահն ասել է, որ այս պահին ամենաապահով տեղը դեսպանատան տարածքն է, որտեղ ժողովուրդը բարիկադներ է կառուցել: Ըստ Նիկոլ Փաշինյանի` իրենք հիմա երեք խնդիր պետք է լուծեն` 1) հնարավորինս մեծ բազմություն հավաքել դեսպանատան մոտ, 2) ամրացնել բարիկադները, 3) պահանջել իրենց մոտ բերել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արտակարգ դրության մասին հրամանագիրը պատրաստ է

Քիչ առաջ մեր թղթակիցը Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընթացող հանրահավաքից հաղորդեց, որ մի քանի տասնյակ հազար մարդ բարիկադավորվել են եւ որոշել են գիշերել այդտեղ: Թղթակիցը զորքի կուտակումներ է նկատել Մաշտոցի պողոտայի սկզբնամասում:

Մեծ թվով զինվորներ կան նաեւ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի ետնամասում՝ «Հանրապետություն» կուսակցության մոտ, Ազատության հրապարակում: 

Քիչ առաջ «Հ2» հեռուստաընկերությունը ցուցադրեց Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը: Նախարարի հաղորդմամբ` չի բացառվում, որ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր:  

Վիրավորվել է 3 ցուցարար

Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից ճշտում են, որ երբ քաղաքապետարանի հարեւանությամբ ոստիկանական մեքենան մխրճվել է բազմության մեջ, վրաերթի է ենթարկել ոչ թե մեկ, այլ երեք ցուցարարի։ Վիրավորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։

 Ժողովուրդը բարիկադներ է սարքում

Այս պահին Մյասնիկյանի արձանի հարթակ են բերվել բարձրախոսներ եւ այլ անհրաժեշտ տեխնիկա հանրահավաք անցկացնելու համար։

Խուզարկել են Խաչատուր Սուքիասյանի տունը

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter