HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ Ոստիկանության հայտարարությունը

«Մարտի 1-ի կեսօրից Երևանի քաղաքապետարանի շրջակայքում հավաքված բազմությունը աստիճանաբար անկառավարելի էր դառնում, և երեկոյան նրանց գործողությունները վերջնականապես վերածվեցին ջարդարարության ու թալանի:

Ժամեր շարունակ շուրջ 7 հազարանոց ամբոխից պարբերաբար անջատվող մեծ ու փոքր ավազակախմբերը զանգվածային անկարգությունների ընթացքում շրջակա փողոցներում հրկիզել են երկու տասնյակից ավելի անձնական օգտագործման, ինչպես և ոստիկանական ավտոմեքենաներ, նույնիսկ ՙշտապ օգնության՚ մեքենաներ, ջարդուփշուր են արել ավտոբուսներ ու տրոլեյբուսներ:

Ավերվել ու թալանվել է ՙՄոսկվայի տունը՚, շրջակա խանութներն ու գրասենյակները, փշրվել են քաղաքապետարանի և ՙՎիվասելի՚ վարչական շենքի ապակիները:

Հարբած ավազակախմբերը հարձակումներ են գործել ոստիկանության զորքերի ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների վրա: ՀՀ ոստիկանության հոսպիտալ է ընդունվել ոստիկանության 33 զինծառայող և աշխատակից, որոնցից 11-ը` բեկորային վնասվածքներով, 13-ը` տարբեր ծանրության տրավմաներով, 8-ը` գազերից թունավորումով, 1-ը` ուշագնացությամբ: Ոստիկանության զորքերի 7 զինծառայողների, այդ թվում` 4-ը բեկորային վնասվածքներով, օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր կարգով` հետագա բուժումը զորամասում շարունակելու պայմանով: Այլ բուժհաստատություններ դիմածների թիվը ճշտվում է: Ըստ առողջապահության նախարարության տվյալների` դեպքի պահին զոհվել է 8 հոգի, որոնց մահվան հանգամանքները պարզվում են ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Սանձարձակությունները շարունակվում էին, և միայն ՀՀ նախագահի հրամանագրով մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելուց հետո, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և բանակի փոխհամաձայնեցված գործողությունների ճնշման տակ ջարդարարները տեղի տվեցին, դադարեցրին զանգվածային անկարգություններն ու հեռացան:

Ձեռնարկվում են միջոցառումներ կազմակերպիչների և մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, անվերապահորեն կատարել արտակարգ դրության պահանջները, աջակցել իրավապահ մարմիններին` զանգվածային անկարգությունների հետևանքները վերացնելու գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter