HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ.Անդրեասյան. «Մեր հասարակության մի զգալի մասը տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի»

Մարդու իրավունքների պաշտպանի 50 օրը. անդրադարձ սոցիալական իրավունքներին


Սոցիալական իրավունքներին որոշեցի անդրադառնալ առաջինը, քանի որ համոզված եմ, որ մարդն ի վիճակի է լինել ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ և պաշտպանել իր բոլոր իրավունքները, երբ իր արժանապատիվ կենսամակարդակն ապահովված է:

Ցավոք, այսօր մեր հասարակության մի զգալի մասը դեռևս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի և դրա համար ակնկալում է պետության աջակցությունը, քանի որ նույնիսկ աշխատունակ բնակչության համար սեփական աշխատանքով բավարար միջոցներ վաստակելը միշտ չէ, որ մատչելի է:

Այսօր Հայաստանում աղքատ է բնակչության 34,1 տոկոսը` յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, և այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշվարկման հիմք:

Բացի դրանից` պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52 հազար դրամ, և դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն՝ որպես նվազագույն կենսապահովման բյուջե:

Վստահ եմ, որ աշխարհում գոյություն ունեցող որևէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում` որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել:

2009թ. արձանագրվեց տնտեսության զգալի անկում: 2010թ. Հայաստանի տնտեսությունում արձանագրվեց նաև աննախադեպ բարձր` 9.5%-ի գնաճ: Գնաճի պատճառներն, ըստ տարբեր աղբյուրների, բացատրվում են միջազգային շուկաներում գների բարձրացումով, ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությամբ, 2010թ. մշակովի ցանքատարածությունների կրճատումով, կոռուպցիայով, մենաշնորհային տնտեսությամբ և գյուղատնտեսության անկման պատճառներով:

Թե միջազգային կազմակերպությունների և թե ՀՀ կառավարության գնահատմամբ` գնաճը Հայաստանում շարունակում է մնալ տարվա լրջագույն մարտահրավերներից մեկը: Այն մեղմելու համար իրականացվում են գնաճի զսպման և սոցիալական ուղղվածության ծրագրեր, սակայն շոշափելի արդյունքներ, իմ գնահատմամբ, դեռևս չեն գրանցվել:

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող առաջնային պատճառներից են տնտեսական մրցակցության պաշտպանության թերի մեխանիզմների և մենաշնորհային տնտեսությունների առկայությունը:

Ըստ տարբեր տնտեսական հետազոտությունների` միջին և երկարաժամկետ հեռանկարում ազատ մրցակցության պաշտպանության ներկայիս համակարգը կարող է դառնալ երկրի կայուն զարգացման, աղքատության հաղթահարման և տնտեսական աճի հիմնական արգելքներից մեկը: Նման իրավիճակի առկայությունն, իմ գնահատմամբ, վկայում է Հայաստանում հակամենաշնորհային ինստիտուտների գործունեության անարդյունավետության մասին:

Տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մեկ այլ էական պատճառ է հարկային և մաքսային վատ վարչարարությունը, ինչը հաստատում են և ՀՀ կառավարությունը, և նրա ընդդիմախոսները: Թեև այս ուղղությամբ մշակվում և իրականացվում են ծրագրային միջոցառումներ, սակայն արդյունքը դեռևս շոշափելի չէ ոչ տնտեսվարողների լայն շրջանում, ոչ էլ տնտեսական ցուցանիշների աճի առումով:

Ծայրահեղ անհրաժեշտ են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում առավել կոնկրետ քայլեր, հատկապես կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաև հարկերի վճարման ու մաքսազերծման հավասար պայմանների ապահովման ուղղություններով:

Բյուջետային միջոցների սղության` ՀՀ կառավարության լիովին հասկանալի փաստարկը ստիպում է անդրադառնալ այն քննադատությանը, որ կառավարման արդյունավետության պակասի հետևանքով, բյուջետային միջոցների սխալ վերաբաշխման և փոշիացման պատճառով` հաճախ անհնարին է դառնում սոցիալապես անապահով խավերի համար անհրաժեշտ նվազագույն գումարների հատկացումը:

Օրինակ` ՀՀ վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է դեպոնենտային կարգով կենսաթոշակ ստացողների 1656 գործ, և հայտնաբերվել է տարբեր բնույթի 1157 խախտում: Միայն Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումները և հայտնաբերած խախտման փաստերն արդեն վկայում են պետության ֆինանսական սահմանափակ ռեսուրսների հաճախ ոչ արդյունավետ օգտագործման մասին:

Տվյալ իրավիճակում հիմնականում ընդունելի են ՀՀ կառավարության մշակած գործողությունների ծրագրերը և ռազմավարական մոտեցումները, սակայն, կարծում եմ, ժամանակն է դրանք խոսքից և գրագետ շարադրված փաստաթղթերից վերածել իրական գործի և մարդկանց համար շոշափելի արդյունքի:

Օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն` 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան:

Որպես սոցիալական իրավունքների իրացման և պաշտպանության դիտորդ՝ ես կշարունակեմ իմ դիտարկումները և ուսումնասիրությունները սոցիալական իրավունքների ապահովման ոլորտում՝ պարբերաբար հայտնելով հանրությանն իմ գնահատականները, իսկ դրանցից բխող առաջարկները ներկայացնելով իշխանություններին:

Որպես իշխանության և հասարակության միջև միջնորդ՝ ես պատրաստ եմ հասարակության տարբեր խմբերից, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և անհատ անձանցից ստացվող կառուցողական առաջարկներն, ինձ օրենքով վերապահված կարգով, ներկայացնել ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն՝ ազդելով սոցիալական ապահովության ոլորտում ընդունվող պետական քաղաքականության վրա:

Տնտեսական իրավիճակի այս համառոտ վերլուծությունը հաստատում է իմ մտահոգությունը, որ հասարակության մեջ բազմաթիվ են դեպքերը, որոնք Պաշտպանի լիազորությունների շրջանակներում լիովին կարելի է  դրական լուծումների հասցնել և իրացնել քաղաքացիների ու իրավաբանական անձանց էական զանգվածի սոցիալ-տնտեսական իրավունքները:

Մինչդեռ, Պաշտպանի գրասենյակ մուտք գործած սոցիալական և տնտեսական ոլորտի դիմումների սակավությունը (36 դիմում այս տարվա չորս ամսվա ընթացքում) ցույց է տալիս, որ իրազեկման անբավարարության, ինչպես նաև իրավագիտակցության ցածր մակարդակի հետևանքով մարդիկ և կազմակերպությունները Պաշտպանին չեն դիմում: Հաճախ դիմումներն էլ վերաբերում են նյութական օգնություն կամ այլ բարեսիրական օժանդակություն ստանալուն, ինչը, ցավոք, իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում չէ:

Որպես անհատական գործերով պաշտպան` ես լիազորված եմ պետական մարմինների կողմից քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և արդարացի շահերի խախտման դեպքերում այդ մարմիններից (հարկային, մաքսային, աշխատանքի տեսչության, սոցիալական ապահովության և այլ գերատեսչություններ) պահանջել խախտված իրավունքների վերականգնում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter