HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաեւ լրատվամիջոցները

Մարտի 1-ին նախագահ Քոչարյանի` արտակարգ դրության մասին հրամանագրի հրապարակումից հետո հայաստանյան լրատվական դաշտում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ: Հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:

Մարտի 2-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի։ Նույն գիշեր տպարան տարված որոշ թերթերի («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն») նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը։ Մի շարք ինտերնետային թերթեր եւ կայքեր արգելափակվեցին, թերթերի մի մասն էլ չհրատարակվելու որոշում կայացրեց: Դրանցից մեկն էլ «168 ժամն» է: 

«Սա դիրքորոշում է որոշ լրատվամիջոցների կողմից, քանի որ հստակ չի տարանջատվում, թե որն է պաշտոնական եւ որը ոչ պաշտոնական տեղեկատվությունը,- ասում է «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:- Անիմաստ ենք համարում պարզապես ոստիկանության կամ դատախազության հաղորդագրություններն առանց հակառակ կողմի դիրքորոշման հաջորդ օրը տպագրելը, որովհետեւ դրանք ամեն օր, ամեն ժամ հեռարձակվում են բոլոր հեռուստաալիքներով: Ինչու՞ անիմաստ տպագրական ծախս անենք»:

«168 ժամ»-ի կայքն, այնուամենայնիվ, աշխատում է: Կայքում տեղադրվում է պաշտոնական լրատվություն, հրապարակվել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ելույթներն ԱԺ-ում, ՍԴ-ում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների ելույթները:

«Չգիտեմ` ինչքանով են այդ ելույթները պաշտոնական համարվում, այնուամենայնիվ, դրանք հնչել են ԱԺ-ում, ՍԴ-ում եւ հստակ ինֆորմացիա են,- նշում է Ս. Սեյրանյանը` ավելացնելով, որ խմբագրությունը որոշ անդրադարձներ է քաղում նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումներից:

Հայաստանի լրատվական դաշտի ներկայիս վիճակի մասին «168 ժամի» գլխավոր խմբագիրն ասում է. «Որքան էլ սահմանափակումներ լինեն, ինֆորմացիան ճեղքում է պատը եւ տարածվում է: Փաստը` ինտերնետային կայքերը: Որքան էլ խանգարեն կամ արգելափակեն, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ կայքերը բացվում են, եւ ինֆորմացիայի հոսք լինում է: Միակողմանի լրատվություն գնում է տպագիր մամուլով եւ հեռուստաընկերություններով: Միայն այս միջոցներով ինֆորմացիա ստացողն այսօր զրկված է անաչառ, հավասարակշիռ տեղեկատվություն ստանալու, երկու կողմի տեսակետը լսելու հնարավորությունից: Այժմ, սակայն, ոչ միայն ինֆորմացիայի պակաս կա, այլեւ համատարած ապատեղեկատվություն է: Որոշ ընդդիմադիր կայքէջեր ծայրահեղ են, դիտմամբ որոշակի ինֆորմացիա է նետվում ցանց, ապատեղեկատվություն է տարածվում, եւ դա էլ շատ վատ է: Կեղծ լուրերի տարածումն ու զարգացումը տեխնոլոգիա է, բայց դա էլ իր վատ հետեւանքը կարող է ունենալ»:

«168 ժամ»-ի գլխավոր խմբագիրը շեշտում է մի փաստ, որը, ըստ նրա, մարտի 1-ի իրադարձությունների պատճառներից էր. «Լրատվամիջոցները հավասար ժամանակ չէին տրամադրում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներին: Եթե հեռուստաընկերությունները, տպագիր եւ էլեկտրոնային մամուլը կարողանային պահել այդ հավասարությունը, չէր լինի նաեւ մարտի 1-ը, որովհետեւ ինֆորմացիայի պակասից էր նաեւ, որ շատ մարդիկ գնում էին Ազատության հարապարակ` տեղեկատվություն ստանալու, տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ»:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը չի կարծում, թե կարելի էր առանց այդ 4-րդ ենթակետի արտակարգ դրություն հայտարարել, որովհետեւ «այդ դեպքում կարելի է ասել, որ զինվոր էլ չպիտի երեւար, քաղաք մտնող մեքենաները չպիտի ստուգվեին, այդպես եթե շարունակենք, ամեն ինչ էլ կարելի էր չանել: Այսինքն` ստեղծված դրության մեջ ես ուրիշ ելք չէի տեսնում»: Ֆարմանյանը նաեւ համոզված է, որ նախագահի հրամանագրի 4-րդ կետը «որեւէ բանով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային չի հակասում, դա երկրի ներքին օրենքն է»:

Ինչ վերաբերում է «ՀՀ»-ի աշխատանքներին, գլխավոր խմբագիրն ասում է, որ արտակարգ դրության պայմաններում թերթը ստիպված որոշ նյութեր չի տպում. «Աշխատում ենք պահպանել օրենքի պահանջը: Հիմա ավելի շատ անցել ենք ոչ քաղաքական` մշակութային, սոցիալ-տնտեսական թեմաներին: Տալիս ենք պաշտոնական ինֆորմացիա, մեկնաբանություններ չեն եղել: Նույնիսկ այն պահն է գալիս, որ ուզում ես մի բան ասել, բայց զսպում ես քեզ»:

Արտակարգ դրության սահմանափակ պայմաններում աշխատելը, ըստ Ֆարմանյանի, «այնքան էլ հաճելի չէ, բայց եթե օրենքի պահանջ է, պիտի ենթարկվես: Օրենքը մնում է օրենք»: «ՀՀ»-ի գլխավոր խմբագիրը չի կարծում, որ «եթե ընդդիմադիր լրատվամիջոցները պահպանեն օրենքի բոլոր դրույթները, որեւէ մեկը նրանց բան կասի»:

Ընդդիմադիր ԶԼՄ-ը պնդում են, որ իշխանություններն արտակարգ դրության հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետով լրատվական դաշտը միաբեւեռ են դարձրել, եւ ազատ կերպով մասսայականորեն հրապարակվում են բացառապես հակաընդդիմադիր նյութեր: Միակողմանիության մասին այս բողոքի վերաբերյալ Տ. Ֆարմանյանն ասում է. «Այդ դեպքում պետք է նաեւ բողոքեն, որ փողոցում զինվոր կա: Արտակարգ դրություն է, որը վերաբերում է բոլորին, այդ թվում եւ` ԶԼՄ-ին»:

Այս օրերին չի տպագրվում նաեւ «Առավոտ» օրաթերթը: Մարտի 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երեւանի վարչության աշխատակից Ռուբեն Հարությունյանն այցելել է «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին եւ հիշեցրել արտակարգ դրության հրամանագրի 4-րդ ենթակետի սահմանափակումների մասին: Ա. Աբրահամյանը հայտնել է, որ պատրաստվում են թերթը տպագրել սպիտակ էջերով: Հարությունյանը դրան դեմ է արտահայտվել` նշելով, որ դա քաղաքական ակցիա է: Միայն պաշտոնական լրատվություն ներկայացնելու փոխարեն Ա. Աբրահամյանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել «Առավոտի» տպագրումը:

Նման խնդրի առջեւ չի կանգնել «Գոլոս Արմենիի» թերթը: Վերջինիս գլխավոր խմբագրի տեղակալ Լեւոն Ղազարյանն ընդհանրապես կարեւորում է այն հանգամանքը, որ շատ-շատ հարցերում իրենց դիրքորոշումը տարբերվում է ընդդիմադիր թերթերի կեցվածքից: «Մենք 15 տարի ՀՀՇ-ի ամենահետեւողական հակառակորդն ենք եւ այսօր մեր դիրքորոշումը փոխելու առիթ չենք տեսնում, ընդհակառակը` մենք համոզված ենք, որ ճիշտ էինք, եւ վերջին դեպքերը հաստատում են մեր մեկնաբանությունները»,- ասում է Լեւոն Ղազարյանը: Նրա փոխանցմամբ` աշխատանքի կազմակերպման տեսանկյունից «ԳԱ»-ն գործում է սովորական ռեժիմով, իսկ բովանդակային առումով այլ է:

«Աշխատում ենք պահպանել պաշտոնական ինֆորմացիայի սահմաններում մնալու պահանջը»,- նշում է նա` խոստովանելով, որ թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանները, այդուհանդերձ, այնքան էլ հստակ չեն:

Լ. Ղազարյանի փոխանցմամբ` աշխատաոճի վերաբերյալ իրենք լրագրողներին ցուցումներ չեն տվել: Պաշտոնական հաղորդագրություններից զատ «Գոլոս Արմենիի»-ում տպվում են նաեւ մեկնաբանություններ, որովհետեւ «առանց դրա հնարավոր չէ եւ անիմաստ է թերթ հրատարակել»:

Նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու եւ հրամանագրով ԶԼՄ-ի աշխատանքում որոշակի սահմանափակումներ մտցնելու կետի վերաբերյալ «Գոլոս Արմենիի»-ի գլխավոր խմբագրի տեղակալն ասում է. «Նախագահն օգտագործել է Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքը»: Ըստ նրա` այլ հարց է, որ ընդդիմադիր լրատվամիջոցները տարբեր ձեւերով արտահայտել են իրենց բողոքն այդ առիթով. «Դա նրանց իրավունքն է: Ես նորմալ եմ վերաբերվում դրան, բայց ընթերցողի համար թերթի լույս չտեսնելը, իհարկե, լավ չէ»:

Լեւոն Ղազարյանը կարծում է, որ մենք այսօր գրաքննություն չունենք: Ըստ նրա` գրաքննության օրինակ է այն դեպքը, երբ տվյալ մարմինը թերթի հրատարակումից առաջ թույլ է տալիս կամ արգելում է տպագրել որեւէ նյութ. «Մենք նման բան չունենք: Պարզապես թերթերը ուսումնասիրվում են տպվելուց հետո, այնուհետեւ որոշում է կայացվում: Մենք հետաքրքրվել ենք, թե ինչ կլինի, եթե տպենք իրենց կարծիքով ոչ թույլատրելի մի նյութ: Մեզ ասացին` «եթե առաջին անգամ լինի, կնախազգուշացնենք, երկրորդ անգամ արդեն կտեսնենք»»:

Ղազարյանն ասում է, թե քաղաքականապես թերեւս ճիշտ կլիներ, որ ընդդիմադիր թերթերը տպեին իրենց քննադատական նյութերը եւ դուրս գային վաճառքի, որից հետո կփակվեին: Այդ դեպքում, սակայն, ըստ խմբագրի տեղակալի, «քաղաքականապես հստակ կլիներ, որ թերթերը փակվել են հենց այդ նյութերի պատճառով»:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդման եւ կայքի արգելափակման մասին «Գոլոս Արմենիի»-ի աշխատակիցն ասում է.««Ազատություն» ռադիոկայանը արտասահմանյան լրատվամիջոց է: Արտասահմանյան լրատվամիջոցը իրավունք չունի մասնակցել մեր ընտրական գործընթացներին: Նա ընդհանրապես իրավունք չուներ անդրադառնալ այդ խնդիրներին: Սա շատ մեղմ եմ ասում»:

Արտակարգ դրության հայտարարումից հետո արգելափակվել են նաեւ «Ա1+» եւ «Լրագիր» էլեկտրոնային թերթերը: Ըստ Լեւոն Ղազարյանի` եթե արգելափակումից առաջ կարգը խախտվել է, ապա օրենքի կիրառում է եղել, իսկ եթե լրատվական կայքերը կարգը չեն խախտել, ապա իրավապահների «շտապողականությունը սխալ էր, որովհետեւ դու շատ լավ գիտես, թե «Ա1+»-ն ինչ է ասելու: Սպասիր, թող խոսի»:

Հրամանագրի հրապարակումից հետո «Ա1+»-ը խոսել էր, բայց ոչ այն թեմայով, որը նրան փակելու առիթ կարող էր տալ: Սա փաստեց նաեւ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, որը մարտի 7-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց. «Շատ կայքերում, օրինակ` «Ա1+»-ի, նույն օրը, երբ արտակարգ դրություն հայտարարվեց, տեղեկատվություն կար, որ չեն տեղադրելու քաղաքական նյութեր, խոսելու են միայն սպորտի եւ մշակույթի մասին: Թերեւս թեմաներ չեն գտել: Կայքերի` փակ կամ բաց լինելու հարցով չեմ հետաքրքրվել, բայց տեղեկատվություն ունեմ, որ շատ լրատվամիջոցներ իրենք են հրաժարվում լույս տեսնել, որովհետեւ հրամանագրի համապատասխան դրույթը չեն կարողանալու պահպանել տարբեր պատճառներով»:

Ահա թե ինչ է ասում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը. «Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրության մասին, «Ա1+»-ի կոլեկտիվը որպես նորմալ երեւույթ ընդունեց նախագահի ինստիտուտի եւ ոչ թե կոնկրետ անձի որոշումը: Մենք կայքում տեղադրեցինք հայտարարություն այն մասին, որ տվյալ իրավիճակում պարտավոր ենք միակողմանի աշխատանք վարել, ինչը, իհարկե, չենք ուզում: Այսօր այդ հայտարարությունը շահարկվում է երկրի ղեկավարության կողմից, իբր թե հենց ինքը` «Ա1+»-ը, այսպես ասած, օրինապաշտ կերպով ընդունել է հրամանագիրը եւ անջատել է իր կայքը: Սակայն մենք ունենք փաստաթղթեր եւ հաստատումն այն մտքի, որ «Ա1+»-ի կայքն անջատվել է բոլոր պրովայդերներին արված հրահանգով: Ավելացնեմ, որ մեր կայքը ոչ միայն անջատվել է, այլեւ ինտերնետից ընդհանրապես ջնջվել է նրա հասցեն»:


«Ա1+»-ի տնօրենը հավաստում է, որ այժմ Հայաստանում առկա է ինֆորմացիոն վակուում, ինչն ունենալու է իր վատ հետեւանքները. «Գործող ղեկավարությունը խեղդվելու է վակուումի մեջ, որովհետեւ ժողովրդին հասնող ինֆորմացիան, լիովին տարբերվելով նրանց տեղեկատվությունից, հակասության մեջ է մտնում եւ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում: Իշխանությունները դրա հետեւանքներն ավելի ուշ նորից բարդում են հակառակ կողմի վրա, սակայն դա երկար չի կարող տեւել: Այս վակուումային վիճակը մոտեցնում է իշխանության պաշտոնանկության պահը: Գործող իշխանություններն աշխատում են կոպիտ, բռի ուժի մեթոդներով: Այդպես են նրանք ուզում փոխել մարդկանց միտքը: Բայց բռի ուժով մարդկանց միտքը միայն պայծառանում է: Դա հասկանալու համար մի քիչ խելք է պետք»:

Ամեն դեպքում, «Ա1+»-ն այսօր շարունակում է աշխատել, կուտակում է ինֆորմացիան, որի մի մասն էլ տարբեր ձեւերով սփռվում է աշխարհով մեկ: Մեսրոպ Մովսեսյանը կարեւորում է հետեւյալ փաստը. «Այդ ինֆորմացիան իր մեջ պարունակում է անաչառություն, իսկ դրանից հետեւություններ անելն արդեն կարդացողի մոտեցման խնդիրն է, մենք ընթերցողի վզին ոչինչ չենք փաթաթում: Եթե մեզ ինչ-որ չափով մեղադրում են կոչեր անելու մեջ, ապա ես ինֆորմացիան որպես կոչ երբեք չեմ ընդունել: Եթե կա ինֆորմացիա, այն անպայման պետք է տեղ հասնի»:

Մ. Մովսեսյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր էր առանց 4-րդ ենթակետի հրամանագիր հրապարակել. «Խոսքի ազատություն հասկացություն գոյություն ունի, օրենքը նախատեսում է մամուլի աշխատանքն արտակարգ իրավիճակների ժամանակ... Ձեւավորվել է միաբեւեռ դաշտ, որը գիշեր ու զօր միայն մի գործով է զբաղված` լվանալ-մաքրել մեր իշխանավորների դեմքը»:

«Ա1+»-ի տնօրենի համոզմամբ` «վերջին 7-8 տարիներին Հայաստանի լրատվական դաշտում նորմալ վիճակ չի եղել եւ չի էլ նախատեսվում, քանի որ այստեղ ժողովրդի հետ աշխատում են միայն բռի ուժով եւ ինֆորմացիոն միակողմանի դաշտը ուզում են երկար պահել: Բայց պատմությունը ցույց է տվել, որ ուժով երբեք պետություն չի կայանում, ուժով երբեք չես կարող կառավարել»:

Իշխանամետ ԶԼՄ-ի, նրանց տարածած լրատվության ու այսօրվա միաբեւեռ դաշտի մասին փակված լրատվամիջոցի տնօրենն ասում է. «Երբ լրատվությունը մի կետից է դուրս գալիս եւ մի քանի կետերով սփռվում է, դա չի նշանակում, որ կան լրատվամիջոցներ: Կա մի կետ, որն ունի իր ամբիոնները: Քանի այդպիսի վիճակ է, ինձ թվում է, որ լրատվական դաշտում ոչինչ չի փոխվի: Երբ քաղաքական զարգացումները տեղի են ունենում մի ուղղությամբ եւ ցուցադրվում են մյուս ուղղությամբ, այդ հակասությունը լրատվական դաշտին երբեք չի թողնի զարգանալ, ընդհակառակը` դա մահացնում է լրատվությունը»:

««Մենք պարտադրված հացադուլի մեջ ենք»,- ես այսպես եմ բնութագրել հայ լրագրողներիս վիճակը եվրոպացի մի գործընկերոջ: Նա ինձ հարցրեց` իսկ ի՞նչ եք անում դուք` լրագրողներդ: Պատասխանցի` այն, ինչ որ դուք կանեիք: Մի կողմից` ենթարկվում ենք օրենքին, մյուս կողմից` պայքարում դրա դեմ: Սակայն առայժմ արդյունք չունենք,- ասում է «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:- Մեր դիմաց ասես «լցրել են» ամեն տեսակ ուտեստներ, սակայն արգելված է նույնիսկ նայել դրանց ուղղությամբ: Մեզ պարտադրում են ձայն չհանել, չխախտել օրենքը: Իսկ օրենքը, պարզվում է, վերաբերում է միայն մի կողմին: Դժբախտաբար, այն լրատվամիջոցները, որոնց «թույլատրված է գրել ամեն ինչ», իրականում շարունակում են իրենց բնականոն աշխատանքը: Արտակարգ դրությունը նրանց վրա չի տարածվել: Նրանց ոչ ոք չի խանգարում, նրանք կարիք չունեն ինչ-որ հրահանգներ կատարել: Տրամաբանությունը հուշում է, որ նախ եւ առաջ այդ լրատվամիջոցները պետք է մտածեին անհավասարությունը վերացնելու մասին: Ցավոք, նրանք դրա անհրաժեշտությունը չեն զգում:

Երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ այսօր համարում եմ լրատվամիջոցները, որոնք դարձել էին իշխանության եւ քաղաքական ուժերի գերին: Նախընտրական եւ ետընտարկան շրջանում լրատվամիջոցները քաղաքականացվեցին մինչեւ վերջին պտուտակը` բաժանվելով թշնամական ճամբարների: Հանրային հեռուստատեսությունը ղեկավարում էր այդ շքերթը: Այն հասարակության պառակտման եւ բեւեռացման առաջամարտիկն էր եւ այսօր էլ շարունակում է մնալ նույնը` իր հետեւից տանելով մյուս հեռուստաընկերություններին: Եւ վիճակը չի փոխվի, քանի դեռ այդ հեռուստաընկերությունները քաղաքականապես ակտիվ հասարակության մի հատվածին ընկալում են որպես թշնամի»:

Արտակարգ դրության 12-րդ օրը 13 լրատվամամիջոցների ղեկավարներ հայտարարությամբ հանդես եկան` արձանագրելով, որ «ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը»: Իշխանությունների այս քայլը որակելով որպես տեղեկատվական տեռոր` նրանք հայտարարել են. «...այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը։ Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ»:

Լրագրողները պատրաստվում էին արտակարգ դրության մասին հրամանագրի` ԶԼՄ-ի իրավունքների սահմանափակման դրույթը բողոքարկել Սահմանադրական դատարան եւ նյութական փոխհատուցում պահանջել հարկադիր պարապուրդի հետեւանքով կրած կորուստների համար: Սակայն մարտի 13-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` ուժը կորցրած ճանաչվեց արտակարգ դրության մասին հրամանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետը` «Առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում»:

Նույն հրամանագրով 4-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում է ԶԼՄ-ի սահմանափակումներին, վերաշարադրվեց հետեւյալ կերպ. «Արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման, ապօրինի միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

Այս հրամանագրից հետո չտպագրվող, հիմնականում ընդդիմադիր թերթերը որոշեցին մտնել տպարան: Սակայն «Տիգրան Մեծ» եւ «Գինդ» տպարաններում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելել են թերթերի տպագրումը:

«Հայկական ժամանակ», «Հայք», «Հրապարակ», «Չորրորդ իշխանություն» եւ «Ժամանակ Երեւան» թերթերը մերժում են ստացել «Գինդ» տպարանում, որտեղ ԱԱԾ-ի աշխատակիցը որեւէ հիմնավորում չի ներկայացրել: «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հայտնեց, որ ԱԱԾ-ի աշխատակիցը պարզապես ասել է. «Թերթը չպետք է լույս տեսնի»:

Նույն պատասխանն է տրվել նաեւ մյուս թերթերին: «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Այդին Մորիկյանի տեղեկացմամբ` թերթի աշխատակիցները փորձել են իմանալ, թե ո՞րն է մերժման պատճառը: ԱԱԾ-ի աշխատակիցը ոչ բանավոր, եւ ոչ էլ գրավոր հիմնավորում չի տվել: Մորիկյանի ներկայացմամբ` այս ամենից հետո իրենք կսպասեն մինչեւ արտակարգ դրության վերացումը:

«Հայկական ժամանակի» պատասխանատու Հայկ Գեւորգյանը չբացառեց մյուս շաբաթ նորից տպարան մտնելը:

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը պատմեց, որ «Տիգրան Մեծ» տպարանում ԱԱԾ-ի աշխատակիցը նայել է թերթի համարի պարունակությունը, որտեղ, մասնավորապես, եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսները եւ մեկ ռեպորտաժ հիվանդանոցից: Վերջինիս հերոսը պատմել է, որ Օպերայի հրապարակի հարեւանությամբ 10 ոստիկան հարձակվել են իր վրա եւ անտեղի ծեծել: «Առավոտը» ռեպորտաժի հետ տեղադրել էր նաեւ այդ մարդու նկարը: ԱԱԾ-ի աշխատողն այդ նյութերը համարել է «բացահայտ սուտ» եւ արգելել տպագրումը: Արամ Աբրահամյանի կարծիքով` նախագահի հրամանագրում արված փոփոխությունն «անիմաստ մի բան էր»: «Առավոտը» նույնպես կսպասի արտակարգ դրության ռեժիմի վերացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter