HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նինոծմինդայից մինչեւ Հայաստանի սահման ճանապարհը դժվարանցանելի է

Նինոծմինդա-Հայաստան սահմանային ճանապարհի 24 կմ հատվածը դժվարանցանելի է տարվա բոլոր եղանակներին: Ջավախքցիները բողոքում են ոչ միայն ճանապահի վիճակից, այլ նաեւ հայ-վրացական սահմանի անցակետերից:

Ախալքալաք-Երեւան միջպետական ավտոմայրուղին կառուցվել է 1960-ականներին: Վերջին անգամ այն մասնակի վերանորոգվել է 1996-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ($250,000): 

Ախալքալաք-Երեւան միջպետական ավտոմայրուղին կառուցվել է 1960-ականներին: Վերջին անգամ այն մասնակի վերանորոգվել է 1996-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ($250,000):

«Հայաստան-Վրաստան» հյուսիսային ավտոճանապարհը Վրաստանի հետ լրացուցիչ կապի միջոց լինելուց բացի, մեծ նշանակություն ունի նաեւ Վրաստանի հայաշատ Նինոծմինդա եւ Ախալքալաք շրջանների զարգացման համար։ Սակայն ճանապարհն այսօր գրեթե անանցանելի է:

«Ծնողներս էնտեղ են, 34 տարի ա էդ ճանապարհով անցնում եմ, նույն քարուքանդ վիճակն ա, մինչեւ հասնում ես, կյանքիդ կեսը գնում ա: Օրը հազար մարդ ա անցնում էդ ճամփով: Ո՛չ Վրաստանն ա մտածում էս մասին, ո՛չ էլ Հայաստանը»,- ասում է վաղուց Հայաստանում ապրող Նազելի Կարապետյանը:

«Տղաս Երեւանում ուսանող ա, երկու տարի ա չեմ գնում: Ամռանը փոշու մեջ ես կորում, ձմռանն էլ կամ ճամփին ես մնալու, սառես, կամ էլ մեքենան հրելով գնաս: Որ թվին ասֆալտ լինի, այն ժամանակ կգնամ»,- դժգոհում է Ախալքալաքի բնակչուհի Մարինա Շահբեկյանը:

Գոհար Աղաջանյան, Ախալքալաքի բնակչուհի. «Նոր տարուց առաջ էր, հասանք համարյա սահմանին, առաջ չկարողացանք գնալ, ձյունը մաքրած չէր: Մեր մեքենան մի տասը հոգով շրջեցին, հետ եկանք: Քեռիս ինքնաթիռի թռիչքից ուշացավ, տոմսը հետ տվեց ու 50 տոկոս տուգանք մուծեց»:

Անուշ Ավագյան, Ախալքալաքի բնակչուհի. «Ինչքան ես ինձ հիշում եմ, այդ ճանապարհով անցել եմ ու ամեն անգամ րոպեներ հաշվել, թե երբ եմ Հայաստանի սահմանին հասնելու: Վերանորոգման մասին խոստումներ ամեն տարի լսում ենք, բայց միայն լսում»:

Ախալքալաք-Երեւան ճանապարհի այդ հատվածը Վրաստանի միակ անմխիթար միջպետական ճանապարհն է:

«Մենք մեր ուժերով նորոգել չենք կարող, շրջանի ամբողջ բյուջեն էլ չի հերիքի: Մեր գյուղամիջյան ճանապարհներն ավելի վատթար վիճակում են, հազիվ դրանք ենք հողով հարթեցնում: Իսկ ղեկավարությունն այսքան տարիների քննարկումներից հետո միայն Ախալքալաք-Ասպինձա հատվածը նորոգեց` ընդամենը 22 կմ»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահ Խաչիկ Այվազյանը:


«Մեր գծի վարորդները զզվել են մեքենա նորոգելով, չկա մեկը, որ տուժած չլինի: Սահմանի էն 24 կմ-ը հազիվ մեկուկես-երկու ժամում են անցնում: Էլ չեմ ասում բուքերի ժամանակ, որ օրերով մնացել են ճամփին: Էդ մի ճամփան է, այն էլ` շան օրի»,- բողոքում է Ախալքալաքի ավտոկայարանի տնօրեն Լյովա Կարապետյանը:

Տարբեր ատյաններում մի շարք հանդիպումներից ու քննարկումներից հետո ճանապարհի վերանորոգումը Վրաստանի կառավարությունը որոշել է իրականացնել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցներով:

«Ռեգնում» ռուսական գործակալությունը տեղեկացրել է, որ այդ նպատակով Հիմնադրամը տրամադրել է 295 մլն դոլար` Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի անանցանելի հինգ ճանապարհահատվածների նորոգման համար: Այդ գումարից 102 մլն դոլարը բաժին է ընկնում Նինոծմինդա-ՀՀ սահման հատվածին եւ Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի տնտեսական բաժնի ղեկավար Շիրվան Շիրինյանը տեղեկացնում է, որ ըստ պայմանագրի` տարածաշրջանում վերականգնվելու է 245 կմ ճանապարհ. «Այս նախագծի նպատակն է Սամցխե-Ջավախքի ճանապարհատրանսպորտային ցանցի զարգացումը, որ տարածաշրջանում առեւտրային գործունեությունն ակտիվանա»:

Աշխատանքների սկիզբը նախնական պայմանագրով նախատեսված էր 2007-ի օգոստոսին, ավարտը՝ 2009-ի աշնանը: Նախագծի բյուջեն կազմվել է գերմանական «Kocks Consult» կազմակերպության կատարած ուսումնասիրությունների համաձայն, որի համար վճարվել է 3.196 մլն դոլար: Կազմակերպությունը պատրաստել է բոլոր հինգ ճանապարհների վերանորոգման վերջնական նախագիծը:

«Իմ ունեցած տվյալների համաձայն` նախատեսված ժամկետում չսկսեցին աշխատանքները, որովհետեւ շինարարական ընկերության համար մրցույթը հայտարարվել էր մինչեւ 2007-ի դեկտեմբերի կեսերը: Տեղյակ չեմ` ով է մրցույթը շահել, բայց հենց եղանակը տաքանա, հավանաբար մայիսից, կսկսեն աշխատել»,- հավաստիացնում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը:

Ախալքալաք-Երեւան երթուղու վարորդ Արթուր Ջեյրանյանն ամեն օր է անցնում այս ճանապարհով. «Մի քանի հարյուր կգ մանդարին, նարինջ կամ էլ կարտոֆիլ տեղափոխելու համար այնքան հարկ ու տուրք են ուզում, որ իմաստ չի ունենում դա Երեւան հասցնելը: Գիտե՞ք քանի հոգու են հետ դարձնում, որ սահմանված չափով չեն կարողանում մուծել: Ծանր հիվանդ թոշակառուն գնում է բուժվելու եւ, ասենք, հին անձնագիրն ունի միայն, հետ են ուղարկում կամ էլ անձնագրի գնից էլ շատ գումար գանձում: Էս անցակետերի նոր շենքերն էլ, որ սարքում են, ժողովրդին չարչարելու համար է»:

Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի նախագահ Խաչիկ Այվազյանը խորապես համոզված է, որ հայ-վրացական հարաբերությունները գնալով կբարդանան, իսկ արդյունքում միայն Ջավախքը կտուժի:

«Ես շատ դժգոհ եմ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների` Ջավախքի նկատմամբ վարած այսօրվա քաղաքականությունից: Օրինակ` սահմանի հետ կապված խնդիրները հերիք են, որ կշտանանք: Կարծում եմ, որ եղբայր-պետությունների միջեւ նմանատիպ սահման չպետք է լինի: Այդ անցակետերը թափանցիկ պետք է աշխատեն, հատկապես հայկական կողմը, որովհետեւ ախալքալաքցիներն ավելի շատ ընդհարվում են այնտեղ,- դժգոհում է Խ. Այվազյանը,- մենք ի՞նչ պակաս հայեր ենք, որ արհամարհական վերաբերմունքի ենք արժանանում մայր պետությունից, հազար ու մի խնդիր ունենք միասին լուծելու»:

Իր պաշտոնավարության ընթացքում պարոն Այվազյանը մեկ անգամ է Ջավախքում հանդիպել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, զրուցել մի քանի խնդիրների շուրջ: Պայմանավորվել են առկա խնդիրները Երեւանում նախագահի հետ քննարկել, բայց առ այսօր նա այդ հրավերին է սպասում:

«Նախագահական ընտրություններից հետո էլ չեմ սպասի, կդիմեմ նոր նախագահին: Կարծում եմ, որ ով էլ ընտրվի, անպայման լեզու կգտնենք, եւ մեր շատ պասիվ հարաբերություններն այլ ընթացք կստանան»,- համոզված է Խաչիկ Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter