HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կարգը բարդացրել է մեքենաների տեխզննումը

ՀՀ կառավարությունը հանրապետության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործը 2008 թ. հունվարի 7-ից ՀՀ ոստիկանության տարածքային բաժինների ՃՊԾ- ներից հանձնել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությանը, որն էլ այն սկսել է իրականացնել մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների միջոցով:

Արդյունքում ծառայությունը կենտրոնացվել է հանրապետության մարզկենտրոններում` հեռավոր սահմանամերձ համայնքների տրանսպորտային միջոցներ ունեցող բնակիչների համար ստեղծելով դժվարություններ: Այս եւ այլ ծառայություններ Վանաձորում կենտրոնացնելու կապակցությամբ ակնհայտ դժգոհություններ կան Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների եւ Ալավերդու բնակչության շրջանում: 

«Օրերս մեր կազմակերպության ավտոդպրոցի վարորդների ցուցակը ստորագրվեց ՀՀ ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի Ալավերդու ջոկատի հրամանատար Դավիթ Կիրակոսյանի կողմից, բայց գրությունը կնքելու համար ստիպված Ալավերդուց տարանք Վանաձոր: Բնականաբար, դա ավելորդ ժամանակ եւ ֆինանսական միջոցներ խլեց մեզանից, մինչդեռ ցանկացած ծառայություն արդյունավետ է, եթե այն կատարվում է արագ, էժան եւ որակով, որը, ցավոք, մեզանում դեռեւս չի արժեւորվում: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների տեխզննումը Ալավերդուց Վանաձոր տեղափոխելուն, կարծում եմ` սահմանամերձ Ջիլիզայից կամ թեկուզ հենց Ալավերդուց տրանսպորտային միջոցներն այդ նպատակով Վանաձոր հասցնելը մարդկանց պարտադրում է լրացուցիչ ծախսեր, որը չի խոսում աղքատ բնակչության նկատմամբ ծառայությունը մատուցողի բարոյական վերաբերմունքի մասին, մանավանդ որ ավտոմեքենա կամ այլ փոխադրամիջոց ունենալը Հայաստանում դեռեւս նյութական ապահովվածության երաշխիք չէ»,- ասաց ԴՈՍԱՖ-ի Ալավերդու տարածքային կազմակերպության նախագահ Գառնիկ Իսրայելյանը:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության տրանսպորտային միջոցների տեխզննության մրցութային հանձնաժողովը մրցույթին մասնակցող ծառայություններ մատուցող կազմակերպություններին հաղթող ճանաչելիս ակնհայտորեն հաշվի չի առել բնակչության` արդյունավետ եւ որակյալ ծառայություն ապահովելու պահանջը, մինչդեռ լրատվամիջոցներով (տեգս «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերը, 18.01. 2008թ.) բնակչությանն օպերատիվ կերպով տեղեկացրել են է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների մասին:

Մրցույթի հաղթող կազմակերպությունների ու նրանց հիմնադիրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մեր հարցումներին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը հրաժարվեց պատասխանել:

«Մենք իրավուք չունենք հիմնադիրների ազգանունները հրապարակելու»,- ասաց ծառայության աշխատակցուհին:
Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը մարզում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության հետագա գործունեության մասին զրուցելիս նախ պահանջեց անջատել ձայնագրիչը, ապա ամբարտավան տոնով ասաց, որ մրցույթին Լոռու մարզպետարանը չի մասնակցել, քանի որ դրա իրավունքը պատկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, մարզում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման իրավունքը մրցութային կարգով շահել է «Սիարվի» ՍՊԸ-ն, որի տնօրենի անունը, ըստ Վարդան Գեւորգյանի, Վիկտոր Պետրոսյան է:

Մեր` «Ճի՞շտ են, արդյոք, մարզում շրջանառվող այն լուրերը, որ «Սիարվի» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին» հարցը հավասարակշռությունից հանեց Վարդան Գեւորգյանին: Միայն ձայնագրիչն անջատելուց հետո նա հանգստացավ եւ ասաց. «Ավտոմեքենաների պետհամարանիշներն էլ են համայնքների վարորդները Վանաձորից ստանում, եթե, ասենք, ամեն քաղաքում մի հատ օվիր լիներ, ճիշտ կլինե՞ր,- հարցրեց նա եւ արունակեց,- պահանջվող շատ թանկ սարքավորումները ամեն տեղ հնարավոր չէ դնել, այդ պատճառով ծառայությունը կենտրոնացված է Վանաձորում»:

Թե մարզում քանի՞ հաշվառված տրանսպորտային միջոց կա, եւ ինչպե՞ս է դրանց տեխնիկական զննությունը նախատեսում իրականացնել «Սիարվի» ՍՊԸ-ն, մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետը տեղյակ չէր: Վանաձորում դեռեւս շատերը չգիտեն «Սիարվի» ՍՊԸ-ի գրասենյակի հասցեն: Հարցումներից պարզվեց, որ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ոչ թե Վիկտոր Պետրոսյանն է, ինչպես հայտնեց Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը, այլ Վոլոդյա Լոքյանը, որի ազգակցական կապը ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ, թերեւս, ակնհայտ է:

Պարոն Վ. Լոքյանը մեր հեռախոսազրույցի ընթացքում խուսափեց հայտնել «Սիարվի» ՍՊԸ-ի գրասենյակի հասցեն, սակայն ասաց, որ ՍՊԸ-ն աշխատում է 2008 թ. հունվարի 17-ից: Հիմնադիրների մասին խնդրեց չհարցնել: «Հիմնադիրները Ձեզ հետաքրքիր չեն, դա հրապարակելու բան չէ, մարդիկ ստեղծել են, մենք էլ աշխատում ենք»,- նեղսրտեց նա ու բացատրեց, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման թանկ կայանը լիցենզիայով են շահել, Լոռու մարզի առանձին տարածաշրջաններում մասնաճյուղեր բացելը դեռ երկու տարի հնարավոր չէ, 2008 թ. էլ հաստատ չի լինի: Թե մարզում քանի՞ տրանսպորտային միջոցի է սպասարկելու «Սիարվին», գործադիր տնօրենը դարձյալ տեղյակ չէր: Ասենք` դա կարեւոր էլ չէ: Հայաստանում կարեւորը պետական չինովնիկների բիզնեսի ծաղկումն է, ոչ թե բնակչության քաղաքակիրթ սպասարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter