Սոլակում գազատարի վթարը տարեց կնոջը զրկեց կյանքից
Փետրվարի 15-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում բնակվող 82-ամյա Արեւհատ Գալստյանի հարազատները լուր ստացան, որ կենցաղային գազի հետեւանքով տանը պայթյուն է եղել, եւ տանտիրուհին այրվածքներ է ստացել: «Վեր ա կացել, որ գազը վառի, միանգամից գմփացել ա: Մենք եկանք, լրիվ վառված էր, տանն էլ ոչ մի բան չէր մնացել օգտագործելու»,- պատմեց դուստրը` Արաքսյա Գալստյանը:
Պայթյունի մասին տեղյակ են եղել թե համայնքապետը, թե «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները: Սակայն «մեծ աղմուկ» չեն բարձրացրել, քանի որ այված են եղել ընդամենը Ա. Գալստյանի ձեռքերը: Հարազատները խոստովանեցին, որ իրենք էլ կարծել են, թե պատճառը ծեր կնոջ անփութությունն է եղել: Համայնքապետարանի աջակցությամբ շատ արագ վերանորոգվել է տունը, այնտեղ են տեղափոխել Արեւհատ Գալստյանին, իսկ դուստրը, քույրն ու թոռը մնացել են նրա մոտ` հիվանդին խնամելու:
Ա. Գալստյանի վերքերը դեռ չէին լավացել, երբ երկրորդ պայթյունը տեղի ունեցավ: «Առավոտ շուտ ասաց` մրսում եմ: Վեր կացա, պլիտան վառեցի, 5 րոպե չէր անցել` միանգամից կայծակի նման խփեց»,- պատմեց դուստրը: Այս անգամ արդեն գազի պայթյունից տուժել էր 4 մարդ: Այրվել էր նաեւ տան կահ-կարասին:
Երկրորդ պայթյունի մասին լուրն էլ շատ շուտ հասել էր համայնքապետարան եւ սպասարկող ձեռնարկություն: «Գազի գրասենյակից եկան, ասեցին` «լեվի գիծ» ունեք: Խոսակցություններից հետո ուզում էին դուրս գալ, երբ Ռուբիկը (ներկայացուցիչը) ասաց` սպասեք, մի անգամ էլ ստուգեմ: Թուղթը վառած ամբողջ տան մեջ ման եկավ: Հասավ վերջին սենյակը, ու բոցը միանգամից խփեց»,- պատմեց Ա. Գալստյանի դուստրը:
Այդ ամենից հետո միայն «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները ենթադրություն էին արել վթարների իրական պատճառը: Տանից 5 մ հեռավորության վրա` փողոցով այն կողմ, մոտ 2 մ խորության վրա գետնի տակով անցնում է գազի խողովակը, որը գազ է մատակարարում ավելի քան 250 տնտեսության: Ամենայն հավանականությամբ, այն վնասվել էր, եւ այլ ճանապարհ չունենալով` գազը դուրս էր եկել Ա. Գալստյանի տան` փողոցի հարեւանությամբ գտնվող պատի ճեղքից ու ներս լցվել: Մեզ այսպես բացատրեցին հարազատները:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Կոտայք գազ» ԳԳՄ պետ Գագիկ Փիլիպոսյանը չժխտեց, որ վթարի պատճառը վնասված խողովակն է եղել: «Գազատարների 70 %-ն այսօր անցնում է գետնի տակով, ողջ ցանցը հնարավոր չէ վերգետնյա անել»,- բացատրեց Գ. Փիլիպոսյանը` նշելով, որ Սոլակը 20-30 տարի առաջ է գազաֆիկացվել, բնականաբար, խողովակները հին են, սակայն իրենք պարբերաբար ստուգումներ են իրականացնում: «Վթարից 10 օր առաջ մասնագետները ստուգել են, ոչ մի բան չկար: Այն ժամանակ չի եղել, բայց 5 օր առաջ եղել է: Ես հո Նոստրադամու՞սը չեմ»,- ասաց պետը` խողովակի վթարը «հիմնավորելով» տարբեր հանգամանքներով:
Գազատարի ստուգումների մասին համայնքապետ Բադալ Սարգսյանը ոչինչ չհիշեց, բայցեւ չբացառեց այն: Միաժամանակ նշեց. «Մենք չենք իմացել, բայց գոնե էդ թաղի բնակիչները կիմանայի՞ն»: Երկրորդ պայթյունից հետո համայնքապետն անձամբ էր «ՀայՌուսգազարդի» տեղի մասնաճյուղին դիմել, ներկայացրել հիվանդների վիճակը: «Ասացի` մարդիկ վատ վիճակում պառկած են, գոնե նյութական աջակցություն ցույց տվեք, իրենք թե` մենք ոչ մի բան էլ չենք տալիս, տարեք հիվանդանոց, ինչ ծախսեր կլինի` մենք կանենք»,- պատմեց Բ. Սարգսյանը:
Համայնքապետն անձամբ էր 4 տուժածներին հիվանդանոց տեղափոխել, սակայն հաջորդ օրը Արեւհատ Գալստյանը հիվանդանոցում մահացել էր: Մահվան հիմնական պատճառը սիրտ-թոքային անբավարարությունն էր, սակայն այն պայմանավորված էր նաեւ դեմքի, նախաբազուկների, դաստակների ու սրունքների 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներով: Դստեր խոսքով` մայրը դեռ մի քանի տարի կապրեր, եթե այդ երկու` միմյանց հաջորդող ցնցումները չլինեին: Դա նաեւ բժշկի գնահատականն էր եղել:
Թեեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Կոտայք գազ» ԳԳՄ պետի հետ հանդիպման ժամանակ մեզ արդեն հայտնի էր, որ մահվան անմիջական պատճառն այրվածքները չեն եղել, սակայն վերջինս երեւի թե ինքնապաշտպանության նպատակով որոշեց հայտարարել, թե «էդ կինն արդեն մահամերձ էր, ու հարազատներն էլ կողքին էին նրան հրաժեշտ տալու նպատակով»: Ասվածին հակադրվեց համայնքապետը. «Ո՞նց կարող էին էդպես ասել, եթե էդ մարդը տանը առողջ պառկած է եղել: Ես զրուցել եմ հետը, նորմալ վիճակում ա եղել: Նրա վիճակը վատացավ երկրորդ պայթյունից հետո»:
Փետրվարի 19-ին, առավոտյան 7.00-7.30 սահմաններում տեղի ունեցած գազի պայթյունի հետեւանքով, Արեւհատ Գալստյանը, դուստրը` Արաքսյա Գալստյանը, քույրը` Մայրանուշ Գալստյանը եւ թոռը` Հովհաննես Բոզինյանը ստացան տարբեր աստիճանի այրվածքներ: Այրվեց տան կահ-կարասին, հագուստները: Թեեւ առայժմ նախաքննություն է տարվում, սակայն արդեն ուրվագծված է վթարի պատճառը` վնասված գազատար: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Կոտայք գազ» ԳԳՄ պետին այս պատմության մեջ ավելի շատ զայրացրել ու մտահոգել է Արեւհատ Գալստյանի հարազատների` վնասները փոխհատուցելու «չափազանց մեծ պահանջները»: «Տունն ու ապրանքը թանկ են գնահատում»,- ասաց նա: Այդ իսկ պատճառով վերջինս որոշել է տուժածներին ձեռք մեկնել միմիայն դատարանի կայացրած վճռից հետո:
Կոտայք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել