HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Առաջին նամականիշերի վրա միայն «Հ» տառն էր հայկական

Վերջապես նրան հաջողվում է համոզել փոստային բյուրոկրատներին, եւ 1840 թ. մայիսին Լոնդոնի փոստային բաժիններում հայտնվում են առաջին նամականիշերը` Վիկտորիա թագուհու պատկերով: Աշխարհում առաջին նամականիշը կոչվում է «սեւ պենի», քանի որ այն տպագրվում էր սեւ ներկով եւ արժեր մեկ պենի: Այն աշխարհում ամենաթանկ եւ ցանկալի նամականիշն է ֆիլատելիստների համար:

Առաջին հայկական նամականիշերը «ցարական» էին

Երբ 1918 թ. հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Հայաստանը չուներ իր նամականիշը: Բայց փոստային պահեստներում մնացել էին ցարական Ռուսաստանի նամականիշերը. դրանք էլ հենց դրվեցին շրջանառության մեջ: 1919 թ., որպեսզի նամականիշերը որոշ չափով դառնան «հայկական», որոշվեց ցարական նամականիշերի վրա թանաքով դրոշմել «Հ» տառը: 1921 թ. պահեստներում եղած ռուսական կայսրության նամականիշերն արդեն վերջացել էին, եւ պետք էր տպել նորը: Որոշակի աշխատանքներ այդ ուղղությամբ արվեցին, բայց արդեն ուշ էր. ֆիլատելիստների լեզվով ասած` հայկական նամականիշերի պատմության մեջ սկսվեց «Սովետական Հայաստանի» թեման:

Հայաստանում կան ֆիլատելիստներ, որոնք ունեն թանկարժեք եւ բացառիկ հավաքածուներ: Նկարիչ Արտաշես Թարումյանն իր «Առաջին հանրապետության» հավաքածուն հավաքել է 1967-ից: Նա բազմիցս դիմել է կառավարությանը` թանգարան բացելու առաջարկով, որտեղ կցուցադրվեր Հայաստանում բացառիկ հավաքածուն, բայց նրա առաջարկը մնացել է անպատասխան: Իհարկե, նա չի պատրաստվում այն անհատույց նվիրել պետությանը, քանի որ շատ գումար եւ ջանք է ներդրել այն հավաքելու համար, բայց, գիտակցելով դրանց ազգային նշանակությունը, չի ցանկանում պահել տանը:

«Շատերը չեն հավատում, ասում են` կեղծ է, բայց ես իմ նկարների վաճառքից ստացած գումարներով էի գնում նոր նամականիշեր` հավաքածուն լրացնելու համար, ինչպե՞ս կարող էի իմ աշխատանքով վաստակած գումարը կեղծ թղթերի վրա ծախսել, ի՞նչ իմաստ ուներ»,- ասում է նկարիչ-ֆիլատելիստը:

Առաջին հայացքից անմեղ թվացող նախասիրությունը նրան ստիպել է երբեմն հազարավոր կիլոմետրեր անցնել պակասող նամականիշը ձեռք բերելու համար:

Ֆիլատելիայի ոլորտում Արտաշես Թարումյանին ճանաչում են որպես հայկական ֆիլատելիայի փորձագետ: Տարբեր երկրներում նրան դիմում են նամականիշերի փորձաքննություն անելու համար, քանի որ շատ հաճախ ինչպես թղթադրամների, այնպես էլ նամականիշերի դեպքում հանդիպում են կեղծված տարբերակներ:

«Ժամանակին ես չվաճառեցի փոստով անցած նամականիշերը եւ սկսեցի գնել կեղծվածները` համեմատության նյութ ունենալու համար: Մոսկվայում կեղծարարների խումբ կա, Երեւանում էլ են կեղծում»,- ասում է Արտաշես Թարումյանը:

2004 թ. նա հրապարակեց առաջին հայկական նամականիշերի կատալոգը (ARTAR): Կատալոգի մեջ տպված են բոլոր հայկական նամականիշերը` սկսած 1918 թ.-ից, դրանց քանակը աշխարհում եւ շուկայական արժեքը: Արժեքը մոտավորապես է նշված, քանի որ ֆիլատելիայի աշխարհում նամականիշի իրական գինը չի կարելի բացահայտել: Իսկ կատալոգում նշված գների համաձայն` հայկական որոշ նամականիշերի շուկայական արժեքը սկսվում է 3 ԱՄՆ դոլարից եւ հասնում մինչեւ 400-ի:

Շուտով կվերահրատարակվի կատալոգի համալրված տարբերակը: Հայկական նամականիշերի մասին տեղեկատվություն հավաքելու համար հեղինակը հանդիպել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող 258 ֆիլատելիստների, որոնց հավաքածուներում եղել են հայկական նամականիշեր: Հետաքրքիր է, որ նրանցից մոտ 200-ը հրեաներ են:

«Հայկական բոլոր նամականիշերն ունեմ կամ գոնե այսքան տարիների ընթացքում տեսել եմ, բայց երբեմն խենթանալու չափ բարկանում եմ, երբ մեկ էլ հանդիպում եմ մի անհայտ նամականիշ: Սա նշանակում է, որ հայկական ֆիլատելիան հարուստ է, բայց մինչեւ վերջ ուսումնասիրված չէ»:

Սովետական նամականիշեր` հայկական թեմաներով

Խորհրդային շրջանում Հայաստանում նամականիշեր չէին տպագրվում: Նամականիշերի թողարկման բացառիկ իրավունքն ուներ միայն Մոսկվան: Բայց ժամանակ առ ժամանակ նամականիշերի թեման դառնում էր միութենական երկրների, այդ թվում եւ` Հայաստանի արվեստը, հայտնի մարդիկ, գիտությունը, բնաշխարհը, զինանշանը, խորհրդանիշերը եւ այլն: Հայաստանին նվիրված նամականիշերի հավաքածուն կոչվում է Արմենիկա:

Սովետական տարիներին առաջին անգամ Հայաստանում կիրառվեց մի հետաքրքիր նորամուծություն. որեւէ ակցիա կազմակերպելու համար, ասենք` որբ երեխաներին օգնելու, գումար հավաքվում էր նամականիշերի միջոցով:

«Նամականիշի վրա տպվում էին, օրինակ, «օգնություն հայ երեխաներին» բառերը, եւ նամականիշի գումարին ավելացվում էր եւս մի քանի կոպեկ, ասենք` 4 կոպեկ նամականիշի գինն էր, գումարվում էր եւս 2 կոպեկ: Հետո դա հավաքվում եւ ուղարկվում էր համապատասխան տեղ` իր նպատակին ծառայելու համար: Հիշում եմ, թե ինչպես էր հայրս դրոշմում նամականիշերի վրա այդ «+2» կոպեկը»,- պատմում է ֆիլատելիստ Յուրի Կուպալյանը: Դրանք շատ հազվադեպ հանդիպող եւ թանկարժեք նամականիշեր են: Հիմա նմանատիպ ակցիաներ Հայաստանում չեն արվում:

«Հիմա մեր հզոր ֆիլատելիստների բանակից մնացել է մոտ 100 հոգի: Ֆիլատելիստական հետաքրքրությունը Հայաստանում անցած տարիների համեմատ ընկել է: Կարծում եմ` պատճառն այն է, որ մարդկանց հետաքրքրությունները եւ տեղեկություններ ստանալու միջոցները շատացել են, իսկ առաջ նամականիշը մեզ համար գրքից հետո ամենից շատ տեղեկություններ տվող թղթիկն էր: Նամականիշերը հզոր ուժ ունեն, բայց ժամանակակից հաղորդակցման տեխնոլոգիաները նվազեցնում են այն»,- ասում է Յուրի Կուպալյանը` ցույց տալով մեծ արկղի մեջ հավաքած մոտ հինգ տասնյակի հասնող մեդալներն ու վկայականները, որոնք նա ստացել է բազմաթիվ ֆիլատելիստական մրցույթներին մասնակցելու համար:

Այսօր էլ նամականիշերի նրա հարուստ հավաքածուն հաղթում է աշխարհի մրցույթներում: Պեկինից ստացել է հրավեր հերթական մրցույթին մասնակցելու համար, սակայն այնտեղ հասնելու համար գումար է պետք, որը նա կամ Հայաստանի ֆիլատելիստական միությունը բավարար չափով չունի: Յուրի Կուպալյանն ասում է, որ երբեք չի հաշվել նամականիշերի քանակը, բայց կարող է ամեն մեկի մասին պատմել: Նամականիշերի թեմաները գրեթե անհաշվելի են` միջատներից մինչեւ տիեզերք:

Հայաստանում ֆիլատելիան զարգացավ խորհրդային տարիներին, հետո մոռացության մատնվեց: Անկախության տարիներին Հայաստանում միայն երկու ֆիլատելիստական մրցույթ է կազմակերպվել` 2001 եւ 2007թթ.:

Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ է 300 մարդ, որոնցից, միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքերով, մոտ 100-ն է մասնակցում հավաքների, ցուցահանդեսների եւ անդամավճարներ տալիս:

Հայաստանի առաջին նամականիշը` Արարատ լեռ եւ եռագույն

1992 թ. թողարկվեց անկախ Հայաստանի առաջին նամականիշը: (նկար 8) 1991թ. հայտարարվեց Հայաստանի անկախ հանրապետության առաջին նամականիշի պատրաստման մրցույթ, որին մասնակցեցին մոտ 100 հոգի` ներկայացնելով 400-ից ավելի աշխատանքներ: Նամականիշի թեման նախօրոք էր որոշված` Արարատ լեռ եւ եռագույն:

Առաջին նամականիշի հեղինակը գրաֆիկայի դիզայներ Հարություն Սամուելյանն է:

«Առաջին նամականիշն այս տիպի աշխատանքի իմ առաջին փորձն էր: 16 տարի անց էլ, կարծում եմ, որ իմ ամենահաջողված նամականիշերից է, թեպետ տեսնում եմ փոքրիկ թերություններ: Եթե հիմա նկարեի, Արարատ լեռն ավելի բարձր կանեի, ինչպես լինում է ձմռան ամիսներին, երբ գագաթին ձյունն ավելի շատ է լինում»,- ասում է Հարություն Սամուելյանը:

16 տարիների ընթացքում նա պատրաստել է ավելի քան 100 նամականիշ: Հեղինակը խոստովանում է, որ նամականիշ պատրաստելը նրա ամենասիրած աշխատանքն է: Հիմա էլ շարունակում է նոր նամականիշերի էսքիզներ ներկայացնել «Հայփոստի» նամականիշերի հարցերով զբաղվող հանձնաժողովին:

«Միակ տարբերությունն այն է, որ եթե մի քանի տարի առաջ նամականիշ մատիտով կամ ջրաներկով էի պատրաստում, հիմա համակարգչով եմ աշխատում»,- ասում է նկարիչ-դիզայները:

Առաջին նամականիշի թողարկումից հետո Կապի եւ տրանսպորտի նախարարի հրամանով հիմնվեց «Նամականիշ» ՓԲԸ-ն, որը 1992-ից զբաղվում էր նամականիշերի պատրաստմամբ եւ թողարկմամբ:

«Նամականիշ» կազմակերպությունում Հարություն Սամուելյանը գլխավոր նկարիչ էր:

Նա պատմում է, որ այնքան էլ ճիշտ չէր, երբ տարվա ընթացքում թողարկվող նամականիշերի մեծ մասը նա էր պատրաստում, բայց այն ժամանակ հնարավոր չէր գտնել որեւէ երիտասարդ կամ հայտնի նկարիչ, ով կհամաձայներ նամականիշ պատրաստել շատ ցածր աշխատավարձով. մեկ նամականիշի հոնորարը մոտավորապես 5 ԱՄՆ դոլար էր:

«Ցարական» եւ «սովետական» նամականիշերից հետո անկախ հանրապետության նամականիշերն անհամեմատ որակով էին, գեղարվեստական եւ տեղեկատվական առումով` բազմազան եւ հարուստ:

Նամականիշը շահավետ բիզնես է

2006թ.-ի նոյեմբերին «Հայփոստ»-ը հավատարմագրային կառավարման հանձնվեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:

1992- 2006թթ.-ի ընթացքում «Նամականիշ» ՓԲԸ թողարկել էր մոտ 300 նամականիշ, որոնք, սակայն, հիմա «Հայփոստի» որոշմամբ չեն կարող օգտագործվել որպես փոստային վճարամիջոց: Դրանք կարող են տարածվել միայն ֆիլատելիստական նպատակներով:

Այս որոշումը պատահական չէր. «Նամականիշ»-ի եւ «Հայփոստ»-ի հարաբերությունները սրվել էին 2003թ.-ից, քանի որ նամականիշ տպագրելն ու թողարկելը վերածվել էր շահավետ բիզնեսի. «Նամականիշ»-ը տպագրում էր նամականիշ եւ 80 դրամով վաճառում «Հայփոստ»-ին: «Հայփոստ»-ը շրջանառության մեջ այն առնում էր 100 դրամով եւ ստանում 20 դրամ եկամուտ: Այս դրությունը պահպանվում էր երկար ժամանակ, քանի դեռ «Նամակնիշ»-ի ղեկավարի եղբայրը Ազգային ժողովի պատգամավոր էր եւ կապեր ուներ:

«Արդյունքում փոստային ծառայությունը մատուցում էր «Հայփոստը», իսկ եկամուտ ստանում` «Նամականիշ»-ը»,- 2007թ.-ի ապրիլի 27-ին «Դելովոյ էքսպրես» թերթին տված հարցազրույցի ժամանակ պարզաբանել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հանս Բոոնը:

Տարաձայնությունների այլ պատճառ էլ կար. խնդիրն այն էր, որ «Նամականիշ»-ը, ունենալով նամականիշ տպագրելու բացառիկ իրավունք, մեծ խմբաքանակներով այն վաճառում էր արտասահմանում: Դա արգելված չէ, բայց դրսում նամականիշի վաճառքն այնպիսի մասշտաբների էր հասնում, որ երբեմն դրսի ֆիլատելիստներն ավելի շուտ էին ունենում հայկական նամականիշներ, քան տեղի ֆիլատելիստները: Բացի այդ, դրսում վաճառքը շատ ձեռնտու էր. եթե նամականիշի ինքնարժեքը 150-500 դրամ էր, դրսում այն վաճառվում էր 1-3 եվրոյով:

«Նամականիշ»-ի գործունեության մասին տեղյակ մեր զրուցակիցներից մեկը պատմում է, որ
«Նամականիշ»-ը Լոնդոնում ուներ մենաշնորհ ունեցող Բարսումյան ազգանունով մի գնորդ, որի հետ պայմանավորվածության համաձայն «Նամականիշ»-ը նրան էր վաճառում հայկական նամականիշները եւ 6 ամիս իրավունք չուներ որեւէ այլ տեղ նամականիշ վաճառել մինչեւ վերջինս ետ ստանար բիզնեսի մեջ ներդրված իր գումարները:

Արդյունքում մինչ հայկական նամականիշները վաճառվում էին դրսում, այստեղ նամականիշ չկար` նամակին փակցնելու համար:

«2006թ.-ին մենք ունեինք նամականիշների պակաս: Այդ պատճառով ստիպված էինք կիրառել շտրիխ կոդեր, որպեսզի ինչ- որ ձեւով հաստատենք ծառայության վճարման փաստը»,- ասում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջազգային հարաբերությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լարա Չոլաքյանը։

«Եվ չնայած, որ նամականիշները տպագրվում էին մեծ քանակությամբ «Հայփոստ»-ին շատ քիչ մասն էր հասնում: Նամակնիշների վաճառքից ստացած գումարը չէր փակում փոստային ծառայության ծախսերը»,- ասել է Հանս Բոոնը:

«Հայփոստ»-ը չուզեց համակերպվել այս դրության հետ եւ հրաժարվեց շրջանառության մեջ առնել «Նամականիշ»-ի տպագրած նամականիշները:

Այդ ընթացքում, 2006թ.-ին «Նամականիշ»-ն արդեն տպագրել էր 51 տեսակ նամականիշ, որոնք այդպես էլ չմտան շրջանառության մեջ: «Հայփոստ»-ը եւ «Նամականիշ»-ը ոչ մի կերպ չկարողացան համաձայնվել, որ գոնե արդեն այդ տպագրված նամականիշները շրջանառության մեջ մտնեն, իսկ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը մնաց չեզոք դերում:

«Երկու գերատեսչությունների փողի կռվի պատճառով տուժեց հայկական ֆիլատելիան: 2006թ.-ի թողարկումներում կային մեր 6 շախմատիստների հաղթանակին նվիրված 4 տեսակի նամականիշներ, որոնք հիմա փաստորեն չեն մտել շրջանառության մեջ, եւ Հայաստանի համար այդ կարեւոր իրադարձությունը մենք նամականիշներով չենք նշել»,- ասում է ֆիլատելիստ Յուրի Կուպալյանը:

2006թ.-ին տպագրած նամականիշները մնացին օդում կախված: Որպեսզի չկորի դրանց տպագրության վրա ծախսված գումարը, Կապի եւ տրանսպորտի նախարաությունը որոշում կայացրեց դրանք հանել վաճառքի: Այլ կերպ ասած` մեռած փողը սաղացնելու համար:

«Այս մոտեցումը արդարացի չէ ֆիլատելիստների նկատմամբ, քանի որ աշխարհում նամականիշ ֆիլատելիստների համար չի տպագրվում: Նամականիշ տպագրվում է փոստային ծառայություն մատուցելու համար, իսկ ֆիլատելիստն այն հավաքում է: Ինչո՞ւ պիտի ֆիլատելիստը գնի մի նամականիշ, որը փոստով չի անցել»,- ասում է Յուրի Կուպալյանը:

2007թ.-ին, կառավարությունում երկար բանակցություններից հետո, նամականիշ տպագրելու եւ թողարկելու բացառիկ իրավունքը փոխանցվեց «Հայփոստ»-ին:

Աշխարհում ընդունված է տպագրել եւ թողարկել նամականիշ հիշեցնող գեղարվեստական մինիատյուրներ, բայց դրանք չեն համարվում նամականիշներ: Վավերական նամականիշի վրա բացի «Հայաստան» բառից նշվում է նոմինալը եւ «post» բառերը` հայերեն եւ անգլերեն լեզուներով:

«Հիմա մենք կապեր ենք հաստատում արտասահմանում նամականիշի վաճառքով զբաղվող մի քանի գործակալների հետ: Նրանց միջոցով մենք դրսի ֆիլատելիստներին հայկական նամականիշները կվաճառենք արժեքից քիչ ավելի գնով: Գործակալների միջեւ կլինի մրցակցություն եւ հայկական նամականիշները չեն թանկանա այնքան, որ մարդիկ կորցնեն հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Այս պահին չգիտենք որքան նամականիշ է արտասահմանում վաճառվում, քանի որ չունենք փորձ եւ հետազոտություն, բայց նախատեսել ենք 2008թ.-ին դրսում վաճառել տպագրած նամականիշների 15 տոկոսը»,- ասում է Լարա Չոլաքյանը:

Բայց թե ի՞նչ եւ քանի՞ տեսակ նամականիշ կլինի 2008թ.-ին էլ, դեռ պարզ չէ: «Հայփոստ»-ի նամականիշների թողարկման ծրագրային քաղաքականությամբ զբաղվող հանձնաժողովը հաստատել եւ ներկայացրել է այս տարվա ծրագիրը Կապի եւ Տրանսպորտի եւ Արդարադատության նախարարություններին եւ սպասում է պատասխանի, այնինչ նամականիշները պետք է արդեն տպված լինեին:

Ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ ֆիլատելիստներն առնվազն մեկ տարի առաջ պետք է իմանան, թե ինչպիսի նամականիշներ են թողարկվելու հաջորդ տարիներին: Մեր ֆիլատելիստներին մնում է միայն գուշակել: Լարա Չոլաքյանը հավաստիացնում է, որ հաջորդ տարիներին նամականիշների ծրագրերի հաստատման գործընթացը կշտկվի եւ նույնիսկ նախապես կհրատարակվեն թողարկվող նամականիշների մասին տեղեկություններ:

2007թ.-ին «Հայփոստ»-ը թողարկել է 27 նամականիշ եւ 1 հատ 2006թ.-ին հայ-ռուսական կողմերի նախաձեռնությամբ: Նրանց արժեքը 50-350 դրամ է: 2007թ.-ին Եվրոպայի նամականիշների մրցույթում «Հայփոստ»-ի թողարկած «Եվրոպա» նամականիշը ճանաչվել է 50 եվրոպական փոստային օպերատորների նամականիշներից լավագույնը: «Եվրոպա» նամականիշը նվիրված է սկաուտական շարժման հարյուրամյակին:

Գրեթե հնարավոր չէ որոշել, թե որքանով են հայկական նամականիշները սիրված կամ հայտնի ֆիլատելիստների կողմից, որովհետեւ մարդիկ հաճախ նամականիշներ հավաքում են ոչ թե ըստ երկրների, այլ` ըստ թեմաների: Այդ պատճառով փոստային օպերատորները հակված են նամականիշներ թողարկել ըստ թեմաների` բնաշխարհ, մշակույթ, սպորտ, խոհանոց եւ այլն, նույնիսկ սերիաներով` ասենք հայկական եկեղեցիներ կամ համալսարաններ: Թեպետ մրցույթներում ավելի շատ հաղթում են ըստ երկրների հավաքած նամականիշների հավաքածուները:

«Բիզնսեի առումով թեմատիկ թողարկումներն ամենաձեռնտու տարբերակներից է, քանի որ աշխարհում շատ քչերին է հետաքրքրում, ասենք Հայաստանի ֆոտոժուռնալիստիկայի հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանը կամ հայ գուսան-երգահան Գուսան Շերամի 150-ամյակը»- ասում է Լարա Չոլաքյանը:

«Հայփոստ»-ի տվյալներով Հայաստանում ֆիլատելիստական նպատակներով վաճառվում է նամականիշների միայն 1 տոկոսը, արտասահմանում` 15, մնացած մասը նախատեսվում է փոստային ծառայության մատուցման համար:

«Մենք ուսումնասիրում ենք շուկան` պարզելու, թե ինչ տիպի նամականիշներ են հետաքրքրում աշխարհին, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ կմոռացվեն Հայաստանի համար կարեւոր եւ արժանավոր մարդիկ, որոնց նույնպես կնվիրվեն նամականիշներ»,- ասում է Լարա Չոլաքյանը:

«Ես մտավախություն ունեմ, որ շուտով ընդհանրապես միայն ծառ եւ ծաղիկ պիտի տպագրեն` մոռանալով Հայաստանի համար շատ կարեւոր դեմքեր: Բիզնեսը բիզնեսով, բայց նամականիշով մենք մեր երկիրն ու մեր հայտնի մարդկանց մասին ենք հայտնում աշխարհին եւ պետք չէ սրա մասին մոռանալ»,- ասում է ֆիլատելիստ Յուրի Կուպալյանը:

Նամականիշի թեմա կարող է առաջարկել ցանկացած ոք: Նախքան տարվա ծրագիր կազմելը «Հայփոստը» դիմում է Հայաստանի պետական եւ մասնավոր գերատեսչություններին` նամականիշի թեմայի առաջարկ ստանալու նպատակով, այնուհետեւ առաջարկները քննարկվում են «Հայփոստ»-ի հանձանժողովում, ընտրված տարբերակները ներկայացվում Կապի եւ տրանսպորտի նախարարության հանձնաժողովին: Ծրագրի հաստատումից հետո սկսվում է նկարիչ-դիզայներների աշխատանքը: Հայկական նամականիշները տպագրվում են Հոլանդիայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter