HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պատերազմի հետքերը

Նա օրերս է հերթական բուժումն ավարտել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, որից առաջ նա բուժվում էր Ստեփանակերտի ռազմական հոսպիտալում:

Լեոնիդը կոնքային ֆունկցիաների խանգարում էր ստացել 1993 թվականի հունիսի 12-ին` Մարտունու շրջանի բնակավայրերից մեկի ազատագրման մարտերի ժամանակ: «Պահակակետ գնալու ժամանակ մեքենան պայթեց հակատանկային արկի վրա, ինչի արդյունքում վիրավորվեցին 8 հոգի, այդ թվում` նաեւ ես»,- պատմում է նա:

Երբ ընկերները վիրավորներին ուզում էին տեղափոխել հոսպիտալ, սկզբում մտածում էին, որ Լեոնիդը մահացել է: Նա առանց գիտակցության պառկած էր, երբ վիրավորներին տանող մեքենան արդեն ճանապարհվել էր:

«Մարտական ընկերներիցս մեկը` Կամո Աղաջանյանը, նկատել էր, որ ձեռքս շարժվում է,- այսպես է վերհիշում ընկերների պատմածը նախկին ազատամարտիկը: -Նրանք իսկույն սկսեցին ավտոմատով կրակել այդ մեքենայի վրա, որ վերջինս կանգնի: Վարորդը սկզբից մտածում էր, որ ադրբեջանցիներն են պահակակետը վերցրել ու կրակում են նաեւ իրենց վրա, սակայն երբ համոզվեց, որ հայերն են կրակողները, վերադարձավ ու վերցրեց նաեւ ինձ»:

Մեքենայի մեջ Լեոնիդը մի պահ գիտակցության եկավ: «Սկզբից թվաց, թե ադրբեջանցիներն ինձ գերի են վերցրել: Խոսակցությունները չէի ընկալում, միայն դեմքեր էի տեսնում: Ինքս իմ մեջ չհամաձայնվելով գերի ընկնելու մտքի հետ` բացեցի մեքենայի դուռը, որ ցատկեմ, բայց հանկարծ տղաներից մեկը թեւիցս բռնեց ու ասաց` շա՞շ ես, ու՞ր ես թռնում: Հայերեն բառերը լսելուց հետո սիրտս հանգստացավ ու նորից անջատվեցի»,- պատմում է Լեոնիդը:

Աչքերը բացեց Մարտունու շրջանային հոսպիտալում, երբ գլխավոր բժիշկը փաստում էր, որ ողնաշարն է վնասվել եւ պետք է տեղափոխեն Երեւան: Հաջորդ օրը նրան ուղղաթիռով տարան Երեւանի Միքայելյան հիվանդանոց, որտեղ մնաց մինչեւ 1993 թ. օգոստոսի կեսերը: Նա ափսոսանքով է նշում, որ իր բժիշկը` Կարո Էբոյանը, բժշկական պարտականությունները կատարելիս ուղղաթիռով վթարի է ենթարկվել եւ զոհվել: Լեոնիդը 1994-1995 թթ. բուժում է ստացել նաեւ Պյատիգորսկ, Կիսլովոդսկ քաղաքներում:

Արցախյան պատերազմի 3-րդ կարգի հաշմանդամ էր մինչեւ հիվանդության հետ կապված վերջին բարդացումները: Վերջին 8 տարում բուժումներ չէր ստացել: «Վիճակս սկսեց բարդանալ: Գնացի Երեւան, որտեղ ստուգումների արդյունքում պարզվեց, որ ականի վրա պայթելուց հետո կոտրված երկու ողերից մեկը սխալ է աճել եւ այժմ ճնշում է ողնուղեղը: Բժիշկներն ասում են, որ վիրահատություն պետք է անեն»,-ասում է արտաքինից առողջ ու առույգ թվացող նախկին ազատամարտիկը, որը հիմա արդեն 2-րդ կարգի հաշմանդամ է:

Ընտանիքը հիմա գյուղում է, իսկ Լեոնիդը` Ստեփանակերտում: Չորս երեխա ունի, մեծը սովորում է Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության բաժնում: «Տարեկան 150 հազար դրամ վարձ ենք տալիս»,- ասում է Լեոնիդը, եւ նրա հայացքից կարելի է դատել, որ ուսման վարձը դժվարությամբ են հայթայթում, քանի որ կինը` Գայանեն, հիմա չի աշխատում:

Նախկինում միասին աշխատում էին իրենց գյուղից 5 կմ հեռավորությամբ գտնվող Եմիշճան գյուղի դպրոցում, որտեղ Երեւանի պետհամալսարանի մեխանիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո Լեոնիդը 1989-ից էր աշխատում` որպես ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ ռազմագիտության ուսուցիչ: 1999-2004 թթ. նրան նշանակեցին դպրոցի տնօրեն: Այդ տարիներին նույն դպրոցում էր աշխատում նաեւ կինը` որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: «Առողջական վիճակս չէր ներում 5 կմ-ն ամեն օր ոտքով գնալ, դրա համար ստիպված եղա տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ սկսեցի աշխատել ու հոգալ ընտանիքիս կարիքները»,- ասում է նա:

Այժմ նա աշխատում է ազգային վիճակագրական ծառայությունում, որպես նյութական արտադրության եւ ծառայությունների բաժնի պետ:

Լեոնիդը մտադիր է ընտանիքը տեղափոխել Ստեփանակերտ, սակայն հիմա, ինչպես ինքն է ասում, հնարավորություն չունեն տուն վարձել: «Հույսս այս տարվանից մեկնարկող հիպոթեքային վարկավորման պետական աջակցությունից օգտվելն է: Տեսնենք կկարողանա՞մ բնակարան ձեռք բերել եւ ընտանիքս տեղափոխել այստեղ»,- ասում է նախկին ազատամարտիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter