HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգում են լրատվամիջոցների ղեկավարները

Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի: Նույն գիշեր տպարան տարված թերթերի նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը:

Նկատի ունենալով, որ պաշտոնական կոչվող տեղեկատվությունն առնվազն միակողմանի է, չի արտացոլում կատարվածի ամբողջական պատկերը եւ առանց ընդհատումների եթեր է սփռվում շուրջ մեկ տասնյակ հեռուստաալիքներով` առանձին թերթեր պարզապես հրաժարվեցին լույս տեսնել, մյուսներն էլ հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ: 


Սա մեզ հիմք է տալիս հայտարարելու, որ ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը: Մանավանդ որ, արտակարգ դրության պայմաններում հրատարակվող «յուրային» պարբերականների վրա ամենեւին էլ չէր տարածվել բացառապես պաշտոնական լրատվություն հրապարակելու պահանջը:

Տեղեկատվական տեռորը լիակատար դարձնելու համար արգելափակվել են նաեւ ինտերնետային կայքէջերը: Ավելին, CNN ու Euronews հեռուստաալիքների թողարկումները, որոնք անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ընդհատվում են, եւ փոխարենը հեռարձակվում են գովազդային հոլովակներ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ընդհանրապես դադարեցվեց:

Մենք հայտարարում ենք, որ այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ:

«Ա1+»-ի նախագահ` Մեսրոպ Մովսիսյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր` Արամ Աբրահամյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ` Բորիս Նավասարդյան
«Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր` Այդին Մորիկյան
«Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար` Նունե Սարգսյան
«Լրագիր» կայքէջի գլխավոր խմբագիր` Հայկազն Ղահրիյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ` Հայկ Գեւորգյան
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր` Սաթիկ Սեյրանյան
«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր` Արմինե Օհանյան
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր` Շողեր Մաթեւոսյան
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
«Արմենիա Նաու» էլեկտրոնային հանդեսի խմբագիր` Ջոն Հյուզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter