«Պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է»
Հայաստանում հետընտրական զարգացումներին զուգահեռ այս ամսվա սկզբներին զինադադարի խախտման դեպքեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարի խախտման փորձեր են արվել մարտի 3-ի լույս 4-ի, ինչպես նաեւ` մարտի 6-ի լույս 7-ի գիշերը:
Այս համատեքստում հնարավո՞ր է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում, որքանո՞վ է հայկական կողմը պատրաստ դրան։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԼՂՀ քաղաքական գործիչներից եւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներից։
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի խոսքերով` շփման գծում վիճակը հանգիստ է։ «Ղարաբաղյան կողմը լրիվությամբ վերահսկում է սահմանագծի ողջ երկայնքում տիրող իրավիճակը, եւ ցանկացած պահի ՊԲ զորքերը պատրաստ են դիմագրավել հակառակորդի կողմից ցանկացած սադրանք»,- նշեց Ս. Հասրաթյանը։
Քաղաքագետ Դավիթ Բաբայանը գտնում է, որ պատերազմի վերսկսումն այս պահին անհնար է: «Նման զարգացումներին խոչընդոտում են մի քանի կարեւոր հանգամանքներ։ Առաջինը ԼՂՀ պաշտպանության բանակն է, որի մարտունակությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Երկրորդն այն է, որ ադրբեջանական զինված ուժերն ի վիճակի չեն վարել եւ հաղթել կարճատեւ պատերազմում։ Իսկ երրորդ հանգամանքն այն է, որ պատերազմի վերսկսման ժամանակ անկանխատեսելի հետեւանքներ կարող են լինել ողջ տարածաշրջանում, ինչում շահագրգռված չէ ինչպես միջազգային որեւէ կազմակերպություն, այնպես էլ` տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող որեւէ գերտերություն»,- մեր զրույցի ժամանակ ասաց Դ. Բաբայանը։
Ադրբեջանի պահվածքը, ըստ Դավիթ Բաբայանի, կապված է Հայաստանում հետընտրական զարգացումների հետ։ «Ադրբեջանցիները փորձել են ստուգել ԼՂՀ եւ առհասարակ հայ ժողովրդի պատրաստակամության աստիճանը, եւ այն, թե որքանով է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ազդում այդ պատրաստակամության վրա։ Ադրբեջանցիների փորձերի ձախողումը վկայում է, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը որեւէ ձեւով չի ազդում հայ ժողովրդի` արտաքին թշնամուց պաշտպանվելու մակարդակի վրա»,- ասաց քաղաքագետը։
Նա միաժամանակ ավելացրեց, որ Բաքուն հիմա լուրջ մտահոգված է Կոսովոյի անկախությունից հետո հնարավոր զարգացումներով. «Այս ենթատեքստում հատկանշական է, որ Ադրբեջանն ուժային դիրքորոշումը ցուցաբերել է ոչ միայն ԼՂՀ-ի հանդեպ, այլ նաեւ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սկսել է ճնշման քաղաքականություն վարել Ադրբեջանում կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունների հանդեպ, մասնավորապես այդ գործընթացները մեծ թափ են ստացել հյուսիսային լեզգինաբնակ շրջաններում։ Իմ կարծիքով, շփման գծում վերջին սրացումները նպատակ ունեն նաեւ շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի ներսում տեղի ունեցող այդ գործընթացներից»։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց. «Ինչ խոսք, ստեղծված իրավիճակը բավականին «գայթակղիչ» է զանազան արկածախնդրությունների համար, թեեւ հակված չեմ կարծելու, թե պատերազմի մասին որոշումն այդքան հեշտ է ընդունվում եւ ադքան իրավիճակային բնույթ կարող է ունենալ: Իրավիճակային հոգեբանությամբ հրադադարը խախտելը ինչ-որ տեղ տեղավորվում է առկա տրամաբանության շրջանակներում, իսկ ահա պատերազմի վերսկսման պատասխանատվությունը ստանձնելու համար շատ ավելի լուրջ գործոններ պիտի ստիպված հաշվի առնվեն:
Բայց սրանք ընդամենը ենթադրություններ ու կարծիքներ են, որոնցով չէ, որ պիտի առաջնորդվել: Հայկական բանակի ու հայկական երկու պետությունների քաղաքական ղեկավարության մարտավարությունը տվյալ ոչ դյուրին իրավիճակում, ըստ իս, պիտի լինի դեպքերի զարգացման ցանկացած տարբերակի չբացառումը եւ պատրաստ լինելը: Միշտ, իսկ այս պահին՝ հատկապես, բանակի ներուժը անմնացորդ պիտի ի սպաս դրվի սահմանների պաշտպանությանը»:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Karabakh-Open»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մարտի 3-ի իրադարձությունները լայնածավալ գործողությունների սկիզբ դառնան, պատասխանել է. «Չեմ կարծում, որ միջադեպը լայնածավալ հակամարտության «դետոնատոր» կհանդիսանա, սակայն, ինձ թվում է, լարվածությունը կպահպանվի։ Համենայնդեպս, մինչ այն պահը, երբ միջնորդները նոր հանդիպում կնախաձեռնեն` գոնե արտգործնախարարի մակարդակով»։
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով` երբեք չպիտի բացառենք լայնածավալ հարձակումների փաստը։ «Քանի որ դե-ֆակտո մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ դեռեւս չի ստորագրված հաշտության պայմանագիր, դեռեւս բանակցային գործընթացն ընթացքի մեջ է: Սա կարելի՞ է համարել սկիզբ, կամ սրան կարո՞ղ են հաջորդել լայնամասշտաբ գործողություններ, ես մի առիթով էլ եմ ակնարկել, որ Ադրբեջանը երբ զգա իր վստահությունը, որ հաջողություն կարող է ունենալ, միշտ էլ կարող է լայնամասշտաբ գործողություններ սկսել: Պարզապես խնդիրը մեր մեջ է` որքանո՞վ ենք պատրաստ դիմակայելու եւ հակահարված տալու: Կարծում եմ, որ հակահարված տալու պատրաստակամությունը մեր մեջ միշտ պետք է լինի առաջին գծի վրա: Եվ երեւի ադրբեջանական կողմը, ամբողջությամբ ծանոթ լինելով մեր սահմանին, գուցե ընտրել է մի թույլ կետ ու օգտվել այդ առիթից` ինչ-որ աժիոտաժ, աղաղակող անդրադարձ ունենալու համար»,- ընդգծեց Դ. Իշխանյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը նույնպես գտնում է, որ պատերազմական գործողությունների վերսկսումն այս պահին անհնար է։ «Բայց այդպիսի միջադեպերը հետագայում բացառել չի կարելի, քանի որ նույնիսկ միջնորդների առաքելության, երկու պետությունների` ՀՀ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների լավագույն ցանկության դեպքում միջադեպեր լինելու են նաեւ հետագայում: Իմ կարծիքով` ոչ մի պայման չկա պատերազմը վերսկսելու առումով, որովհետեւ Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղը կառուցելու ժամանակ, քանի որ ներդրումները կատարել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործարարները, նրանք տարածաշրջանում կայունության երաշխիքներ են պահանջել Ադրբեջանից: Ես միշտ ասել եմ, որ այսօր նավթամուղը խաղաղության երաշխավորն է մինչեւ 2015 թվականը: Ինչու՞ մինչեւ 2015 թվականը, որովհետեւ այդ նավթամուղն Ադրբեջանի տնտեսության համար շահութաբեր է աշխատելու մինչեւ այդ ժամանակը: Բացառվում է մինչեւ այդ ժամանակը պատերազմական գործողությունների վերսկսումը, քանի որ այսօր եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել խաղաղ բանակցային գործընթացում»,- եզրակացրեց Ա. Թովմասյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել