HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունները Ազգային ժողովի 2008թ. մարտի 18-ի նիստում

Զարուհի Փոստանջյան

Հարգելի hայրենակիցներ,Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, միջազգային հանրությունը եւ մեր հայրենակիցները, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են օտար երկրներում, մեծ ուշադրությամբ հետեւում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին` հասարակական եւ քաղաքական կյանքին:

Մեր հասարակությունում առկա են խորը եւ անհապաղ լուծում պահանջող խնդիրներ: Իհարկե, այս խնդիրներն առաջացել են ոչ թե մեկ օրում, կամ մի մարդու կողմից, այլ հետեւողական, տարիներ շարունակ մեր պետության իշխանությունների կողմից իրականացված ոչ հայանպաստ քաղաքականության հետեւանք են:Տեւական խաղաղ երթերի, ցույցերի եւ հանրահավաքների միջոցով բազմահազար քաղաքացիներ արտահայտեցին իրենց դժգոհությունը մեր պետության իշխանություների հանդեպ: Այս սահմանադրական իրավունքի իրականացումը իշխանությունների կողմից արժանացավ բռնությամբ ցրելու հրամանի: 


1988 թվականի ազգային ազատագրական պայքարը գրեթե բոլոր հայերին համախմբեց մեր վաղեմի երազանքի շուրջ, անկախ նրանից` նրանք որտեղ էին ապրում` Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Ներշնչեցին հավատ, որ իրապես հնարավոր է հազարամյակների ընթացքում շարունակ պատմական հայրենիքը կորցնելուց` մեծ հայրենազրկումից, այն է` Ցեղասպանությունից, մշակութային ժառանգության կորստից հետո ունենալ ազատագրված Հայրենիք: Հավատն իր հետեւից բերեց հաղթանակ` անկախ պետականություն եւ ազատագրված Արցախ:Մեր երազանքի` նորանկախ պետականության ամրապնդման եւ զարգացման հաջորդ քայլը մեր հավատն էր, որ կառուցելու ենք պետականություն, որտեղ մարդը պետք է ունենա ազատ խոսք, տարբերվող տեսակետ, կարծիքի եւ խոսքի ազատ արտահայտում: Այս ամենի եւ մարդու իրավունքների պաշտպանման ու իրացման համար մեր երկիրը` յոթ տարի առաջ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնեց մի շարք պարտավորություններ, որոնցից է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիան: Արցախյան պատերազմի հաղթանակից առաջ եւ հետո ընկած ժամանակաշրջանում ծանր օրեր ապրած հայ հասարակությունը լցվեց մեծ հավատով, որ իրոք կառուցում է հզոր պետություն: Ցավոք, հատկապես վերջին իրադարձությունները մեծ կասկածի տակ են դնում մեր բոլոր ձեռքբերումները: Մենք ականատես ենք, որ մեզանում մարդու իրավունքները եւ ազատությունները տարբեր ձեւերով` հակասահմանադրական օրենքների ուժով եւ այլ իրավական ակտերով, ՀՀ Նախագահի հակասահմանադրական հրամանագրով, իրավապահ մարմինների կամայական եւ անօրինական գործելավոճով ոտնահարվում են: Ինչի հետեւանքն են սահմանադրական կարգի այլափոխումը, քաղաքական եւ հասարակական համակարգի շեշտակի հետընթացը:

Անահիտ Բախշյան

Հարգելի հայրենակիցներ,

Երեկ վարչապետի քաղաքական հենարանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընդամենը 6 դեմ ձայնով ընդունվեց մի անհեղինակ օրենք, որը զրկեց մեր հասարակությանը հանրահավաքների, ցույցերի միջոցով իր ընդվզումն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքից: Երեկ քննարկվեց նաեւ օրինագիծ, որն ակնհայտորեն Հանրապետության առաջին նախագահին դարձնում է առավել խոցելի` պահպանության առումով: Այս օրենքների ընդունմանը զուգահեռ գործող վարչապետը շարունակում է հայտարարել երկխոսության, քաղաքացիական համաձայնության մասին: Հիշեցնեմ, որ փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում իր հրավիրած, չգիտեմ որքանով օրինական, հանրահավաքում նա ասաց, որ Ազատության հրապարակում հանրահավաք անողները մեր քույրերն ու եղբայրներն են, եւ ինքը բոլորի նախագահն է եւ երկխոսության է հրավիրում ընդդիմությանը: Ինչպես ես, այնպես էլ հասարակությունը, այդ օրվա կոչն ընկալեցինք որպես այդ քույրերին եւ եղբայրներին, այսինքն` իրական ընդդիմությանն ուղղված կոչ: Սակայն իշխանությունների հետագա գործունեությունն ի ցույց դրեց խոսքի եւ գործի միջեւ ընկած հսկայական վիհը, որի արդյունքում `

ա) պարզվեց, որ երկխոսության կոչը ուղղված էր, ինչպես վարչապետը որակեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, միայն այն «հաճախորդներին», որոնց իրենք «լավ են ճանաչում»: Այդ երկխոսության հետեւանքով անկաշկանդ իրականացրեցին իրենց «քույրերի եւ եղբայրների» ծեծն ու ջարդը, որոնք համարձակվել էին մասնակցել ընդդիմադիր թեկնածուի անօրինական որակված հանրահավաքին` արտահայտելու համար իրենց բողոքը կեղծված ընտրությունների վերաբերյալ եւ անհամաձայնությունը ԿԸՀ-ի որոշման հետ.

բ) ծեծված ու ջարդված, մինչեւ հոգու խորքը վիրավորված, անզեն հազարավոր «քույրերն ու եղբայրներն» այս անգամ հավաքվեցին ֆրանսիական դեսպանատան մոտակայքի հրապարակում եւ սկսեցին պաշտպանել իրենց քաղաքացիական դիրքորոշումը` հակառակ ոստիկանության կողմից կիրառված մահակածեծերին եւ ուժի ցուցադրմանը: Մինչեւ ուշ գիշեր հանրահավաքի ժողովուրդը մնաց նույն տեղում եւ չցրվեց, իսկ հանրահավաքի անցկացման վայրին զուգահեռ` 1-2 կմ այն կողմ, զինված ոստիկանության եւ հանրահավաքի հետ կապ չունեցող մարդկանց բախման արդյունքում զոհվեցին 7 երիտասարդներ.

գ) սկսվեց 37 թվականին հատուկ իսկական ահաբեկչություն քաղաքական այլակարծություն դրսեւորած նույն քույրերի ու եղբայրների նկատմամբ` անօրինական որակված հանրահավաքներին մասնակցելու համար: Ձերբակալություններ, աշխատանքից ազատումներգ

Ի դեպ, հիշեցնեմ, որ այդ նույն անօրինական որակված հանրահավաքում կեղծված ընտրությունների մասին իր բողոքի ձայնը հնչեցրեց նաեւ երկխոսության իրավունքից օգտված քաղաքական «հաճախորդներից» մեկը, որը երեկ կողմ քվեարկեց հանրահավաքներն արգելափակող օրինագծին:

Այս ամենը հիմք է տալիս հայտարարելու, որ երկխոսության, քաղաքացիական համաձայնության, վստահության, հանդուրժողության մթնոլորտը ձեւավորելու փոխարեն իշխանությունների գործողությունները խորացնում են իշխանություն- ժողովուրդ անվստահության անդունդը, որը հատկապես ձեռնտու չէ մի քանի օր հետո երդման պատրաստվող Սերժ Սարգսյանին:

Լարիսա Ալավերդյան

Շնորհակալություն:

Ես կցանկանայի սկսել նրանից, որ, հիրավի, չկա առանձին ներքին եւ առանձին արտաքին քաղաքականություն: Երկուսն էլ խարսխված պետք է լինեն նույն սկզբունքների` նախեւառաջ արդարության եւ օրինականության սկզբունքների վրա: Եվ երբ որ մենք որեւէ անգամ անտեսում ենք այդ սկզբունքները ներքին քաղաքականության մեջ, պետք է հստակեցնենք մեզ համար, որ դա անպայման տեղի է ունենալու նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Պատահական չէ, որ արցախյան երկարատեւ պայքարի մեջ մենք փաստորեն այսօր ոչ թե տանուլ ենք տալիս, այլ ուղղակի ապացուցում ենք, որ մեր օրենսդիր ու գործադիր մարմինները եւ դիվանագիտական միտքը պարզապես անտարբեր են մնում բավականին հստակ ձեւավորված եւ իրավական հենքի վրա դրված արցախյան հիմնահարցի հանդեպ: Պատահական չէ, որ այսօր մենք ստանում ենք այն փաստաթղթերը եւ մոտեցումները, որոնք ուղղակի վկայում են, որ ավելի քան 15 տարի է` հայաստանյան քաղաքական եւ պետական էլիտան պարզապես չի զբաղվում այդ հարցով, ավելին` այդ էլիտան նպաստել է արցախյան հիմնահարցի բոլորովին այլասերված, այլափոխված պատկեր ստեղծելուն` նախեւառաջ միջազգային հանրության առաջ:

Ես պետք է հստակեցնեմ, որ եթե մեր իրականությունը ցույց է տալիս, որ մենք չենք խարսխում մեր ներքին քաղաքականությունը օրինականության եւ արդարության սկզբունքների վրա` նույնը շարունակում ենք անել եւ արտաքին քաղաքականության մեջ: Դա սկսվեց դեռ առաջին նախագահի օրոք, ով լռելյայն համաձայնություն էր տալիս համապատասխան միջազգային հաստատությունների ցանկացած առաջարկություններին, որոնք բերվում եւ մատուցվում էին Հայաստանին:

Ցավոք սրտի, գործող իշխանությունները եւս չեն հաղթահարել, ավելին` փաստորեն այսօր ունենք բավականին ծանր մի իրավիճակ, երբ մենք պետք է համոզենք ավելի քան 150 պետությունների, որ արցախյան հիմնահարցում ոչ թե պետք է ղեկավարվել Կոսովոյի նախադեպով, այլ Արցախը առաջինն է այդ բոլոր նախադեպերի մեջ, ժամանակակից պատմության մեջ, որը ապացուցել է` միայն իրավական հիմքերով կարող է եւ պետք է կայանա նոր ստեղծված պետությունը: Մենք այսօր պարզապես այդ հարցը թողել ենք բոլորովին այլ ուժերի հույսին, որոնք նրա հետ վարվել են այնպես, ինչպես վարվել են:

Իրենց հերթին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը շարունակաբար ընթերցեցին «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ»: Այն կարող եք կարդալ` այցելելով http://www.heritage.am/pr/170308arm.htm կայքէջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter