Հետընտրական Հայաստանը, սահմանափակումները եվ ղարաբաղյան հիմնախնդիրը
Հայաստանում հետընտրական զարգացումները շարունակվում են: Մարտի 1-ից հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մի շարք սահմանափակումներին զուգահեռ շարունակվում են հանրահավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների ձերբակալությունները:
Լրատվամիջոցների համար սահմանված սահմանափակումների պարագայում ՀՀ եւ ԼՂՀ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը տեղեկատվություն են ստանում հիմնականում հեռուստատեսությունից, որտեղ ներկայացվում են միայն պաշտոնական տեսակետ ու դիրքորոշում: Բնականաբար, եթե մարդիկ հնարավորություն չունեն այլ տեսակետներ լսելու՝ նրանց մոտ ձեւավորվում է «միտեսակետային» դիրքորոշում: Իսկ հետընտրական զարգացումների ողջ ներկապնակին ծանոթ մարդիկ էլ հասկանում են, որ ամեն ինչ չէ, որ տեղավորվում է «սեւ ու սպիտակի» եւ «բարու ու չարի» շրջանակներում, եւ որ խախտումները տարբեր «հասցեներ» ունեն: Եւ առաջինների, եւ երկրորդների համար ամենացավալին այն է, որ զոհեր ու վիրավորներ եղան:
Սակայն մեզ եւս մեկ կարեւոր հարց է հետաքրքրում, մի երեւույթ, որ կարող է բացասական նախադեպ դառնալ: Պաշտոնական քարոզչությունը տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներն ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես մի խումբ անձանց կողմից հիպնոսացված թափթփուկների, «բոմժերի», քրեածին տարրերի «ժամանց»: Դա այն դեպքում, երբ անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ էին ընդունում, որ ցուցարարների շարքերում բավականին թվով կիրթ ու նորմալ մարդիկ կան, ծանոթներ ու ընկերներ: Բայց ոչ ոք չի ուզում պարզել, թե ինչն է այդ նորմալ մարդկանց բերել Ազատության հրապարակ, որ միգուցե այլ որակի ընտրությունների պարագայում այդ մարդկանց թիվը շատ քիչ լիներ: Ի վերջո, ընտրությունների հարցում լուրջ դիտողություններ ունեին ոչ միայն միջազգային դիտորդները, այլեւ նախագահի մի շարք թեկնածուներ, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ ու հասարակական կազմակերպություններ: Ինչ որ է, պաշտոնական քարոզչամեքենան ցուցարարներին դասում է խառնամբոխի շարքը, այստեղից էլ՝ նրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների եւ արդյունքում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունը հիմնավորումը:
Հենց այս նախադեպն է մեզ մտահոգում: Ղարաբաղում բնակչության շրջանում կարծիքները տարբեր են այդ զարգացումների վերաբերյալ, սակայն, գերակշռողն այն տեսակետն է, որ իշխանությունների քայլերը իրավիճակին համարժեք են: Սույն տեսակետը կրողները քիչ նշանակություն են տալիս այն ճշմարտությանը, որ անկախ մարդկանց թվաքանակից՝ նրանց հետ երկխոսելը ցանկալի է, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են եւ սեփական կարծիք ու այդ կարծիքը պաշտպանելու իրավունք ունեն: Կատարվածին միանշանակ հավանություն տվողների մտքով անգամ չի անցնում, որ այս նախադեպը կարող են զգալ նաեւ իրենց մաշկի վրա:
Դիցուք, մի իրավիճակ, որ, ցավոք սրտի, ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Խոսքը ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակներում հնարավոր զարգացման մասին է: Ասենք, իշխանությունները (Հայաստանի եւ Ղարաբաղի) միջազգային ճնշումների տակ համաձայնվում են վերադարձնել ազատագրված տարածքները (հավանաբար, ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ բանակցային սեղանին դրված առաջարկությունների փաթեթում նաեւ տարածքների հարցը կա), իսկ արցախյան հանրության մի զգալի մասը դեմ է դրան եւ իր բողոքն է արտահայտում, փորձելով կանխել ոչ բարենպաստ որոշումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն է լինելու այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը: Կռահել պետք չէ՝ նախադեպն արդեն կա:
Ուշագրավն այն է, որ սույն նախադեպը վտանգավոր է ոչ միայն հանրության համար, այլեւ իշխանությունների: Ի վերջո, իշխանություններն էլ անսխալական չեն եւ որոշակի պարագայում կարող են զգալ հանրության սաստիչ դերի խիստ անհրաժեշտությունը: Հանուն համազգային շահերի: Կարող է պահը գալ, երբ իշխանություններն իրենք ունենան հենց նման աջակցության կարիք, իսկ ժողովուրդը վախենա արդեն առկա նախադեպից:
Այս մասին արժե խորհել: Իսկ խորհելու համար հարկ է լսել բոլոր կարծիքները, այլ ոչ թե դրանց վրա տաբու դնել:
demo.ktsurf.net
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել