Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն ազատազրկվեց 7 տարով
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Նախագահական ընտրությունների քվեարկության օրը` փետրվարի 19-ին, ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, թե ժամը 14-ին մոտ Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ այլոց ներկայությամբ Ուռուտյանը ծեծել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների կատարմանը:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քր.օր.-ի 149-րդ հոդվածի («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») 2-րդ մասի 3-րդ կետով:
Մարտի 13-ին Հյուսիսային քրեական դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը կայացրեց վճիռը: Բայց մինչ այդ` նիստի ժամանակ, հայտարարությամբ հանդես եկավ Հ. Ուռուտյանը: Նա նշեց. «Օրենք չկա այսօրվա մեր իշխանությունների մոտ, ինչ ուզում, անում են մեր քաղաքացիների հանդեպ... Ես ակտիվորեն մասնակցել եմ սահմանամերձ գոտիներում ընթացող կռիվներին: Բայց այսօր բացահայտ նկատում եմ, որ սխալ եմ արել: Սխալ եմ արել այն պատճառով, որ սխալ պետություն ենք կառուցել: Չենք տեսնում պետության կայունությունը, չենք լսում մարդու ազատ ձայնը: Մեկ է` ես ասելու եմ, որ մածունը սպիտակ է, իսկ հարգելի դատախազը պետք է պնդի, որ սեւ է: Յոթ օր մենք ապացուցում ենք, որ մեղավոր չենք... Իմ խոսելն անիմաստ է, որովհետեւ ինչ էլ ասեմ, միեւնույն է` իմ հանդեպ լինելու է այն, ինչ որ նախատեսել եք քսան օր առաջ»:
Ուռուտյանի փաստաբան Թամարա Յայլոյանը դատարանում ասաց, որ պաշտպանական կողմը բազմաթիվ օրենքներ վկայակոչեց եւ, գիտենալով մեր ներպետական օրենսդրության թերի կողմերը, մեջբերեց նաեւ Եվրադատարանի որոշումներն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: «Դրանք անիմաստ եւ զուր եղան, ու այսօր ստիպված վկայակոչում ենք դատարանի խիղճը»,- նշեց Յայլոյանը:
Նիստի ավարտին վերջին խոսքով պետք է հանդես գար ամբաստանյալ Հարություն Ուռուտյանը, սակայն վատառողջ լինելու պատճառով նա չկարողացավ վերջին խոսք ասել եւ խնդրեց ընդմիջել նիստը: Շտապօգնության աշխատակիցներին չհաջողվեց իջեցնել Ուռուտյանի ճնշումը, իսկ այդ ընթացքում դատավոր Մովսիսյանը մի քանի անգամ ընդմիջեց ու վերսկսեց նիստը: Նա շարունակ փորձում էր Հ. Ուռուտյանից կամ վերջին խոսք, կամ դրանից հրաժարվելու որոշում լսել:
«Չեմ կարող ասել, վատ եմ զգում, հարգելի դատարան»,- ասում էր Ուռուտյանը, որը նաեւ չէր ուզում հրաժարվել իր իրավունքից: «Երկու խոսք չես կարո՞ղ ասել»,- հարցնում էր դատավորը:
Դատավորի այս կեցվածքի վերաբերյալ Թամարա Յայլոյանը մեջբերեց Եվրոպական կոնվենցիայի 3-րդ կետը` նշելով, որ իր պաշտպանյալը ենթարկվում է անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Ի վերջո, դատավոր Հարություն Մովսիսյանը հերթական անգամ դիմեց ամբաստանյալին եւ ասաց, թե բժիշկների եզրակացությամբ` վերջինս ի վիճակի է վերջին խոսք ասելու: Դատավորը գտավ, որ Ուռուտյանը հրաժարվում է վերջին խոսքի իրավունքից: Փաստորեն, դատարանը Հարություն Ուռուտյանին կամայականորեն զրկեց վերջին խոսքի իրավունքից:
Նիստի վերջում դատավոր Հ. Մովսիսյանը հրապարակեց վճիռը` առանց նախապես տեղեկացնելու հրապարակման ժամի մասին: Ընդ որում` այդ ժամանակ այլեւս դահլիճում չէին մեղադրող դատախազը եւ տուժող Սուրեն Ավետիսյանը:
Նախորդ նիստում մեղադրող կողմը միջնորդել էր Ուռուտյանին ազատազրկել 8 տարով: Սակայն Հյուսիսային քրեական դատարանը Հարություն Ուռուտյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քր.օր.-ի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 112 հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») 2-րդ մասի 2-րդ կետով: Առաջին հոդվածով ամբաստանյալը դատապարտվեց 2, իսկ երկրորդով` 6 տարի ազատազրկման: Սակայն պատժաչափերի մասնակի գումարման արդյունքում վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի ազատարկումը:
Կ. Տ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել