HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք չէր այդ հոգեվիճակում գտնվող մարդկանց վրա նորից ուժ կիրառել»

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Հետքի» հարցերին պատասխանում է որպես ՀՀ քաղաքացի եւ մարտի 1-ի իրադարձությունների ականատես

- Տկն Բախշյան, ի՞նչ եք կարծում` մարտի 1-ին հնարավո՞ր էր խուսափել դեպքերի նման հանգուցալուծումից: Դրա համար ի՞նչ չարեց իշխանությունը կամ ընդդիմությունը (հանրահավաքի կազմակերպիչները):

- Նախ ասեմ, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ժողովուրդը հավաքվեց ինքնաբուխ, կազմակերպիչներ չկային: Դրանք առավոտյան Ազատության հրապարակում ծեծված, ջարդված, անչափ վրդովված մարդիկ էին: Կազմակերպիչները հետո եկան, եւ բոլորը զսպվածության կոչ էին անում: Որեւէ մեկից իշխանությունը բռնազավթելու, սահմանադրական կարգը խախտելու կոչ չեմ լսել: Հիմա հետադարձ հայացքով նայելիս մտածում եմ, որ Տեր-Պետրոսյանը, երբ տեսնում էր, որ ինքը փակուղու մեջ է եւ իրեն չեն թողնում գալ ժողովրդի մոտ, պետք է մութն ընկնելուն պես ժողովրդից պահանջեր ցրվել: Չէ՞ որ, այսպես թե այնպես, գիշերը ուշ նա այդ հրահանգը տվեց: Սակայն մյուս կողմից հավատում եմ նաեւ, որ, ամեն դեպքում, նա չէր սպասում, թե իշխանությունները նման կերպ կվարվեն: 

Իսկ կատարվածից խուսափելու համար իշխանությունների չարածները կարելի է անընդհատ թվարկել:

Երբ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մոտ, պարսպի տակ ընդամենը 50-60 հոգի էր հավաքվել, բայց 20 րոպե չանցած` ամբողջ հրապարակը լցվեց: Եվ իշխանությունները կարող էին բարի վերաբերմունքով խաղաղեցնել նրանց: Պետք չէր այդ հոգեվիճակում գտնվող մարդկանց վրա նորից ուժ կիրառել: Եթե մենք կանանցով շարք չկանգնեինք վահաններով ու մահակներով զինված ոստիկանների ու ժողովրդի միջեւ, վերջիններիս նորից կծեծեին:

Հետո եկան փոխոստիկանապետերը, տարբեր ճանապարհներ առաջարկեցին, եւ ոստիկաններից ինչ-որ մեկն ասաց` տարեք ժողովրդին, թե չէ կջարդենք: Դավիթ Հակոբյանը` ՄԱԿ-ում աշխատող երիտասարդ ու շատ կիրթ մի տղա, իմ թիկունքից հակադարձեց` չեք կարող, ժողովրդին ո՞նց կջարդեք: Անմիջապես մահակն իջավ ուղիղ տղայի գլխին: Նրան քաշելով տարան: Հետո պարզվեց, որ գլուխը պատռել էին, ծեծել ու նոր տարել հիվանդանոց:

Շատ տարօրինակ էր նաեւ, որ Ազատության հրապարակի աղբը տանող մեքենան հայտնվեց այդ փողոցում: Որտեղից որտեղ ինչ-որ մեկն իմացավ, թե ինչ է տեղափոխում այդ փակ մեքենան, այն կանգնեցրին ու սկսեցին դատարկել: Մեկը մի կոշիկ էր թափահարում, թե սա այն երեխայինն է, մյուսն այլ բան էր անում: Ժողովրդի մեջ իսկական հիստերիա ընկավ, եւ ինձ թվում է, որ սա շինծու բան էր` արված ժողովրդին ավելի գրգռելու համար:

Քիչ անց հավաքվեցին իմ կուսակից ընկերները եւ սկսեցինք ուղիներ փնտրել` ստեղծված վիճակից դուրս գալու համար: Չէր կարելի իրար դեմ թողնել ցավեցված, վիրավորված ժողովուրդ եւ գազազած ոստիկանություն: Մենք զանգեցինք նաեւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, բայց արձագանք չհնչեց:

Գիշերը մինչեւ 3:30 Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքը շարունակվել է, իսկ բախումը եղել է հեռվում` դեպի Ձկան խանութ, Մաշտոցի պողոտա, Լեոյի փողոց: Հանրահավաքի մարդկանցից ինձ պատմել են, որ իրենք նույնիսկ չեն էլ իմացել, որ իրենցից 2 կմ հեռու մարդիկ են զոհվել: Հիմա ես ուզում եմ հարցնել` ի՞նչ կապ ունի հանրահավաքն այդ բախումների հետ: Այդ ո՞ր միտինգավորը կռվի բռնվեց զորքի հետ: Ո՞վ սպանեց այդ մարդկանց: Ժողովու՞րդն է ինքն իր վրա կրակել:

Սկսում ես մտածել` ուրեմն, ինչ-որ ուժերի ձեռնտու էր ոստիկանության հետ բախումը եւ զոհերի առկայությունը, որպեսզի դրա շղարշի տակ վերցնեն «Հանրահավաքների մասին» օրենքն ու փոփոխության ենթարկեն` արգելելով հանրահավաքները, ցույցերը եւ մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը: Հատուկ ձեռագրով գրված սահմռկեցուցիչ սցենար է: Նույն ձեռագրով գործեցին 2003 եւ 2004 թթ.:

Ես ձեռքիս տակ ունեմ նկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես օրը ցերեկով քաղաքապետարանի դռան առաջ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ատրճանակը պահել է ժողովրդի վրա: Ունեմ կադրեր, որ 3 հոգի խանութը թալանում են: Թող դրանք ցույց տան եւ այդ մարդկանց փնտրեն: Փոխարենը ձերբակալում են մարդկանց, որոնք պատկառանք են ներշնչում: Եվ բռնում են միայն նրա համար, որ ունեն քաղաքական այլ տեսակետներ: Տիպիկ 37 թիվն է:

- Դուք այցելել եք նաեւ զոհվածների ընտանիքներին: Կարողացե՞լ եք պարզել` ինչի՞ց են նրանք մահացել: Եվ, ըստ Ձեզ, զոհերի հարազատներն ինչու՞ են խուսափում լրագրողների հետ հանդիպումից:

- Զոհերից 3-ի հարազատները «Հայլուրով» խոսել են եւ մեղադրել ընդդիմությանը: Բայց դա այդ պահին են ասել, հետո, կարծում եմ, մտածել ու որոշ բաներ հասկացել են: Ընդ որում` նրանցից մեկը «Հայլուրով» մեղադրեց Տեր-Պետրոսյանին, իսկ ընդդիմադիր թերթին տված հարցազրույցում` հակառակ կողմին, իր խոսքերով` գյադաներին: Չեմ բացառում, որ հիմա նրանց լռությունը պայմանավորված է վախով: Բայց, հավանաբար, չեն ուզում խոսել, որովհետեւ չեն կարող հիմնավորել իրենց ասածները:

Մենք պաշտոնապես դիմել ենք դատաբժշկական հիմնարկին, անատոմիկի ղեկավարին, որպեսզի ներկայացնեն, թե այդ մարդիկ ինչից են զոհվել: Մերժեցին: Ես անձամբ այցելել եմ Երեւանում ապրող բոլոր զոհվածների ընտանիքներին, ցավակցել մեր կուսակցության անունից եւ փորձել որոշ բաներ հասկանալ: Մեծամասամբ ընտանիքն ասում է, որ իրենց տղան միտինգ չէր գնում:

Գրիգոր Գեւորգյանը գիշերը ժամը 9-ին զանգել է տուն եւ կնոջն ասել` գալիս եմ տուն, ճաշը տաքացրու: Ուշացել է: Կինը հետ է զանգել` ու՞ր մնացիր: Պատասխանել է` զինվորները չեն թողնում փողոցն անցնեմ: Այդպես էլ նա տուն չի հասել: Մահվան թղթում գրված է` զոհվել է գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարման, գանգի հրազենային վիրավորումից:

27-ամյա Զաքար Հովհաննիսյանը զոհվել է հրազենային վնասվածքից: Նրա մեծ եղբայրը զոհվել է Ղարաբաղում, մայր չուներ, հայրն անդամալույծ է, եւ վերջինիս ինքն էր խնամում: Զաքարը հոգսաշատ տղա էր եւ հանրահավաքների ընդհանրապես չի մասնակցել: Այդ օրը սպանվել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ, տարել են հիվանդանոց, փորձել վիրահատել, բայց հենց հիվանդանոցում էլ մահացել է:

Զաքարի դրկից հարեւան` 33-ամյա Դավիթ Պետրոսյանը, որ մասնագիտությամբ ոսկերիչ էր, զոհերից մեկն է: Նա սպանվել է «Մակարով» տեսակի ատրճանակի գնդակից:

- Ի՞նչ ելքեր եք տեսնում ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար:

- Անհրաժեշտ է իրական երկխոսություն սկսել: Երբ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին բոլորին, այդ թվում Ազատության հրապարակի «քույրերին եւ եղբայրներին» երկխոսության կոչ արեց, դա, ըստ էության, միայն խոսքեր էին: Եթե նա իրոք գնար այդ երկխոսությանը, այն ժամանակ կսկսեինք իրապես կասկածել` արդյոք իրավունք ունե՞նք այդքան վատ բան մտածել նորընտիր նախագահի մասին: Ցավոք, պարզվեց, որ կոչն իրականում ուղղված էր միայն իր բնորոշած «քաղաքական հաճախորդներին»: Եվ այն ամենը, ինչ այսօր կատարվում է, այն օրենքները, որ ընդունում են, ճնշումները, ձերբակալություններն ու քաղաքական տեռորը միանշանակ բումերանգի ազդեցություն են ունենալու եւ ուղղվելու են հենց Ս. Սարգսյանի դեմ: Նա այն մարդն է, ում ընտրությանը հասարակության մի ստվար մասը կասկածում է: Եվ եթե նա մինչեւ իր երդման արարողությունը շարունակի նույն քայլերն անել, կհայտնվենք անկանխատեսելի իրադրությունում: Ինչքա՞ն կարելի է գազը սեղմել: Այն մի օր կպայթի: Իսկ թե ի՞նչ կլինի հետեւանքը, պետք չէ գուշակություններ անել: Բավարար է նայել պատմությանը:

Պետք է վերջ տալ այս գործելակերպին եւ գնալ քաղաքական կոնսենսուսի: Դա է միակ ճանապարհը:

Կարծում եմ նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանը նույնպես իր ներկայացրած պահանջների կատարմանն ավելի շուտ կարող է հասնել սեղանի շուրջ: Օրինակ` նա ասում է, թե մինչեւ ձերբակալվածներին բաց չթողնեք, չենք կարող բանակցել: Ըստ իս` այդ համաձայնությանը կարելի է ավելի հեշտ հասնել սեղանի շուրջ:

Ընդհանուր առմամբ, մեր քաղաքական դաշտում գործող մարդկանց խանգարում է այն, որ ամեն մարդ իր ճշմարտությունը միանշանակ է ընդունում, չի սիրում դրանից բեկվել:

- Տկն Բախշյան, խոսակցություններ են պտտվում, որ ժողովուրդը զոհերի հիշատակը հարգելու համար մարտի 21-ին Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան շարքով կանգնելու է: Դուք մասնակցելու՞ եք այդ ակցիային եւ, ըստ Ձեզ, ի՞նչ կանի իշխանությունը:

- Հաշվի առնելով «Հանրահավաքների մասին» օրենքում արված վերջին փոփոխությունները` կարծում եմ` իշխանությունները թույլ չեն տա ժողովրդին հավաքվել եւ կդիմեն նաեւ ուժի: Չնայած, եթե չեն ուզում վիճակն ավելի սրել, պետք է նման քայլի չդիմեն:

Ինչ վերաբերում է ինձ, ես անձնապես կմասնակցեմ, որովհետեւ միշտ այնտեղ եմ, որտեղ կան վիրավորված եւ մերժված մարդիկ: Սակայն կտրուկ դեմ եմ օրենքով չթույլատրված ցանկացած միջոցառում անցկացնելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter