HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրկիզել են Լ.Բարսեղյանի վարած ավտոմեքենան

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստամարաթոնի թիրախը 25.120.100 դրամ հանգանակելն է

Գյումրիում մարտի 20-ին ամբողջ օրը շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Հայաստանի մոտավաորապես 60 համայնքների բնակիչներ, այդ թվում վանաձորցիներ, երեւանցիներ, եղեգնաձորցիներ:

Օրվա ընթացում ԳԱԼԱ ՀԸ եթերում մշտապես ընթերցվելով եւ վազող տողով հաղորդվել են նվիրատուների անունները: Ստուդիա այցելած մարդկանց մի մասը, հատկապես երիտասարդներն ու երեխաները իրենց կարծիքներն էին հայտնում ԳԱԼԱ ՀԸ մասին, բացատրում էին, թե ինչու են որոշել անպայման նվիրատվություններ կատարել հեռուստաընկերությունը եթերազրկումից փրկելու համար:

Օրվա ընթացքում Յունիբանկից ստացվեցին մարտի 19-ի ընթացքում եւ մարտի 20-ին մինչեւ ժամը 14-ի դրությամբ դրամական փոխանցումների վիճակագրությունը: Մոտ 300 նվիրատուների ցուցակը ներկայացվում է  www.asparez.am կայքում:    
 
Ժամը 13:50-ին առձեռն գումարի եւ բանկում դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը հասավ 10 մլն դրամի` հարկայինի նկարած ակտի եւ դատավորի վերանկարած գումարի 40 տոկոսին:
 
Բանկային դոլարային հաշվի վրա այդ պահին դեռ 110 դոլար կար, արտերկրից այդ հաշվին փոխանցումների վիճակագրությունը կհստականա 2-3 օրվա ընթացքում:
 
Մարտի 20-ին ժամը 22:30-ի դրությամբ Հանգանակության հանրագումարային թիվը հասավ 11.673.570 դրամի, ինչը կազմում է «պահանջվող գումարի» 46,47 տոկոսը:
 
Օրվա ընթացքում լուրեր ստացվեցին այն մասին, որ ԴԱՀԿ-ն արդեն պատրաստ ունի կատարողական թերթիկը, եւ կարող է հեռուստաընկերություն այցելել արդեն մարտի 21-ին` ուրբաթ օրը եւ ներկայացնել իր պահանջները: Մնացած մոտ 13 մլն դրամի հանգանակությունը դառնում է օրախնդիր:
 
Ժամը 21-ին մոտ, հյուևրընկալվելով Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում, Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին հորդորել է չմասնակցել դրամահավաք մարաթոնին, ասելով թե իրենց դիտավորյալ քամում են ու դատարկում: Այս պարոնը ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին իր համեստ միջոցներով մասնակցելու փոխարեն իր խելքով բոլորին «բացատրում էր», թե ԳԱԼԱ-ն ՀՀՇ-ից փողերը ստացել է ու հիմա, խաբելով բոլորին դրամահավաք է անում:
 
Այդ պահից ի վեր, ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ Խոսքի ազատության պաշտպանության շտաբի բոլոր հեռախոսահամարները չէին լռում գրեթե 2 ժամ, մարդիկ զանազան արտահայտություններով, վիրավորանքներով ու հայհոյանքներով իրենց վրդովմունքն էին արտահայտում Ղուկասյան Վարդանի հիշյալ հայտարարության մասին: Շատերը, ասելով, թե իրենք արդեն մասնակցել են դրամահավաքին, բայց Վ.Ղուկասյանին հակառակ, վաղն էլի են գալու եւ էլի են դրամ բերելու հեռուստաընկերություն:
 
Ժամը 23-ին մարաթոնի 2 օրերի մասին մասին հարցազրույց տալով ԳԱԼԱ ՀԸ եթերում, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ հանգանակվել է 11.673.570 դրամ, որից 1.880.000-ը` գտնվում է բանկային դրամային հաշվի վրա: Նվիրատուների թիվն արդեն անցնում է 1500-ից: Որոշ նվիրատուներ ներկայացնում են մի քանի հոգու, կազմակերպություններ: Ստուդիա այցելած եւ նվիրատվություններ կատարած անձանց ցուցակները ներկայացվում են այստեղ (մարտի 19) եւ այստեղ (մարտի 20):
 
Ուղիղ եթերում ընթացող հարցազրույցի ժամանակ մի քանի տասնյակ հեռուստադիտողներ զանգում եւ իրենց զայրույթն էին հայտնում քաղաքապետ Ղուկասյան Վարդանի վերոհիշյալ հայտարարությունների առթիվ, պնդում էին, որ նրան հակառակ, իրենք եւ ուրիշներ լրացուցիչ նվիրատվություններ են կատարելու: Լ.Բարսեղյանն անդրադառնալով Ղուկասյանի հայտարարություններին, ասաց, թե` մարդ է, այդպես է մտածում, իր գործն է, պատահում է, նա էլ է օգտվում Սահմանադրության ընձեռած իրավունքներից: Ավելացրեց նաեւ, որ ինքն ու իր ընկերներն այնքան պարապ չեն, որ մեկնաբանեն Ղուկասյանի մտքերը, դրա ոչ տեղն է, ոչ էլ ժամը: Իսկ բոլոր այն հեռախոսային հաղորդագրություններին, թե Վ.Ղուկասյանի անընդունելի հայտարարությունները իրենց ստիպում են լրացուցիչ հանգանակություններ անել ԳԱԼԱ ՀԸ համար, Լ.Բարսեղյանը արձագանքում էր «Շնորհակալություն Վարդան Ղուկասյանին», բառակապակցությամբ: Հաղորդումն ավարտվեց ժամը 00:20-ին:       
 
Հաղորդման ավարտից 40 րոպե հետո, գիշերը ժամը 1:05-ին, եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակ էր վերադարձել  Լ.Բարսեղյանը, եւ այստեղ էին երկու հերթապահները, 2 անհայտ անձինք, բենզինը լցնելով ակումբի այն մեքենայի վրա, որով Խորհրդի նախագահը ժամանել էր գրասենյակ, հրդեհեցին այն եւ փախան: Մեկը կրեմագույն բաճկոնով էր, մյուսը` սեւ: Հրդեհումը տեւել է մոտ 10 վայրկյան: Հերթապահները այդ պահը տեսել են հսկիչ մոնիտորով եւ անմիջապես դուրս վազել հրդեհը հանգցնելու: Լ.Բարսեղյանը 1:06-ին ահազանգել է ոստիկանություն ու միացել հրշիջման աշխատանքներին: Մեքենան հրդեհվել է եւ բենզինի բաքի կողմից եւ շարժիչի կողմից, ենթադրաբար 1-2 լիտր բենզինի միջոցով: Արագ միացված ակումբի ջրի պոմպի եւ ռետինե խողովակի միջոցով, ավելի քան 20 րոպե ակումբի աշխատակիցները հանգցնում էին կրակը, որը բորբոքվել էր հատկապես շարժիչի մասում` փակ կապոտի տակ եւ անցնում էր սալոն: Ահազանգից 20 րոպե անց` 1:26-ին ժամանեցին ոստիկանները եւ եւս 2 րոպեից` հրշեջները: Այդ պահին հնարավոր էր եղել արդեն հրդեհից փրկել մեքենայի սալոնը, փաստաթղթերը, թափքը եւ պահախուցը: Հրշեջները եւ փրկարարները ջրի շիթով մոտ 15 րոպե սառեցնում էին շարժիչն ու ապարդյուն ջանքերով փորձում ուժով բացել կապոտը: Չունենալով համապատասխան գործիքներ, լինգերով եւ մի փականագործական բանալիով բացեցին այն ու հրդեհը վերջնականապես հանգցրին: Ավելի ուշ ժամանեցին փորձագետները եւ համապատասխան արձանագրություններ կազմեցին: Հրկիզված մեքենան պատկանում է Ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, որի թույլտվությամբ արդեն մոտ 1 շաբաթ է մեքենան վարում էր Լ.Բարսեղյանը. վերջինիս մեքենան նորոգվում էր: Հասցված վնասը, նախնական գնահատմամբ կազմում է մոտ 900.000 դրամ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի հրկիզված ավտոմեքենան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս դիտավորյալ կանխամտածված հրկիզումը բացահայտող բոլոր ոստիկաններին երաշխավորում է երկու հատ ՕPEL-VECTRA 2.0, 1994 թ. մեքենա:

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության Մարաթոնը, այսպիսով նոր զարգացումներ է ստանում, այս հրավառությունը պատահական չէ, Լ.Բարսեղյանի համոզմամբ ուղղակի կապ ունի ինչպես ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած կոշտ քննադատության, հունվարի 18-ի գիշերը Ակումբի պատուհանի հրդեհման եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված ահաբեկումների հետ: Ակումբի պատուհանի հրկիզման նախաքննության հարցաքննությունների ընթացքում նախկինում ակումբի եւ իր հասցեին հնչեցված անստորագիր ահաբեկումների մասին Լ.Բարսեղյանը տեղեկացրել էր իրավապահներին: Փետրվարի 25-ին Ս.Սարգսյանի պաշտպանության համար Գյումրու թատերական հրապարակում կազմակերպված վարչական հանրահավաքի ժամանակ, Վ.Ղուկասյանը վիրավորել ու զրպարտել էր ակումբին, իր խոսքի վերջում զգաստացման կոչելով վերջինիս ու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը. «... Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա «Գալա քաղմասն է», մեկ էլ «Ասպարեզ քաղմասը», որ գիշեր-ցերեկ գովերգում են սազերն առած` Լեւոն Տեր-Պետրոսյանին`ՀՀՇ-ի գումարներով, վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան: ... »: Ոստիկանությունը, մի քանի շաբաթ հետաքննելով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմումը այդ նախադասությամբ իրեն վիրավորելու, զրպարտելու եւ ապա` սպառնալու մասին, բացատրություններ ստանալով Վ.Ղուկասյանից, 3 օր առաջ գտել էր, որ. «հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվում»: Քաղմասներից զզվող այս պարոնը իր բացատրության մեջ նշել է, որ այդ նախադասությամբ ինքը որեւէ մեկին վիրավորելու կամ զրպարտելու ցանկություն չի ունեցել եւ արտահայտել է իրեն հասած հազարավոր գյումրեցիների կարծիքը: Իսկ ոստիկանության վերոհիշյալ եզրակացությունը այլեւս լիարժեքորեն թույլ է տալիս ամենքին փոփոխել Վ.Ղուկասյանի վերոհիշյալ նախադասության մեջ անձանց անունները իրենց կամեցած անուններով եւ համարձակությամբ արտասանել այդ «միտքը» ինչքան կամենան. հանցակազմ չկա: Իբր: Եւ այլն:
 
Անկախ ամեն ինչից Լ.Բարսեղյանը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը շարունակում են Մարաթոն-դրամահավաքը. ռեժիմը չի հաջողելու ԳԱԼԱ ՀԸ փակել, նահանջի տեղ չկա. NO PASARAN:  
 
Խոսքի ազատության եւև ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբն ու ԳԱԼԱ ՀԸ աշխատակազմը երախտագիտություն է հայտնում բոլոր նվիրատուներին:
 
Հիշեցնում ենք, որ զանազան գերատեսչությունների ճնշումների երկու դատական գործերի հետեւանքով ԳԱԼԱ ՀԸ-ն 2007 թվի նոյեմբերի 1-ից աշխատում է առանց առեւտրային գովազդային պատվերների, իր ծրագրերում ունենալով ու պահպանելով բոլոր լրատվական եւ վերլուծական հաղորդաշարերը վերածվել է իսկական հանրային հեռուստաընկերության:
 
Ստորեւ` այն բանկային հաշիվները, որոնցով Հայաստանից եւ արտերկրից մարդիկ կարող են իրենց նվիրատվությունները կատարել ու այդպիսով օգնել հեռուստաընկերությանն ու պահպանել այն:
 
ԳԱԼԱ ՀԸ օգնելու Դրամական հաշվի համար
Վահան Խաչատրյան
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ
հ/հ 2410 3101 2610
 
Դոլարային հաշվի համար
For transfers in USD
Intermediary Bank:
Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiary’s bank:
UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 
Acc: 0443 7920
“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH
Beneficiary: Khachatryan Vahan
Account: 2410 3111 2618

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter