Մոմավառություն եւ լուռ բողոքի շարք
Մարտի 21-ին, երբ այլեւս ուժի մեջ չէր արտակարգ դրության մասին հրամանագիրը, հազարավոր մարդիկ կրկին դուրս էին եկել փողոց: Նախապես որոշվել էր, որ ժամը 15-ին քաղաքացիները, ի հիշատակ մարտի 1-ին զոհվածների, մոմավառություն են կատարելու Ազատության հրապարակում, իսկ ժամը 17-19-ը լուռ շարքով կանգնելու են Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանը:
Սակայն ոստիկանությունը նախապես պատրաստվել էր այս ամենին: Ազատության հրապարակն ընդհանրապես փակ էր, այնտեղ հավաքվել էին ՀՀ ոստիկանության զորքերի զինվորները: Սակայն նրանցից զատ` մայրաքաղաքի կենտրոն էին տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ` սաղավարտներով, մահակներով եւ վահաններով:
Նախ` ոստիկանները արգելեցին մի խումբ կանանց մտնել Ազատության հրապարակ` հրամայելով ցրվել, ինչին կանայք ընդդիմացան` նշելով, որ «սա մեր քաղաքն է, որտեղ ուզենք, այնտեղ էլ կկանգնենք»: Մոմավառության եկած մարդիկ իրենց մոմերը վառեցին Առնո Բաբաջանյանի արձանի պատվանդանին:
Երբ ժողովուրդը սկսեց հավաքվել, ոստիկանները, օղակելով Ազատության հրապարակի շրջակա տարածքը, առաջ շարժվեցին` քաղաքացիներին ցրելու նպատակով: Այդպես նրանք անցան Թումանյան եւ Տերյան փողոցները: Վերջիններիս խաչմերուկի մայթին` «Նորդ» բիզնես-կենտրոնի դիմաց, մի խումբ ոստիկաններ Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) պետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի (մականունը` «Բազազ») գլխավորությամբ էլեկտրաշոկով եւ մահակներով հարձակվեցին մի երիտասարդի վրա, որը, ըստ նրանց, «խախտել էր կարգը` տրորել էր գազոնը»: Հարվածներ ստացավ նաեւ երիտասարդին պաշտպանել փորձող մի կին:
Հյուսիսային պողոտայում հավաքված ակտիվիստները ժամը 17-ից ծաղիկներով եւ մոմերով լուռ շարք կազմեցին, որն անցնում էր Աբովյան- Հանրապետության հրապարակ (ԱԳՆ-ի եւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մայթերով)- Վազգեն Սարգսյան փողոցներով: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի եւ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ հսկողության տակ էր վերցվել մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը:
Ոստիկանները, մասնավորապես, քաղաքացիներին արգելեցին մոտենալ Մյասնիկյանի արձանին, որը շրջափակված էր: Նույն վիճակում էր նաեւ Շահումյանի արձանը: Ոստիկանական ուժերի կուտակումներ կային Հանրապետության հրապարակում: Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները շարունակ նկարահանում էին ակտիվիստներին: Մաշտոցի պողոտայում էլ` Մարգարյան հիվանդանոցի դիմաց, տեղի ունեցավ հերթական քաշքշուկը:
Ժամը 19-ին նախատեսվածի պես իրենց լուռ բողոքն արտահայտած քաղաքացիները ցրվեցին:
Երեկ ոստիկանները բերման են ենթարկել առաջին նախագահի թիմակիցներ Վարդան Գալստյանին, Դավիթ Ծաղիկյանին, ինչպես նաեւ Օնիկ Հակոբյանին, Սուրեն Սուջյանին, Էդուարդ Սառաջյանին, Հակոբ Սեմիրջյանին: «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ին հայտնել է, որ վերջին երկուսը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարցաքննվում են Գլխավոր դատախազությունում, իսկ մյուսները, ոստիկանության փոխանցմամբ, պետք է ենթարկվեն վարչական տույժի` երեկվա միջոցառմանը մասնակցելու համար: Նման տույժի է ենթարկվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմիկ Առաքել Սեմիրջյանը, որին նույնպես բերման էին ենթարկել երեկ:
Տես նաեւ՝ Լուռ բողոքի շարք: Երեւան 21.03.2008
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել