Հանգանակվել է 22 մլն 218 հազար
ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դարձել է Համահայկական մարաթոն. Արդեն հանգանակվել է 22 մլն 218 հազար, որից 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան
Մարտի 23-ին Սուրբ Զատկի տոնին Մարդիկ շարունակում էին այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերություն եւ իրենց հոգու պարտքը կատարում` իրենց դրամը հանգանակում Հեռուստաընկերության պաշտպանության գործին: Օրվա ընթացքում անձնական նվիրատվությունների տեսքով հանգանակվեց 628.800 դրամ` ամբողջը կանխիկ:
Մարտի 24-ի` երկուշաբթի առավոտնից վերսկսեց մարդկանց բուռն հոսքը հեռուստաընկերություն: Կիրակի եւ երկուշաբթի ստուդիա եկող մարդկանց մի մասն արդեն նախորդ օրերին իրենց հանգանակություններն արել էին, բայց լավ տեղեկացված լինելով իրավիճակին ու կամենալով մինչեւ վերջ հասցնել գործը, մասամբ ի հեճուկս մի քանի հատուկենտ չարամիտների, նորից էին գալիս ու նվիրաբերում իրենց դրամը:
Մարտի 24-ի ժամը 13-ի դրությամբ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության գործին հանգնակվել է ընդամենը 22 մլն 218 հազար 650 դրամ, որից այդ պահին Յունիբանկի դրամային հաշվին կա 236.000 դրամ: Մարտի 24-ի առավոտնից մինչեւ ժամը 13-ը արդեն հանգանակվել է 3.319.350 դրամ, որից 1մլն դրամ նվիրող զույգ երիտասարդները ներկայացան որպես Երեւանցի Ախպերություն:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը հայտնում է, որ լրջագույն ահազանգեր ունենք առ այն, որ արտերկրից արված մի քանի հարյուր դրամական փոխանցումները տեղ չեն հասնում, կամ դեռ տեղ չեն հասնում: Մեր ձեռքի տակ ունենք փոխանցումների անդորրագրեր, որոնց հետքերով բանկեր այցելելիս, պատասխանում են, թե այդ գումարը դեռ չկա: Երեւանից մի քանի ահազանգեր ունենք, առ այն, որ մի քանի բանկերից արդեն ուրբաթ օրը փոխանցումներ կատարելիս, մերժել են ընդունել դրամը, ասելով, թե այդ հաշվին չենք կարող վերցնել:
Փաստացի արտերկրից ունենք առայժմ ընդամենը 3 հանգանակություն, ահա.
Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար,
Դիաննա Զաքարյան, Իսպանիա, 50.000 դրամ,
Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար` «Գագիկ Թերզյան» գրասենյակի միջոցով:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ կոչը Ազատությունը գնահատող մարդկանց
Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.
Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 6 մլն 846 հազար 200 դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:
Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:
Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:
Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374.312.31819, +374.312.31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374.91.435563: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել