Ավագանին անհանգստացած է, բայց ինչի՞ց...
Կոտայքի մարզի Գեղադիր համայնքի ավագանու 2007 թ. կայացրած 2 տասնյակի չհասնող որոշումների թվում էր նաեւ «Գառնու հիվանդանոցի մահճակալների կրճատման եւ ընտանեկան բժշկության կենտրոնի վերածման առնչությամբ միջնորդության խնդրանքով Կոտայքի մարզպետարան դիմելու հարցը»:
Որոշման տեքստում նշված էր, որ Գառնու հիվանդանոցն իր 60 մահճակալներով տարիներ շարունակ սպասարկել է շրջակա գյուղերի` Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ, 20.000 ազգաբնակչությանը, սակայն մահճակալները կրճատվել են` հասցվելով 5-ի, հիվանդանոցն էլ վերածվել է ընտանեկան բժշկության կենտրոնի: Ավագանու կայացրած որոշումը թույլ էր տալիս ենթադրել, որ օպտիմալացման այս ծրագիրն այլեւս անհնարին էր դարձրել ազգաբնակչության նորմալ բուժսպասարկումը: Այն հարցին, թե իսկապե՞ս գյուղացիները խնդիրներ ունենում են, Գեղադիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Թամար Մադոյանը միանշանակ պատասխան չտվեց` «դե, հա, ունենում են»:
«Գառնու առողջության կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Գրիգոր Գրիգորյանը տեղյակ էր մարզպետարան ուղարկված «դիմում-խնդրանքներից»: Նմանատիպ որոշումներ կայացրել էին նաեւ մյուս համայնքների ավագանիները, ինչն անհասկանալի էր բուժհիմնարկի տնօրենի տեսանկյունից, քանի որ առողջության կենտրոնի օպտիմալացումը կատարվել էր ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 2-ի N 1911-Ն «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման համաձայն: Մահճակալների կրճատման համար հիմք էր ծառայել նախորդ տարիների ծանրաբեռնվածության վիճակագրությունը, որը 11-12 % է կազմել: «Նախկինում 30 մահճակալ է եղել: Թերի ծանրաբեռնվածության պատճառով կրճատեցին` հասցնելով 20-ի: Մահճակալներից 5-ը նախատեսված է մեծահասակների համար, 5-ը` փոքրերի, 10-ը` ծննդօգնության: Հիմա մահճակալների թիվը 5 է, որը լրիվ բավարար է: Մենք էլի սպասարկում ենք 5 գյուղի»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:
Տնօրենը հայտնեց, որ կրճատումը կատարվել է հիվանդանոցի գործունեության տարեկան հաշվետվություններն ուսումնասիրելով, եւ ստացել են այդ թիվը: Օրինակ` եթե փետրվարին 5 ծնունդ են ունեցել, եւ 1 հիվանդի համար 5 օր է նախատեսված, ընդհանուր` 25 օր, այս դեպքում, տնօրենի հավաստմամբ, բավականացնում է նույնիսկ 1 մահճակալը: Ինչ վերաբերում է ստացիոնար հիվանդներին, ապա նրանց թիվն ամսական 6-7 է: Գ. Գրիգորյանը նշեց, որ կառավարության որոշումը ոչնչով չի ազդել ոգչ մատուցվող ծառայությունների, եւ ոգչ էլ սպասարկման ծավալների վրա: «Առողջության առաջնային պահպանումը լրիվ կատարում ենք, ավելացել է ընտանեկան բժշկի գրասենյակը: Վերջերս երեք բժիշկ վերապատրաստվեցին, այնպես որ մասնագետներից չենք դժգոհում»,- հայտնեց «Գառնու առողջության կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը:
Բուժհիմնարկը նաեւ շտապ օգնության ծառայություն է մատուցում, ունի 2 մեքենա: Նախորդ տարի կանչերի թիվը 1623 է եղել: Ծնունդների թիվը կազմել է 87, որը 2006 թ. համեմատությամբ 11-ով ավելի է: Զգալիորեն ավելացել է նաեւ հաճախումների թիվը. 2003 թ. այդ ցուցանիշը կազմել է մոտ 14.000, 2006 թ.` 17.981 մարդ: «Հիմա ավելի որակյալ բուժծառայություն ենք մատուցում: Դեղորայքով ապահովում ենք: Նախկինում վիրաբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան չի եղել, ընտանեկան բժշկի գրասենյակ չի եղել, հիմա կա: Բնակչության մոտ 70 %-ն արդեն ընտրել է իր բժշկին»,- պատմեց Գ. Գրիգորյանը:
Գողթ գյուղը սպասարկող բժշկուհի Սիրանույշ Պետրոսյանը պատմեց, որ գողթեցիները մայրաքաղաք կամ Երեւան են գնում հիմնականում բարդությունների դեպքում: «Գառնու առողջության կենտրոնը» հարմար է, քանի որ ավելի մոտ է, բացի այդ, դժգոհություններ չկան: Բժիշկ-լաբորանտ Լալա Հարությունյանը հավելեց, որ նախկինի համեմատությամբ զգալիորեն ավելացել է լաբորատոր հետազոտությունների ծավալը: Շաքարային դիաբետով հիվանդ մի բնակիչ մեզ ասաց, որ «միշտ այնտեղ է գնում, քանի որ իր ընտանեկան բժիշկն այնտեղ է, դեղերն էլ անվճար են»:
Գառնի կատարած այցի ժամանակ պարզ էր, որ բուժհիմնարկի օպտիմալացումը չէր ազդել սպասարկման որակի վրա: Սակայն, այդ համատեքստում անհասկանալի էին ավագանու կայացրած որոշումները: Դա անհասկանալի էր նաեւ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանի համար: «Մի քանի գյուղից բողոքներ են եղել, բայց չէին հասկացել, թե ինչի դեմ են բողոքում: Ընդամենը մահճակալներն են կրճատել»,- ասաց Գ. Մարտիրոսյանը: Վարչության պետը նշեց, որ Գառնու առողջության կենտրոնը պետպատվերի շրջանակներում իրականացնում է 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկում եւ ծննդօգնություն: Վերջինիս հավաստմամբ` մահճակալների կրճատումը պայմանավորված է եղել թերբեռնվածությամբ: «Փորձագետներն են ուսումնասիրել, մենք էլ չենք արել»,- ասաց Գ. Մարտիրոսյանը:
Երբ փորձեցինք Գեղադիրի համայնքապետից ճշտել, թե որտեղի՞ց առաջացավ խնդիրը բարձրացնելու անհրաժեշտությունը, եթե արդյունքում բուժսպասարկումը չէր տուժել, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Ուզում էին մի մասնաշենքը սեփականաշնորհել, վաճառել, մահճակալների թիվը պակասեցնել: Գառնիի համայնքապետի հետ միասին որոշեցինք, որ էդ ճիշտ որոշում չի: Խնդրեցինք, որ այդպիսի բան չանեն: Մեր խնդրանքը ոնց որ բավարարվեց: Շենքը չեն վաճառել, բայց էդ մահճակալները` չգիտեմ»:
Գեղադիրի համայնքապետը նշեց, որ բուժհիմնարկի ծառայությունից օգտվող բոլոր գյուղերն էլ նման որոշումներ ընդունել են: Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը նախընտրեց «որեւէ ինֆորմացիա չտալ, քանի որ իրավասություն չունի», այնուամենայնիվ, ակնարկեց, թե` «բողոք կար, էդ էլ այլ խնդիր էր»: Իսկ Հացավանի համայնքապետ Շավարշ Սարգսյանը նշեց. «Դե, ժողովուրդը համաձայն չէր, որ էդ ամբուլատորիան սեփականաշնորհեին: Դրա հիման վրա ավագանու նիստ ենք արել, մեր գյուղի ժողովուրդը չի ուզել, որ ըտենց բան լինի»: Ա. Հակոբյանը նշեց, որ լուրը ստացել էին Գառնու բնակիչներից: Սակայն համայնքապետը չգիտեր, թե ինչ էր եղել արդյունքում:
Կոտայքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը պարզաբանեց, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն` օպտիմալացման գործընթացների արդյունքում պետք է ազատվի եւ օտարվի Գառնու առողջության կենտրոնի մեկ մասնաշենք (510 քմ տարածքով), որը հանձնվելու է Պետական գույքի կառավարման վարչությանը: Գ. Մարտիրոսյանը նշեց, որ այն տեխնիկական մասնաշենք է, նախկինում այնտեղ կաթսայատուն է եղել: Այժմ դրա կարիքն այլեւս չկա, քանի որ լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրված կենտրոնում: Ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը, ապա, Գ. Մարտիրոսյանի հավաստմամբ, այդ մասին խոսք չի եղել, սակայն «հանձնելուն միգուցե հետեւի սեփականաշնորհումը»:
Փաստորեն, տարբեր համայնքների ավագանիները կայացրել էին գրեթե միեւնույն որոշումը` նպատակ ունենալով կանխել կառավարության որոշման կատարումը: Ոգչ համայնքապետերը, ոգչ էլ ավագանին ի սկզբանե հստակորեն չէին պատկերացրել խնդիրը` չհիմնավորված դիմում-խնդրանքով դիմելով Կոտայքի մարզպետարան, շեշտը դնելով միայն մահճակալների կրճատման վրա, ինչը խնդիր չէր առաջացրել: Բուն պատճառն, իրականում, կենտրոնը սեփականաշնորհելու մասին խոսակցություններն էին եղել, որոնց մասին, ինչպես պարզ դարձավ, հարեւաններին հաղորդել էին «գառնեցիները», ավելի ճիշտ` Գառնու համայնքապետը: Առավել հետաքրքրական էր այն, որ համայնքապետերն անտեղյակ էին, թե, վերջիվերջո, ի՞նչ ճակատագրի արժանացավ իրենց բարձրացրած հարցը:
Կոտայք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել