HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդկունքում ավելի ես տխրում մարդկանց բարությունից

Բերդկունքը Գավառի վարչատարածքի` բնակչության թվաքանակով ամենափոքր համայնքն է: Ամենափոքրն է դեռ խորհրդային տարիներից:

Ու որպեսզի գյուղը զարգանա ու շենանա, 1949 թ. այն միացրել են հարեւան Այրիվանք գյուղին (ներկայումս` Հայրավանք), ապա փոշմանել ու 1955 թ. կրկին առանձնացրել են: Երկրորդ անգամ գյուղն Այրիվանքին միացրել են 1967 թ., տարիներ հետո` 1991-ին, վերստին առանձնացրել են որպես ինքնուրույն համայնք` Բերդկունք անունով: 

Այս ամենի հետեւանքով ներկայումս համայնքը չունի դպրոց, որն ամենացավոտ խնդիրն է, համայնքապետարանը չունի վարչական շենք, մշակութային հաստատություն: 2006-07 ուսումնական տարում համայնքում գործել է տարրական դպրոց, իսկ միջնակարգ կրթությունը համայնքի երեխաները շարունակել են Հայրավանքի դպրոցում: Բերդկունք-Հայրավանք միջհամայնքային ճանապարհի երկարությունը 4 կմ է, եւ տրանսպորտային կապի բացակայության պայմաններում երեխաների դպրոց գնալը, հատկապես ձմռան ամիսներին, շատ դժվար է: Համայնքային ենթակայության միակ` դպրոցի շինությունն օգտագործվում է համայնքային բոլոր կարիքների համար: Այդ թվում` որպես համայնքապետարանի նստավայր, ընտությունների շրջանում` իբրեւ ընտրական տեղամաս ու իշխանության թեկնածուի նախընտրական շտաբ:

Դպրոցի` իր նպատակին այլեւս չծառայող շինությունը 2006 թ. վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով, ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով: Նա նաեւ խոստացել է ապահովել դպրոցի կենսագործունեությունը համայնքում, սակայն 2007-ից նաեւ տարրական դասարաններն են տեղափոխվել Հայրավանքի դպրոց: Ներկայումս դպրոցը չի գործում, իսկ համայնքի բնակիչները մատնացույց են անում շինության վիճակը` նայեգք եւ ինքներդ դատեք, թե ի՞նչ է մնացել 7 մլն դրամ արժողությամբ վերանորոգումից:

Համայնքի բնակիչներն իրենց գյուղի զարգացման հիմնական խոչընդոտը համարում են հարեւան համայնքի հետ միացնելը: Դրա հետեւանքով էլ այսօր դպրոց, մանկապարտեզ, ակումբ, համայնքապետարանի շենք չունեն: Չեն զարգացել համայնքային ենթակառուցվածքները: Ու քանի որ ներկայումս էլ խոսակցություններ կան, թե զարգացում ապահովելու համար հնարավոր է համայնքների խոշորացում, բերդկունքցիները, ելնելով իրենց դառը կենսափորձից, դա համարում են խիստ սխալ եւ անարդյունավետ տարբերակ: Համայնքապետարանի հաշվապահ Նորիկ Թադեւոսյանը որպես օրինակ նշում է նաեւ Հացառատ եւ Արծվաքար գյուղերը Գավառ քաղաքին թաղամասերի ձեւով միացնելու պատմությունը, որից շահել է միայն վարչական կենտրոն հանդիսացող Գավառը: Բերդկունքի պարագայում էլ շահել է Հայրավանքը` տարիների ընթացքում ձեւավորելով գործող ենթակառույցներ: Միացման արդյունքում նաեւ խորհրդային տարիներին երիտասարդ ընտանիքներին տնամերձ հողամասեր են հատկացվել Հայրավանքից, ինչի արդյունքում իրենց բնակիչն այսօր դարձել է այլ համայնքի բնակիչ: Դպրոցի` Հայրավանքում գտնվելու հանգամանքը նույնպես նպաստել է հարեւան համայնք տեղափոխվելուն:

Չնայած համայնքի բազում խնդիրներին` 1991 թ. համայնքն ունեցել է 234, իսկ այժմ` 288 բնակիչ, 78 տնտեսություն: Իսկ մինչ այդ, դեռեւս խորհրդային տարիներին, գյուղի բնակչության թիվն անհամեմատ մեծ է եղել: Այստեղ ապրել են նաեւ ադրբեջանցիներ: Մարզկենտրոն Գավառից Բերդկունքը գտնվում է 12 կմ հեռավորության վրա, Սեւանա լճի ափին: Սակայն, ի տարբերություն մեր դիտարկած Ճամբարակի վարչատարածքի Շորժա համայնքի, լճին մոտ գտնվելը որեւէ դրակա ներգործություն չի ունենում համայնքի զարգացման վրա: Լիճը ցանկապատված է, եւ համայնքի բնակիչներն առանց մուտքավճարի չեն կարողանում մոտենալ լճին: «Անգամ լողալ չենք կարող, ավելի լավ է աչքներիս առաջ չլիներ, հավեսներս չքաշեր»,- դժգոհում են բերդկունքցիները:

Լճին մոտ գտնվող համայնքներում վերջին տարիներին հովեկներն ամառանոցներ են գնում: Բերդկունքում նույնպես ամռանը հովեկներ լինում են, սակայն համայնքը ժամանակավոր բնակիչներ ունենալու այս հանգամանքից նույնպես որեւէ կերպ չի շահում: Համայնքը գտնվում է բարձրլեռնային գոտում եւ, ըստ էության, իրական ամառը 15-20 օր է տեւում, հետեւապես մարդիկ իրենց հանգիստն անցկացնելու համար ափամերձ այլ տարածքներ են որոնում:

2007 թ. ընթացքում «Սեւան» ազգային պարկը դատական հայցով վիճարկել է համայնքի` ափամերձ տարածքում ունեցած հողերի սեփականության հարցը: Դատական տարբեր ատյաններում վիճահարույց հարցը լուծվել է հօգուտ «Սեւան» ազգային պարկի: Համայնքի ներկայացուցիչները գոհ չեն կայացված որոշումից, բայց անիմաստ են համարում հարցի հետագա քննությունը: Ունեն անօգտագործելի հողեր, որոնց նշանակությունը փոխելու եւ հողերն օտարելու հարցով համայնքը դիմել է կառավարությանը, սակայն միաժամանակ տարակուսանքի մեջ են` իսկ եթե «Սեւան» ազգային պարկը նորից գանգատարկի՞ հողերի սեփականության հարցը: «Մի՞թե ճշգրտված չեն ազգային պարկի սահմանները»,- հարցին համայնքի ղեկավար Բաբկեն Դադիկյանը պատասխանում է, որ սահմանները ճշգրտված չեն, «Սեւան» ազգային պարկն իր կառավարման տարածքն է համարում լճից ազատված տարածքները, սակայն չէ՞ որ Սեւան քաղաքը, Լճաշեն, Լճափ, Ծովազարդ, Հայրավանք գյուղերը, իրենց համայնքը գտնվում են հենց լճի երբեմնի մաս հանդիսացող տարածքներում: Եվ, ըստ էության, այս հարցը դեռ կարգավորված չէ:

2007 թ. ընթացքում համայնքապետարանն իրականացրել է անհատական բնակարանների կառուցապատման նպատակով տնամերձ հողակտորների օտարում աճուրդային եղանակով: Համայնքի սեփականություն հանդիսացող այլ տեսակի սեփականության օտարում, բացի հողերի վարձակալության տրամադրումից, համայնքապետարանը չի իրականացրել:

Բերդկունքի 2007 թ. բյուջեն կազմել է 6 մլն 380 հազար դրամ: Դոտացիան կազմել են 2 մլն 46 հազար դրամ: Սակայն բյուջեի կատարողականը միշտ զիջում է տարիներ շարունակ կուտակված շուրջ 5 մլն հողի հարկի ապառքների պատճառով: 430 հազար դրամ նոր ապառք էլ մնացել է նախորդ տարվանից` համայնքապետարանի եւ գրադարանի 2 ամսվա չվճարված աշխատավարձ, ինչի հետեւանքով չի կատարվել վարչական բյուջեն: «Իսկ ֆոնդային բյուջեն,- նշում է համայնքի ղեկավար Բ. Դադիկյանը,- կարելի է ասել, որ կատարել ենք 110 տոկոսով»: Հողի հարկի հավաքագրման աշխատանքներում նպատակահարմար չեն գտնում դիմել դատարան, քանի որ մարդիկ վճարունակ չեն: Հողի հարկ վճարողներին զգուշացնում են միայն ծանուցագրերի միջոցով եւ բանավոր եղանակով:

Հողի հարկի ապառքների բեռից ազատումը համայնքի ղեկավարը տեսնում է մեկ ճանապարհով` աստիճանաբար, տարիների ընթացքում մարելու միջոցով: Տարիներ առաջ նաեւ մարդկանց թյուրիմացության մեջ են գցել, թե պետությունը ուր որ է զիջելու է ապառքները, ինչը նույնպես նպաստել է ապառքների կուտակմանը: Իսկ այժմ մարդիկ գիտեն, որ դա անհնար է, եւ իրենք պետք է փորձեն մուծել եւ չկուտակել հետագա պարտքեր: Թեեւ Բերդկունքի բյուջետային սուղ հնարավորություններն արդեն շատ խոսուն են, սակայն 2007 թ. գործունեության առանցքային անելիքների մասին հարցադրում ենք հղում համայնքի ղեկավարին: «Ի՞նչ ենք արել որ: Օգնություն ենք բաժանել ժողովրդին, ցուցակով, վերջացրել ենք»,- նշում է նա: Օգնությունները եղել են պարարտանյութի, սերմացուի, ծառի տեսքով, իսկ ցուցակները տրամադրել է Գեղարքունիքի մարզպետարանը: Նաեւ «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենա են ձեռք բերել համայնքապետարանի համար:

Սակայն համայքը ֆոնդային բյուջեում ունի տնտեսված 1 մլն 200 հազար դրամ գումար, որը ցանկանում են 2008 թ. օգտագործել գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով, ինչի կարիքը շատ են զգում:

Համայնքի բնակիչները համայնքապետարան դիմում են հիմնականում օգնության, ծուխ անջատելու դիմումներով: Սակայն ներկա պահին գյուղի բնակիչների ամենամեծ խնդիրը խմելու ջրի մատակարարումն է: Համայնքում միայն 5 տնտեսություն ջուր ունի, քանի որ «ջուրը նապորով չի մղվում», որի հետեւանքով խողովակները սառչում են: Համայնքի բնակիչ Արշակ Նազարյանը վրդովված ասում է, որ բազմիցս զանգահարել է ջրամատակարարող ընկերություն եւ իր բողոքն անձամբ հայտնել է կազմակերպության ղեկավարին, սակայն արդյունքի չեն հասել: Միեւնույն ժամանակ համայնքի տնտեսությունները չեն հրաժարվում ջրի վարձ մուծելուց: Համայնքի ղեկավարը նման մոտեցումը թշնամություն է համարում, քանի որ համայնքի բոլոր տնտեսությունները ջրաչափեր են տեղադրել, որոնք հիմա արդեն սառած կլինեն, հետեւապես նրանց հետագա շահագործումն էլ գուցե անհնար դառնա:

Բերդկունքում ապրելն անհետաքրքիր է: Երիտասարդությունը չգիտի ինչով զբաղվի եւ ձգտում է մի հնարով հեռանալ գյուղից: Հենց մի ծանոթի հեռախոսահամար են գտնում, անմիջապես իրենց վիճակի մեջ փոփոխության ելք են որոնում, փորձում են աշխատանք գտնել հանրապետությունից դուրս: Ինչպես համայնքի ղեկավարն է նշում, մարդիկ մի բերքահավաքի հույսին են ապրում, որը մեկ ամիս է տեւում, սակայն բերքահավաքն էլ չսկսված` դիզելային վառելիքի, բենզինի եւ անգամ խոտի հակի թելի գները բարձրանում են, իսկ առանց ծախսեր անելու բերքահավաք հնարավոր չէ իրականացնել: Համայնքն ունի 242 հա վարելահող, 40 հա խոտհարք եւ 220 հա արոտավայր: Համայնքի բնակիչները, սակայն, չեն կարողանում օգտագործել արոտավայրերը, քանի որ արոտավայր հանդիսացող տարածքները գտնվում են վարելահողերի մեջտեղում, որոնք օգտագործելու դեպքում անասունները կտրորեն իրենց իսկ ցանած ու վարած հողերը: Համայնքում ընդամենը 1 տնտեսություն է հրաժարվել սեփականաշնորհված հողից: Զբաղմունքի մյուս տեսակն էլ անասնապահությունն է:

Բերդկունքը դեռեւս չի հաստատել 2008 թ. իր բյուջեն: Հաշվարկների, ճշտումների եւ իրատեսական բյուջե մշակելու նպատակով այդ գործընթացը դեռ ձգձգվում է: Սակայն, ինչպես հանրապետության շատ ու շատ համայնքներում, այնպես էլ Բերդկունքում, բացի համայնքապետարանի գործունեության հետ առնչվող մարդկանցից, համայնքի մյուս բնակիչներին բոլորովին էլ չի հետաքրքրում` որքա՞ն է իրենց համայնքի բյուջեն, ինչպե՞ս է բյուջեի նախագիծ մշակվում, քննարկվելու՞ է այն, թե՞ ոչ, քանի որ մարդիկ չեն սպասում, թե համայնքային բյուջեն կարող է որեւէ կերպ փոխել իրենց կյանքի որակը: Առավել իրազեկված եւ ակտիվ բնակիչները վարանում են` դիմե՞լ տեղական իշխանություններին, հետաքրքրվե՞լ համայնքային բյուջեին վերաբերող հարցերով, թե՞ ոչ: Իսկ եթե ճիշտ չընկալվե՞ն: Եվ այս պարագայում բնավ կապ չունի, թե որքան է նախատեսված համայնքի բյուջեն:
Բոլոր նրանք, ում հետ հաջողվեց զրուցել Բերդկունքում, այնքան լավ տպավորություն են թողնում, որ չես կարողանում չտխրել, թե ինչու՞ մեր երկրի այս փոքր համայնքներից մեկում, որը բնավ եզակի չէ իր խնդիրներով, մարդիկ այսքան դժվար են ապրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter