HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դժգոհությունը կամաց-կամաց նման բաներից է առաջանում»,- ասում է Ոսկետափի համայնքապետը

Ոսկետափի համայնքապետ Սարգիս Աբրահամյանը ՏԻՄ ոլորտի հարցերի վերաբերյալ իր գնահատականներով ու դիրքորոշումով տարբերվում է Արարատի մարզի մյուս համայնքապետերից:

Նրա կարծիքով` համայնքներ կան, որոնցում տեղական ինքնակառավարումը գրեթե կայացել է, համայնքներ էլ կան, որոնցում տեղական ինքնակառավարման մասին խոսելը 100 տարի հետո էլ շուտ կլինի: «Եթե սրանք տարիներ իր վեր չեն կարողանում բյուջե կատարել, գոնե 50-60 %-ով հարկերը հավաքել, ինչպե՞ս կարող են կայանալ: Եթե չեն հավաքում, ուրեմն չեն ծախսում, եթե չեն ծախսում, ուրեմն ոչինչ էլ չեն անում: Իսկ ինչպե՞ս կարող է կայանալ ինքնակառավարումը, եթե այդտեղ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվում: Ի վերջո, ինքնակառավարումը միայն տեղեկանք տալը չի, ավելի ճիշտ` բոլորովին էլ տեղեկանք տալը չի, ինչպես շատերն են հասկանում»,- ասում է համայնքապետը: 

Խոսելով Ոսկետափի մասին, որը նա ղեկավարում է արդեն 8-9 տարի, նշեց, որ վերջին տարիներին այստեղ բյուջեներն անընդհատ կատարվել են: «Անցած տարվա բյուջեի գումարը 69 մլն դրամ էր, որից 44 մլն-ը մեր հավաքագրած հարկերն ու տուրքերն էին, եւ միայն 25 մլն-ն էր դոտացիան: Ընդ որում, առանց դոտացիայի էլ կարող ենք բավականին նորմալ կազմակերպել մեր գործունեությունը»,- ասում է ավելի քան 5 հազար բնակիչ ունեցող գյուղի համայնքապետը: 2007 թ. Ոսկետափում հողի հարկը կազմել է 15 մլն 156 հազար դրամ, հավաքել են 15.400 հազար դրամ: Հողի հարկի հետ կապված նախկինից շուրջ 30 մլն դրամ ապառքներ են կուտակվել: Համայնքապետի ասելով` 1994-ից չվճարողներ կան եւ, ի տարբերություն մյուս գյուղերի, որոնց համայնքապետերն, իրենց իսկ ներկայացմամբ, ձգտում են խուսափել դատական կարգով գումարները գանձելուց, այս գյուղում նման 9 գործ է քննվել: «Մարդը 300 հազար դրամից ավել պարտք ունի, դատարանն էլ որոշում է դրա դիմաց բռնագանձում անել: Գալիս է հարկադիր կատարողը եւ պարզում, որ չվճարողը սոցիալապես անապահով ընտանիք է: Հարցն այդքանով փակվում է: Մինչդեռ չկա ընտանիք, որ ի վիճակի չլինի տարին գոնե 5 հազար դրամ վճարելու: Թող 2 հազար վճարեն, ես էլ մտածեմ, որ մարդն ուզում է, բայց ի վիճակի չէ: Ի վերջո, աշխատում են, չէ՞»,- դժգոհում է համայնքապետը եւ անկեղծորեն խոստովանում, որ այս թնջուկի լուծումը չի տեսնում: «Ինչի՞ ենք մարդկանց անհավասար վիճակի մեջ դնում, մեկը պարտաճանաչ վճարում է, մյուսն անապահով է կամ չգիտեմ թե ինչ»:

Այս գյուղում բավականին շատ են Ադրբեջանից ներգաղթածները, որոնց մի մասը, որպես կանոն, իրենց սեփականաշնորհված հողերն օգտագործման են հանձնել հարեւան-բարեկամներին ու հեռացել Հայաստանից: «Չգիտենք, թե գումարը ումից գանձենք: Ովքեր էլ որ մշակում են սրանց հողերը, իրենց հողի վարձերը մի կերպ ենք գանձում, էլ ուր մնաց ուրիշներինը: Մտածում ենք, իբր միջոցներ ձեռնարկում, տարբեր քայլերի դիմում եւ` անարդյունք: Իրականում ելքը չի երեւում»,- ասում է Ոսկետափի համայնքապետը: Հիմա, նրա խոսքով, փորձում են մի քիչ գռեհիկ ձեւով «վախեցնել» չվճարողներին, թե պարտքի թիվը որ համակարգիչ մտավ, մինչեւ 55 % տույժ ու տուգանքներ են կիրառվելու, իսկ այդ դեպքում ոչ ոք չի կարող օգնել: «Վատ վճարողների համար ժամանակացույց ենք կազմել: Կան մարդիկ, որոնք, իրոք, ուզում են վճարել: Նման դեպքերում ինչ-որ չափով էլ համայնքապետարանն է օգնում: Մյուսներին էլ չենք ասում` չտվեցիր` սպանելու ենք: Բայց գյուղ է, որտեղ դպրոց կա, մշակույթի տուն, մանկապարտեզ, որոնցից բոլորն են օգտվու, եւ այդ գումարներն օգտագործվում են նաեւ դրանց շահագործման, պահպանման համար»,- դժգոհում է համայնքապետը եւ նշում, որ եթե 1999-2000 թթ. հավաքագրվել է հողի հարկի ընդամենը 21 %-ը, ապա 2008 թ. մարտի 1-ի դրությամբ արդեն հարկի ավելի քան 20 %-ը հավաքել են:

Ոսկետափի համայնքապետի ներկայացմամբ` որոշ գյուղերում հարկեր չվճարողներին տեղեկանք չեն տալիս, նմանատիպ այլ «սանկցիաներ» են կիրառում` փորձելով այդ կերպ մարդկանց հարկային դաշտ բերել: «Դա լավագույն ելքը չէ: Հարցն այն է, որ իրականում համայնքապետարանին իրավունք չեն թողել, ընդամենը տեղեկանք տվող ենք, դա էլ որ չենք անում, գյուղացիք զարմանում են, թե մեր գործի անունն ի՞նչ է, մեզ ինչի՞ համար են ընտրել»: Եթե ես ջրի, գազի, նոտարի հարց չեմ կարողանում լուծել, խմելու ջրի հետ կապ չունեմ, հոսանքի հետ կապ չունեմ, բա ինչի՞ հետ կապ ունեմ, ես ինչի՞ համար եմ ընտրվել, ի՞նչ եմ անում այստեղ»,- փորձում է իրավիճակը հասկանալ պրն Աբրահամյանը:

Սարգիս Աբրահամյանը հայտնեց, որ ավագանին համաձայնել էր իրեն 120 հազար դրամ աշխատավարձ տալ, բայց մարզպետարանն առարկել էր: «Արդեն քանի տարի է բյուջեն շարունակաբար 100%-ով կատարում եմ, «Մերսեդես» կքշե՞մ, թե՞ «Զապորոժեց»` դա արդեն իմ լուծելիք խնդիրն է: Եթե իմ հնարավորությունները ներում են, եթե համայնքի ավագանին համաձայն է, համայնքը չի առարկում, ես կվարվեմ այնպես, ինչպես կուզեմ»,- ասում է նա` շեշտելով, որ հարցն այստեղ սկզբունքային է: Մինչդեռ մարզպետարանում զարմացել էին, թե ուզում է մարզպետի չափ աշխատավարձ ստանալ: «Բայց օրենքը թույլ է տալիս, չէ՞: Եթե օրենքը չպետք է գործի, ինչու՞ են ընդունում: Եթե լավ եմ աշխատում, եթե բարձր մակարդակով հավաքագրում եմ իրականացնում, ինչո՞ւ չպետք է ստանամ: Մարզպետարանը խորհրդատվական ֆունկցիա ունեցող մարմին է, մինչդեռ ամեն ինչ հավաքել է իր ձեռքը: Չեմ ուզում հարցն անձնավորել: Բայց աշխատակազմում հաճախ չեն էլ փորձում հարցի էության մեջ խորանալ ու լուրջ կեցվածքով «լուծումներ են թելադրում», որն իրենց ֆունկցիան չէ»,- դժգոհում է համայնքապետն ու ավելացնում, որ բոլորովին այլ հարց է, երբ համայնքապետարաններում դոտացիայով գլուխ են պահում ու դեռ մեքենա էլ գնում են, ինչը հաճախ է արվում:

Համայնքապետի ներկայացմամբ` գյուղի վերջին տարիների բյուջեներում տարեկան միջին հաշվով 8 մլն դրամ հատկացնում են օգնության ֆոնդին: Մահվան դեպքում համայնքապետարանն առձեռն 40-50 հազար դրամ գումար է տալիս, նոր ծնված երեխային որպես նվեր` 15 հազար դրամ, երկրորդի դեպքում` 20 հազար: Վեդի քաղաքի ավտոձեռնարկությանը պայմանագրով մոտ մեկ մլն դրամ գումար են տալիս, որ ավտոբուսը գյուղի ուսանողներին ուղեւորավարձի կես գնով Երեւան տանի ու բերի: Ամեն տարի մոտ 300 հազար դրամ էլ հատկացնում են զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով ընտանիքների (միջին հաշվով` 10 ընտանիքի) ուսանող երեխաներին` ուսման վարձի համար: Վերջին զանգին 300 հազար դրամ են փոխանցում դպրոցներին: Պարտադիր գումար են հատկացնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատամարտի մասնակիցներին:

Ոսկետափ գյուղի բնակիչների 30%-ը Ադրբեջանից բռնագաղթածներ են, որոնց մի մասի համար փախստականների կոմիտեն ժամանակին քոթեջներ է կառուցել: Փաստորեն, գյուղի գրեթե 30-40%-ն անապահով է, որի կյանքը գնալով վատանում է: Եթե առաջ սուղ պայմաններում հող էին մշակում, ապա անցած տարի գյուղում 50 հա հող, որտեղ ցորեն էր ցանվում, ընդհանրապես չի մշակվել: Մարդիկ մշակելու հնարավորություն չունեն: Ցանքաշրջանառություն չկա, կնշանակի բերքատվությունը բարձրացնելու մասին խոսք լինել չի կարող: «Սա է մեր կյանքն ու իրականությունը, եւ այդ իրավիճակում մարդուց հարկեր ենք գանձում, դեռ տուգանքով էլ վախեցնում ենք»,- ընդգծում է համայնքապետը:

Վերջինիս ներկայացմամբ` ոռոգման ջրի գինը բարձրացրել են` խորքային հորերից տրվող ջրի 1 ժամը դարձել է 1300 դրամ, երբ ընդամենը մի քանի տարի առաջ 600-700 դրամ էր: 1 հա ցորենը մեկ անգամ ոռոգելը, եթե դաշտը քիչ հեռու է, կազմում է 50 հազար դրամ` նախկինի 20 հազարի փոխարեն: Մի քանի տարի առաջ կոմբայնը հացահատիկը հավաքում էր 1 հեկտարը 10-12 հազար դրամով, հիմա դա արվում է 25 հազարով: Տրակտորը 1 հա-ը վարում է 30 հազարով` նախկինի գրեթե կրկնակին: Մեքենան դաշտից բերքը մինչեւ գործարան բերում էր 5 հազարով, հիմա 10 հազար դրամ է վերցնում: Մարդն ի վիճակի չէ սելիտրա գնելու: «Ամեն ինչի գները թանկացել են, իսկ պոմիդորը նույն 20-22 դրամով են մթերում, ինչպես 10 տարի առաջ, ցորենը` 80-90 դրամով, ինչպես 10 տարի առաջ: Մնացած գյուղմթերքների գները նույնն են: Այդ դեպքում առաջընթացը ո՞նց եք պատկերացնում, մարդու կյանքը ո՞նց պետք է լավանա: Վերջին 20 տարում Հայաստանում պարարտանյութ ասելով միայն սելիտրա են հասկանում, սա էլ խիստ կասկածելի որակի է եւ տեր կանգնող չկա: Գնացել եմ գյուղի համար 75 տ սելիտրա ստացել: Պարկի քաշը 50 կգ է: Գյուղացուց փողը հավաքել ենք պարկի հաշվով: Իրենց իսկ կշեռքով կշռելուց հետո պարզվել է, որ 40 պարկի տարբերություն է առաջանում: Ստիպված` իրենցից պարկը 5 հազար դրամով 200 հազար դրամի սելիտրա եմ գնել, որ գյուղացու տված գումարին համապատասխան սելիտրա տամ: Ո՞վ է ասում, որ նորմալ երկրում ենք ապրում: Դժգոհությունը կամաց-կամաց նման բաներից է առաջանում, զգում ես, որ այս երկիրը չի կարգավորվում: Ոնց որ հույս էլ չկա արդեն»,- իր հաշվարկից այսպիսի եզրահանգման է գալիս համայնքապետը:

Գյուղացիների դժվարությունները ներկայացվածով չեն ավարտվում: Գյուղատնտեսական կուլտուրաներ մշակողներին բաժին հասած փորձությունները շարունակվում են բերքը վերամշակողներին հանձնելիս: Վերամշակողները գումարը ամիսների, երբեմն տարվա ուշացումով են տալիս: «Իհարկե, այս տարի մի քիչ այլ էր, վերջերս գործարանի տնօրենն էր եկել, ասում էր թող գան փողերը ստանան: Շատերը պնդում էին, թե ընտրություններն են պատճառը, որ գումարը տալիս են: Այդուհանդերձ, այս տարի գործարանները ոսկետափցիներին ունեցած պարտքերը հիմնականում փակել են: Միակ կազմակերպությունը, որին, իրոք, նորմալ գործընկեր ենք համարում, Երեւանի կոնյակի գործարանն է»,- հայտնեց Ս. Աբրահամյանը: Վերջինիս ասելով` այս դեպքում էլ մարդիկ մթերման գնից գոհ չեն, բայց «ապրանքը հանձնելուց հետո երրորդ օրը բանկոմատից իրենց գումարը ստանում են: Եթե սրանք խաբում են, գոնե մասնակի են խաբում, ոչ թե մյուսների պես»: Համայնքապետի գնահատականով` խաբեություն է նաեւ բանկերի արածը: Փաստորեն, մարդիկ բանկերից վերցրած գումարներով են գոյատեւում, մինչդեռ «Հայգյուղփոխբանկի» տոկոսները խիստ բարձր են, ուղղակի կործանարար:

Համայնքապետը դժգոհեց հատկապես կադաստրի աշխատանքից` ներկայացնելով, որ այնտեղ շարունակ արհեստական խնդիրներ են ստեղծում` «հասկանում եք, էլի, ինձնից էլ լավ գիտեք` ինչի համար»: Նրա ասելով` հողի անձնագրավորման հետ կապված անճշտություններն այնքան շատ են, որ հույս չկա, թե երբեւիցե այդ հարցը վերջնականապես կկարգավորվի: «Ամեն օր չէ, որ մեզանում քարտեզագրում են արել, եւ չէի էլ պատկերացնում, թե հետո ինչ հիմար իրավիճակում ենք հայտնվելու գեղովի: Գեղամ անունով մեկի հողի անձնագրում, օրինակ, Գեղունիկ են գրել, եւ տերն էլ, ես էլ կրակն ենք ընկել»,- ասաց Ս. Աբրահամյանը` ավելացնելով, որ դա ամենապարզ տարբերակն է:

Չնայած գազաֆիկացման հարցը նույնպես տարիներ շարունակ չի կարգավորվում գյուղում, բայց այս առումով համայնքապետը հույսը չի կտրել: Գյուղի մեկ երրորդը գազաֆիկացված չէ: Դիմել են եւ՛ մարզպետարան, եւ՛ կառավարություն, եւ՛ «Հայռուսգազարդ»: Չեն ընդառաջում: «Նախագիծը հանել եմ 2005 թ.-ին: Ասում եմ` վճարելիք 30% գումարն էլ ունեմ: Ընդհանուրը 38 մլն դրամ է անում, պատրաստ ենք 13-14 մլն-ը գյուղի բյուջեից տրամադրել: Լսող, տեր կանգնող չկա»,- ասումէ համայնքապետը: Երկու տարի առաջ ստիպված են եղել մի փոքր հատված սեփական միջոցներով գազաֆիկացնել: Փաստորեն, գործն արվել է համայնքի միջոցներով, մինչդեռ արվածը դառնում է «Հայռուսգազարդի» սեփականությունը: «13 հսկա փողոց, որ մի փոքր գյուղ է, գազաֆիկացված չէ: Եթե փորձենք մեր ուժերով, ապա գազաֆիկացումը կտեւի 10-14 տարի, բայց այդ ընթացքում այլ հարց լուծել չենք կարող: Արդեն մարդկանց համբերությունն էլ է հատել: Ինչի՞ պետք է գյուղում մեկը գազ ու ջուր ունենա, մյուսը` ոչ»,- ասում է համայնքապետը:

60-ական թվականների վերջերին կառուցված խմելաջրի համակարգը լրիվ քայքայվել է: Համայնքապետարանի միջոցներով 7-8 մլն դրամի ներդրումով մի գիծ փոխել են: Բայց մոտ 30 կմ-անոց ներքին ցանցը վերանորոգելը համայնքապետարանի ուժից վեր գործ է: Մինչդեռ, այն սպասարկող ջրային տնտեսությունը միայն հավաքված գումարի տերն է: Ոռոգման համակարգի ջրագիծ են անցկացրել, որին գյուղը, ընդունված կարգի համաձայն, մասնակցել է` տրամադրելով ընդհանուր գումարի 15 %-ը` 3 մլն դրամ: Գյուղամիջյան, նաեւ դաշտամիջյան ճանապարհները պարբերաբար խճապատում են, չնայած ամեն գարնան նորից նույն վիճակն է: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, ճանապարհների վիճակը վատ չի, մշտապես ուշադրության կենտրոնում է: Չնայած արված գործին` համայնքապետարանի ներկայացմամբ` այստեղ էլ խնդիրները քիչ չեն: «Սկզբունքորեն մեր ուժերով էլ կլուծենք, բայց այդ դեպքում մաս-մաս պետք է անենք, որ տարիներ, գուցեեւ տասնամյակներ կտեւի»:

Ոսկետափի 12 հոգանոց ավագանու մեջ, ինչպես համայնքապետն է ասում, գրագետներ էլ կան, տառաճանաչներ էլ: Մեծամասամբ նրանք հասկանում են, թե բյուջե ասվածն ինչ է: Պրն Աբրահամյանի ներկայացմամբ` տարին նվազագույնը 12 նիստ են գումարում, երբեմն` ավելի: «Չէի ասի, թե բոլորն ակտիվ մասնակցում են, կան, որ այդպես էլ չեն հասկացել իրենց անելիքը, բայց դա է իրականությունը: Եթե, մեղմ ասեմ, չխանգարեն, այս ընթացքով էլ շարունակվի, Ոսկետափում մի քանի տարի հետո կարող ենք ասել, որ տեղական ինքնակառավարման առումով ինչ-որ բանի հասել ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter