Հաշվետվությունը վերածվեց նախընտրական քարոզչության
Ապրիլի 6-ին Ալավերդու քաղաքապետի հերթական ընտրություններն են:
Քաղաքապետի պաշտոնի համար մրցակցում են Հանրապետական կուսակցության Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար, գործող քաղաքապետ Արթուր Նալբանդյանը եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Ալավերդու «Լալվար» կոմիտեի անդամ, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի փոխտնօրեն Ալբերտ Սարգսյանը: Ընդդիմությունը քաղաքական հետապնդումների պայմաններում քաղաքապետի թեկնածու չի առաջադրել: Մարտի 18-ին պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարզչությունը: Մարտի 19-ին տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերում քաղաքապետի թեկնածու Ալբերտ Սարգսյանն ասաց. «Ամեն անգամ Ալավերդիում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունից հետո, նայելով ընտրված համայնքապետին ու նրա կենսագրությանը, բոլորս ցավով արձանագրել ենք, որ կրթված մարդը մեր երկրում տեղ չունի: Ալավերդին պետք է ունենա մտավորական քաղաքապետ, եւ այսօր այդ թեկնածուն ես եմ»:
Ալբերտ Սարգսյանը զգոնության կոչ արեց իր մրցակցին: «Ես ցանկանում եմ նաեւ հիշատակել, որ այս պահին ամենաբարձր մակարդակով վերին ատյաններում բանակցություններ են գնում Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության միջեւ` հետագա համագործակցության միտումով: Եվ հանկարծ մենք Ալավերդիում այդ մեծ գործի առաջ մի փոքր քար չգցենք` ամեն գնով հաղթանակի հասնելու պատճառով»,- ասաց Ալբերտ Սարգսյանը:
Մարտի 20-ին Ալավերդու Մշակույթի պալատում քաղաքապետ Արթուր Նալբանդյանի 2007 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը վերածվեց քաղաքապետի նախընտրական քարոզչական միջոցառման, իսկ տրված գնահատականները հասան զավեշտի: Հաշվետվության քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Հանրապետական կուսակցության ԱԺ պատգամավորներ Կարեն Սարիբեկյանն ու Էդուարդ Շարմազանովը, Ալավերդու «Էյ-սի-փի» ընկերության ղեկավարներն ու քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներ: Աննկատորեն դահլիճում հայտնվել էր նաեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որին Հաղպատի գյուղապետ Ռուբեն Վարոսյանը (մականունը` Ավարա Ռուբո) միջոցառման ավարտին տեսնելով` ողջունեց «Բարեւ թագավորաց թագավոր» բացականչությամբ:
Առաջին զավեշտը մատուցված էր քաղաքապետի նախընտրական բուկլետում: Պարզվում է` դպրոցն ավարտելուց հետո Արթուր Նալբանդյանն ուսումը շարունակել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում. սա նրան լավ ճանաչողների տխուր ժպիտն է առաջացրել, մանավանդ որ ուսումնատենչ քաղաքապետը, թեեւ Լենինգրադում սովորել է, սակայն քաղաքապետ եղած ժամանակ հարկ էր համարել 2007 թ. ավարտել Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտական ֆակուլտետը: Դահլիճում մթնոլորտն անկեղծ չէր: Ճիգեր էին թափվում Արթուր Նալբանդյանին մտավորական ներկայացնելու համար: Հավանաբար, Ալբերտ Սարգսյանի ակնարկը տեղ էր հասել: Ծիծաղելի էին «Էյ-սի-փի» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի ու Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի` Արթուր Նալբանդյանի հասցեին հնչող գնահատականները, իսկ հաշվետվության վերջում ներկայացված` «Էյ-սի-փի» ընկերության եւ «Հրատ» ստեղծագործական միավորման կողմից նկարահանված գովազդային ֆիլմը Արթուր Նալբանդյանի մասին այն տպավորությունն էր թողնում, որ Ալավերդիում անգամ Դեբեդը հոսում է Արթուր Նալբանդյանի շնորհիվ:
«Հարգելի ալավերդցիներ, շատ ուրախ ենք, որ ունենք այսպիսի երիտասարդ եւ էներգապատ քաղաքապետ, որը տաղանդավոր է եւ երկրի կենտրոնական իշխանությունների կողմից շատ ընդունված մարդ է, կարծում եմ` բոլորը համաձայն կլինեն, որպեսզի մեր ձայնը տանք Արթուր Նալբանդյանին»,- իր ելույթում եւ տեսաֆիլմում ասաց Վալերի Մեջլումյանը: Մարզպետ Արամ Քոչարյանն էլ Արթուր Նալբանդյանին «համեստ կեցվածքով ու կենցաղով, իր դաստիարակությամբ եւ մտավորականի կեցվածքով հարգանք ներշնչող» որակեց:
Նշենք, որ մինչ քաղաքապետ ընտրվելը Արթուր Նալբանդյանն Ալավերդիում համարվել է քրեական աշխարհի դաժան «սխոդկաների» հեղինակ, որի արդյունքում երիտասարդ մի քանի մարդ զոհվել կամ հաշմանդամ է դարձել է:
Հաշվետվությունն անցավ դահլիճի բուռն ծափահարությունների ներքո, թեեւ դահլիճի կողմից հաշվետվության շուրջ հարցեր չուղղվեցին: Հաշվետվության սկզբում քաղաքապետը հայտնեց. «Պետք է նշեմ, որ 2007 թ. քաղաքապետարանի գործունեության մեջ չկա մի բնագավառ, որ Ալավերդի քաղաքում դրական տեղաշարժ չլինի, սա բոլորիս ուրախությունն է»:
Ասենք, որ վերջին տասը տարիներին էական որեւէ տեղաշարժ չի կատարվել Ալավերդու բնապահպանական խնդիրներում, որը նույնպես քաղաքապետարանի գործունեության ոլորտներից է: «Էյ-սի-փի» ընկերությունն այդպես էլ չկատարեց իր բնապահպանական պարտավորությունները: Նա չկատարեց նաեւ մինչեւ 2000 թ. Ալավերդիում 2000 աշխատատեղ ստեղծելու իր խոստումը: Այսօր ընկերությունում աշխատում է հազիվ 600 մարդ: Ալավերդիում, ինչպես ներկայացված էր քաղաքապետի հաշվետվության մեջ, աշխատանք է որոնում 2500 մարդ: Այս պատճառով քաղաքում մեծ չափերի է հասնում արտագաղթը: Ալավերդիում նույնպես չի ձեւավորվում միջին խավ: Ոչինչ չի արվում մանր ու միջին բիզնեսի կայացման համար: Անմխիթար վիճակում է քաղաքաշինության ոլորտը: Ով որտեղ ինչ ուզում` կառւցում է, անգամ մայթերի վրա: Ապացույցներից մեկն էլ քաղաքապետին պատկանող շուկայի դիմացի մայթերի շինություններն են:
Ալավերդին լուրջ հիմնախնդիրներ ունի կանաչապատման ոլորտում: Գրեթե չեն խնամվում քաղաքի կանաչ տարածքները: Նորերն էլ չեն ստեղծվում: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Խոսելով 2007 թ. բյուջեի մասին` Արթուր Նալբանդյանն ասաց. «Պետք է նշեմ, որ Ալավերդին իր պատմության մեջ այսպիսի բյուջե չի ունեցել»: Պարզվում է` խորհրդային 70 տարիները Ալավերդու քաղաքապետը քաղաքի պատմությունից դուրս է դիտում, երբ քաղխորհրդի բյուջեն հատկապես վերջին տասնամյակներում իր մեծությամբ քաղաքապետարանի ներկայիս ողորմելի բյուջեի հետ ուղղակի անհամեմատելի է:
Արթուր Նալբանդյանը հաշվետվության ընթացքում փորձեց ներկայանալ իբրեւ քաղաքի մշակութային կյանքի ջահակիր, այն դեպքում, երբ նրա քաղաքապետության տարիներին քաղաքի այս ոլորտի շատ մշակներ թատրոնում եւ ժողգործիքների անսամբլում տարվա մեջ աշխատավարձ ստանում են ընդամենը 6 ամիս: Համայնքի 2007 թ. ճշտված բյուջեն եկամուտների եւ ծախսերի գծով հաստատվել է 339 մլն դրամ, այդ թվում` վարչական բյուջեն կազմել է 237մլն դրամ, ֆոնդային բյուջեն` 124 մլն դրամ: Ըստ հաշվետվության` բյուջեն եկամուտների գծով կատարվել է 88,1%-ով, որը քաղաքապետարանն ապահովել է ՀՀ կառավարության կողմից բարեխղճորեն վճարված տրանսֆերտների, սուբվենցիաների ու համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման շնորհիվ: Սեփական եկամուտները կազմում են ընդհանուր եկամուտների 38,7%-ը: ԻՆչպես նշեց քաղաքապետը, քաղաքապետարանը շարունակում է թերանալ հողի եւ գույքահարկի հավաքագրման գործում: Գյուղատնտեսական նշանակության հողերի նախատեսված 18,5մլն դրամ հարկը կատարվել է 3,9մլն դրամով, գույքահարկը նախատեսված 42,2մլն դրամի դիմաց կատարվել է 13,7մլն դրամով: Ալավերդիում լուրջ հիմնախնդիր է բյուջեի ծախսային մասը: Այն անվերահսկելի է: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանի եւ ավագանու հարաբերությունները «տնավարի են»: Արթուր Նալբանդյանը մշտապես խախտում է «Բնապահպանական վճարներից մասհանումների ծախսումների մասին» օրենքով սահմանված կարգը, մինչդեռ անթաքույց անհամեստությամբ հաշվետվության ընթացքում մեկնաբանում էր, որ ՀՀ կառավարության կողմից բնապահպանական վճարներից մասհանումները պայմանավորված են իր անձով:
Բյուջեն 100մլն դրամից ավելի ապառքներ ունի, նաեւ` 14մլն դրամ պարտք: Նա բյուջեին հատկացված բնապահպանական վճարների մասհանումներից 15 մլն դրամն այսօր օգնությունների տեսքով օգտագործում է իր քարոզչության համար: Մարտի 18- ին տեղական հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետ Նալբանդյանի մոտ, որի ժամանակ Ալավերդի քաղաքի սոցիալական ծանր վիճակում հայտնված բնակիչ Նաթելա Ճարոյանն ասաց, որ իր թոքերից մեկը հեռացված է, ապրում է աղքատ եւ քաղաքապետից խնդրել է դրամական օգնություն: Ապա հայտարարեց. «Խնդրանքս բավարարեց, շատ գոհ եմ, ես իմ ընտանիքով, իմ հարազատներով ընտրելու եմ քաղաքապետ Արթուր Նալբանդյանին»:
2008 թ. բյուջեում 89 մլն դրամ է հատկացված համայնքի խմելու ջրի ջրագծերի 4000 մետր հատվածը վերականգնելու համար: Դեռ խորհրդային տարիներից մեծ հիմնախնդիր է եղել այն, որ քաղաքի կոյուղու եւ ջրագծերի ներքին ցանցը քարտեզագրում չի ունեցել, որը մեծ խնդիրներ է առաջացրել ոչ միայն վթարների վերացման, այլեւ կառուցապատման աշխատանքների ժամանակ: Քարտեզագրում չկա նաեւ այսօր: Թե ինչպե՞ս պետք է իրականացվի այս ծրագիրը առանց քարտեզագրման, դա Արթուր Նալբանդյանի համար կարեւոր չէ, կարեւորը գումարների ծախսման մասին տեսաֆիլմում պատմելն է:
Մեկնաբանել