Ղարաբաղում վերացվում են փոթորկի վնասները
Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած քամին, որը տեւեց մի քանի ժամ, հսկայական վնասներ է պատճառել հանրապետության բնակֆոնդին եւ բազմաթիվ օբյեկտների։ Փոթորկից մարմնական վնասվածքներ է ստացել 10 մարդ:
ԼՂՀ նախագահի կարգադրությամբ անմիջապես ստեղծվել է ավերիչ փոթորկի հետեւանքներն ուսումնասիրող եւ վնասների վերականգնողական աշխատանքները համակարգող հանրապետական շտաբ, որի հերթական նիստը կայացել է այսօր:
Շրջվարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի եւ շահագրգիռ մարմինների պատասխանատուների ներկայացմամբ` նյութական մեծ վնասներ են արձանագրվել հատկապես մայրաքաղաքում, Մարտունու, Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում։ Նախնական տվյալներով՝ ընդհանուր վնասը կազմում է շուրջ 250 մլն դրամ։
Մարտունու շրջանում տուժել է 1430 տուն, Ասկերանի շրջանում` 1287, իսկ Շուշիում տուժել է 22 շենք: Մարտունու շրջանում մի քանի տներ ավելի մեծ վնասներ են կրել, իսկ շրջանի Հեր-Հեր գյուղում, վարչակազմի ղեկավարի հավաստմամբ, մեկ տուն ավերվել է, եւ անհնար է այնտեղ բնակվելը: Այդ ընտանիքին գյուղապետարանում ժամանակավոր սենյակ է հատկացվել:
Ստեփանակերտում ընդհանուր առմամբ տուժել է 638 շենք, որից 177-ը` բազմահարկ, 436-ը` մասնավոր տներ, իսկ 25-ը` հիմնարկ-ձեռնարկությունների եւ պետական նշանակության շենքեր, որոնց թվում են նաեւ դպրոցներ:
Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի խոսքերով` վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվում են նաեւ քամուց տուժած բնակավայրերն էլեկտրաէներգիայով ապահովելուն ուղղված աշխատանքները: Այժմ Ստեփանակերտի մոտ 85 տոկոսն ապահովված է էլեկտրաէներգիայով, իսկ մնացած մասը կապահովվի մինչեւ օրվա վերջը:
Վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով` պետությունը տուժածներին օժանդակում է` վերականգնելու անմիջականորեն կրած վնասը։ Առաջնահերթորեն կվերականգնվեն բնակարանները եւ դպրոցները։ Աշխատանքների մի մասը քաղաքացիները կկատարեն ինքնուրույն, որոնց կհատկացվեն անհրաժեշտ շինանյութեր։

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ վաղը հանրապետությունում կրկին քամու ուժգնացում է սպասվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել