Բնապահպանները ճշտում են
ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռեւս չգիտի, թե ո՞վ կամ ո՞վքեր են ողջ աշխարհի որսորդներին իտալական «Արարատ Սաֆարի» ընկերության միջոցով Հայաստանի Արարատյան դաշտավայրում թռչունների որս առաջարկում:
ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռեւս չգիտի, թե ո՞վ կամ ո՞վքեր են ողջ աշխարհի որսորդներին իտալական «Արարատ Սաֆարի» ընկերության միջոցով Հայաստանի Արարատյան դաշտավայրում թռչունների որս առաջարկում:
Նախարարության տեսուչները երեկվանից անընդհատ փորձում են զանգահարել կայքում նշված հայաստանյան բջջային (093 55-59-70) եւ քաղաքային (010 55-71-06) հեռախոսահամարներով, որպեսզի պարզեն որս կազմակերպողների ինքնությունը, սակայն այդ զանգերին ոչ ոք չի պատասխանում:
Կայքում նշված է նաեւ հասցե Երեւանում` Չարենցի 40: Այդ հասցեում գրանցված է բազմաբնակարանային շենք: Տարբեր մուտքերում բնակվող 5 բնակիչներից ոչ ոք չէր լսել նման ընկերության մասին:
Փոքր-ինչ տարօրինակ է, որ բնապահպանության նախարարության տեսուչները ոստիկանության աշխատակիցների հետ միասին մինչեւ հիմա չեն կարողանում պարզել այդ մարդկանց ինքնությունը կամ գտնվելու վայրը, մանավանդ, որ կայքում լուսանկարներ կան:
Բնապահպանության նախարարության հանրության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ասում է, որ այս պահին նրանք ճշտում են բոլոր տվյալները: «Առայժմ, քանի դեռ չունենք կոնկրետ տվյալներ, մենք հայտարարում ենք, որ նման բան չկա»,- ասում է նա:
Խմբ. կողմից - Բնապահպանության նախարարությանը խորհուրդ ենք տալիս տեղեկատվություն ստանալու համար դիմել նախարարության Մասիս քաղաքի բնապահպանական տեսչություն, որի հսկողության ներքո է գտնվում լուսանկարներում պատկերված Արմաշի լճերի տարածքը, իսկ լուսանկարի որսորդներից մեկը Մասիսի բնակիչ է:
Մեկնաբանել