HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Կենսաբանական աղբը լցվում է Հրազդան գետը

Արարատի մարզի բնակիչ, գեղանիստցի Աիդա Խաչատրյանի շնչառական ուղիների հիվանդությունը, ըստ նրա, իր տան կողքով անցնող ջրանցքից եկող գարշահոտությունն է:

«15 տարի այս գարշահոտն ենք շնչում: Ինչ ասես` դուրս չի գալիս ջրանցքից. նույնիսկ սատկած խոզեր, շներ ու կատուներ ենք հանում: Տունն օդափոխելու հնարավորություն էլ չունենք, թթվածնին կարոտ ենք մնացել»,- դժգոհում է տիկին Աիդան: Նրա համոզմամբ` Գեղանիստի ջրանցքի կենցաղային աղբը Արգավանդի խաղատներից ու ռեստորաններից է գալիս:

Աիդա Խաչատրյանի կարծիքը կիսեց նաեւ «Մուսալեռ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գործադիր տնօրեն Գալուստ Խաչիկյանը, ով ոռոգման սեզոնին ընդառաջ` արդեն սկսել է ջրանցքների մաքրման աշխատանքները:

Գեղանիստի ջրանցքը, որը սնվում է Հրազդան գետից, «Մուսալեռ» ՋՕԸ-ի սպասարկած երեք ջրանցքներից ամենակեղտոտն է: Ի տարբերություն «Էջմիածին» եւ «Մուսալեռ» ջրանցքների, որոնք հիմնականում տիղմից են մաքրվում, «Գեղանիստը» մաքրվում է նաեւ կենսաբանական աղբից. ջրանցքի մակերեւույթը ծածկած պլաստիկե շշերի ու զանազան նյութերի տակից ջրի հոսքն անգամ չի երեւում:

Մարտի սկզբին մենք ներկա եղանք Գեղանիստի ջրանցքի 4 կմ-անոց հատվածի 1 կմ-ի մաքրմանը, որի ընթացքում 15 մեքենա կենսաբանական աղբ հանվեց, հետո այն թափվեց Հրազդան գետը (միշտ այդպես է եղել- Հ. Ա.):

ՋՕԸ-ի աշխատակից ներկայացած անձը, ով չէր ցանկանում, որ փաստն արձանագրվի, ասաց, որ չնայած գիտակցում են սխալը, բայց այլ տարբերակ չունեն:

«Եթե աղբամշակման կայաններ լինեին, Հրազդանը չէինք կեղտոտի: Իսկ դրանց բացակայությամբ ի՞նչ է մնում անել»,- հարցրեց ՋՕԸ-ի աշխատակիցը:

Փաստորեն, մի կողմից` կառավարությունն ամեն տարի գումարներ է հատկացնում գետերի հուների մաքրման համար, մյուս կողմից` դրանք գիտակցաբար աղտոտում են կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին ենթակա ընկերությունները:

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանն ասաց, որ կոպտորեն խախտվել են ՀՀ Ջրային օրենսգրքի միանգամից մի քանի` 67, 69, 99, 103, 114-117 հոդվածները, որոնք կտրականապես արգելում են ջրի աղտոտումը: Ընդ որում` 114-րդ հոդվածով նույնիսկ քրեական ու վարչական պատասխանատվություն է նախատեսվում: Ս. Հարությունյանի փոխանցմամբ` «Կենսաբանական աղբով կեղտոտված ջուրը ոչ միայն վտանգավոր է ցանքատարածությունները ոռոգելու, այլեւ` մարդու առողջության համար: Եթե մարդը տեւական ժամանակ գտնվում է այնպիսի միջավայրում, որում մթնոլորտի աղտոտվածության բարձր տոկոս կա, չի բացառվում, որ մարդու օրգանիզմում գլուխ բարձրացնի լյարդի հեպատիտ հիվանդությունը»:

Պարզելու համար, թե կենսաբանական աղբով լցվող Հրազդանն ի՞նչ վնասներ կարող է հասցնել շրջակա միջավայրին, եւ թե աղտոտվածության ինչպիսի՞ մակարդակ է արձանագրվել Հրազդան գետի Գեղանիստի հատվածում, դիմեցինք բնապահպանության նախարարություն: Հարցը վարչությունից վարչություն տեղափոխվելով` կանգ առավ թեժ գծում: «Հարցը կձեւակերպենք, կտեղեկացնենք համապատասխան ծառայություններին, նրանց միջոցով կպարզենք իրականության հետ դրա համապատասխանությունը, որից հետո միջոցներ կձեռնարկենք»,- ասաց ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը:

«Պարզվում է` տարիների վաղեմության հարցը դեռ նախարարության ուշադությա՞նն էլ չի արժանացել»,- հարցրինք: «Ահազանգ չի եղել»,- եզրափակեց Պեպանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter