HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Միակ ցանկությունս այն է, որ այստեղ հայեր բնակվեն...»

«Ի՞նչ տարածքների հանձնման մասին են խոսում: Ո՞վ է մտածում, որ կարող ենք մի թիզ հող հանձնել: Ոչ մի տարածք էլ չենք տա»,- ասում է արցախյան պատերազմի մասնակից Կարինե Դանիելյանը:

45-ամյա Կարինեն 1992-ից էր մասնակցում արցախյան պատերազմին: Մասնակցել է Ղարաբաղի տարբեր բնակավայրերի ազատագրման մարտերին, որոնց մասին նա կարող է պատմել ժամերով: 


Մեր հանդիպման ժամանակ նա սկսեց վերհիշել տարբեր մարտեր ու դրվագներ, որոնք մայրն ընդհատում էր մեկ-մեկ` ասելով, որ իրեն չի կարելի այդքան երկար խոսել: Կարինեն հպարտությամբ է պատմում այն մասին, որ Ստեփանակերտի վերածննդի հապարակի մոտ արեւածաղիկ, չիր ու չամիչ վաճառող կինը, ամեն անգամ նրա մոտով անցնելիս, իր համազգեստի գրպանները չիր էր լցնում, որն էլ նա մարտից հետո կամ դադարի ժամանակ բաժանում էր մարտական ընկերներին:

«Տարբեր մարտերի եմ մասնակցել` Հադրութի, Մարտակերտի, Շուշիի եւ այլ շրջաններում: Իսկ 1993-ի օգոստոսին նախկին Ղուբաթլուի շրջանի Բաշարաթ բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտը վերջինն էր ինձ համար: Շատ ծանր մարտ էր. սկզբից 3 հոգի վիրավորվեցին, որոնց տեղափոխելուց հետո աղջիկներից միայն ես մնացի: Մերոնք ստիպված եղան դեղորայքով լի պայուսակն ինձ մոտ թողնել` վիրավորներ ունենալու դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Ես ինքս բուժքույր չէի, բայց պատերազմի տարիներին անհրաժեշտության դեպքում մարդկանց բժշկական օգնություն էի ցուցաբերում»,- ասում է Կարինեն:

Այդ բնակավայրում հերթական մարտի ժամանակ վիրավորներին օգնելու պահին Կարինեն նույնպես վիրավորվում է: «Հիշում եմ միայն, որ մի քանի վիրավորներ կային: Մեզ խնդրեցին մոտենալ նրանց: Մոտեցանք, սկսեցի օգնել վիրավորներին: Հիշում եմ նաեւ, որ տղաներից մեկի ոտքին փայտ էի կապել, որպեսզի ուղիղ մնար, բայց հետո ոչինչ չեմ հիշում,- կցկտուր պատմում է նախկին ազատամարտիկը:- Հետո պարզվեց, որ մինամյոտի արկը պայթել է ինձ մոտ, ինչի արդյունքում գլխից վիրավորվել եմ»:

«Երբ աչքերս բացեցի, կողքիս բժիշկներ եւ բուժքույրեր էին, որոնք հայերեն էին խոսում, սակայն ինձ թվում էր, թե նրանք ադրբեջանցիներ են, ու ես գերի եմ ընկել: Գիտակցությունս տեղը չէր ընկնում, խոսել չէի կարողանում: Գերի ընկնելու միտքը իմ գլխից դուրս չէր գալիս մինչեւ այն ժամանակ, երբ տեսա մորս դեմքը, որից հետո հանգստացա»,- պատմում է Կարինեն, ով 3 ամիս բուժվում էր Երեւանի հանրապետական հիվանդանոցում:

Պատերազմի արդյունքում վնասվել է Կարինեի գլխուղեղի կենտրոնական համակարգը: Առաջին բժշկական օգնությունը ցուցաբերել են Ստեփանակերտում, ապա Կարինեին տեղափոխել են Երեւանի հանրապետական հիվանդանոց, ուր նա մինչեւ 1997թվականը պարբերաբար այցելում էր ստուգումների:

Մայրը պատմում է, թե ինչպես էին առաջին օրերին բժիշկներն ասում, որ աղջկա վիճակն անհույս է: «Ես միջանցքում կանգնած էի, երբ երկու բժիշկ իրար հետ խոսում էին ու ասում, որ իզուր դեղեր չսրսկեն Կարինեին, քանի որ վիճակը շատ ծանր է: Վեր կացա ու ասացի, որ նա կապրի: Պնդեցի, որ սրսկումները շարունակեն: Կամաց-կամաց աղջկաս վիճակը սկսեց լավանալ»,- պատմում է մայրը` տիկին Ռիման, ով բացի այդ օրերից, քիչ բան չի տեսել իր կյանքում:

Նրա ամուսնուն, որը 1988-ին Շուշիի փոստում էր աշխատում, ադրբեջանցիները ծեծել էին: Արդյունքում նա կուրացավ, իսկ հետո` մահացավ:

Այդ տարիներին Շուշիից բռնի տեղահանվածների թվում էր նաեւ Կարինեի ընտանիքը: «1988-ի սեպտեմբերին էր, երբ մի քանի օր շարունակ ադրբեջանցիները քարկոծում էին հայերի տների պատուհանները, հայհոյում հայերին: Հյուրանոցում էի աշխատում այդ ժամանակ»,- պատմում է մայրը` տիկին Ռիման:

Մի հերթական աշխատանքային օր հյուրանոցում տիկին Ռիման պատահաբար լսեց երկու ադրբեջանցիների զրույցը, որոնք խոսում էին այն մասին, որ Շուշիում բնակվող հայերի վրա հարձակում են պատրաստում եւ նրանց բռնի տեղահանելու են քաղաքից: «Նրանք չգիտեին, որ ես հայ եմ, դրա համար հանգիստ խոսում էին: Հենց այդ օրն էլ տնօրենս, որն ադրբեջանցի էր, ինձ խորհուրդ տվեց շուտ գնալ տուն եւ տնից դուրս չգալ»,- պատմում է տիկին Ռիման: Նրա խոսքերով` այդ օրը երեկոյան արդեն սկսվեցին հարձակումները հայերի տների վրա: Դռները պինդ փակեցին, որպեսզի ադրբեջանցիները ներս չմտնեն, բայց քարկոծում էին տան պատուհանները: «Գիշերը զուգարանում էինք մնացել, որն այդ պահին տան ամենաապահով վայրն էր»,- հիշում է նա:

Հաջորդ օրվանից նրանց եւ մյուս հայ ընտանիքներին Շուշիից ռուս զինվորականները տանկերով հանեցին (տանկերը միակ ապահով փոխադրամիջոցներն էին այդ ժամանակ): Նրանց տեղափոխեցին Ստեփանակերտ, որտեղ հանրակացարանում բնակվեցին մինչեւ 1992 թվականի Շուշիի ազատագրումը: 1992-ին նրանք վերադարձան Շուշի: Սկզբում ապրում էին իրենց նախկին բնակարանում, բայց հետո, քանի որ շենքը վթարային էր, տեղափոխվեցին այլ բնակարան, որտեղ էլ մինչեւ հիմա ապրում են մայր ու աղջիկ:

«Իմ ծննդավայրում եմ ապրում ու գոհ եմ, որ վերջապես ազատագրել ենք մեր քաղաքը, ու այն կամաց-կամաց բարեկարգվում է»,- ասում է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Կարինե Դանիելյանը, ով շնորհակալ է իր մարտական ընկերներից, որոնք հարկ եղած դեպքում օգնում են նրան: «Ես 64 հազար թոշակ եմ ստանում, իսկ մայրս` 25 հազար, չեմ դժգոհում, ամեն ինչ նորմալ է»,- ավելացնում է բազմաթիվ մեդալներով պարգեւատրված նախկին ազատամարտիկ Կարինե Դանիելյանը:

Նա հաճախակի է հանդիպում իր մարտական ընկերներին ու ընկերուհիներին:
«Ինձ համար արդեն դժվարություն է քայլելը, շատ խոսելը, իսկ հաճախ էլ հիշողության հետ եմ խնդիրներ ունենում,- ասում է գեղեցիկ ու ժպտերես դեմքով Կարինեն,- բայց հանգիստ եմ ապրում իմ հարազատ քաղաքում եւ ոչ մի վտանգ չեմ զգում: Միակ ցանկությունս այն է, որ այստեղ հայեր բնակվեն եւ վերականգնեն ավերված տները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter