HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոր հատակում, տիղմերի մեջ

Շաբաթ օրը «168 ժամ» թերթում կարդացի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի «Մահ կամ իշխանություն» հոդվածը, որն, ըստ իս, կարող է ծավալուն բանավեճի առարկա դառնալ, եթե, իհարկե, չնկատենք հեղինակի այն խոստովանությունը, թե ինքն ընդամենը մեկուկես անգամ է եղել Ազատության հրապարակում։

Քաղաքական այդ գործընթացին հպանցիկ հետեւած մարդուն եւ ոչ բազմաթիվ այլոց համոզելու ոչինչ չունեմ եւ ասեմ, որ թշնամանք ու ատելություն էլ չունեմ որեւէ մեկի նկատմամբ, ով հակառակ կարծիք ունի։

Սեպտեմբերի 21-ից բոլոր հավաքներին, երթերին ու հանրահավաքներին մասնակցելով` մշտապես մտածել եմ մի շատ կարեւոր հարցի մասին՝ ո՞վ է լինելու հաղթանակող Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը։

Ընդդիմադիր դաշտի մի հատվածը համախմբվել էր Տեր-Պետրոսյանի շուրջ։ Մի հատվածն էլ, համախմբվելով Տեր-Պետրոսյանի նկատմամբ մեկ տասնամյակ «փայփայած» ատելության շուրջ, ակամա սկսել էր ծառայել իշխանություններին։ Ասում եմ՝ ակամա, որովհետեւ ես մինչեւ վերջ էլ չեմ հավատացել ու չեմ հավատում ծախվածության «կանխավարկածին»։ Այս խմբավորումներից դուրս էր մնացել միայն Արթուր Բաղդասարյանն իր «Օրինաց երկիր» կուսակցությունով, բայց այդ աութսայդերությունը ժամանակավոր էր, եւ ամեն վայրկյան սպասվում էր նրա միացումը կամ իշխանական թեկնածուին, կամ՝ ընդդիմադիր։

Արման Մելիքյանի հետ կապված սպասելիքներ չկային, որովհետեւ նախագահության վաստակավոր թեկնածուների կողքին նա սկսնակ էր եւ նույնիսկ ջանք էլ չէր թափում քաղաքական գործընթացն օգտագործել գոնե փորձառություն ձեռք բերելու համար։ Ուրեմն, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները չկեղծեին, եւ նա դառնար նախագահ, Հայաստանը կկանգներ անընդդիմադիր իշխանություն ունենալու փաստի առջեւ։ Չհամաձայնողները կասեն՝ բա ՀՀԿ-ն։ Չհամաձայնողները թող ներեն, բայց ես պարզունակ հարցերի չեմ պատասխանում։

Ընդդիմադիր դաշտի հարցը ոչ միայն ինձ էր հուզում։ Դրա մասին խոսում էին շատերը եւ որպես արդարացի պատճառաբանություն ասում, թե սարսափելի չէ, հիմա էլ իշխանությունները չունեն դիմակայող ուժ։ Ես իրավիճակի կրկնությանը դեմ էի, բայց չէի հեռանում Ազատության հրապարակից։ Պետք էր ելք գտնել եւ ոչ թե նահանջել։ Ելք գտնելու մտածումն ինձ համակել էր հունվար-փետրվարին, երբ նախագահության թեկնածուներն արդեն խրամատավորվել էին։ Մինչ այդ ես դեռեւս հավատում էի, որ նոյեմբերի 16-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած առաջարկը կընկալվի այն ժամանակ ընդդիմադիր համարում ունեցող գործիչների կողմից, եւ նրանք կհամախմբվեն ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, այլ՝ Հայաստանում անհրաժեշտաբար «օդափոխություն» անելու գաղափարի։

Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ առաջարկում էր. «...դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկ­նա­ծուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազա­կա­պետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը» եւ շարունակել «...Հայաստանի Հանրա­պե­տու­թյան նախագահի պաշ­տոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքակա­նությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրի­նական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտ­րել։ Ընդ որում՝ այդ ընտրու­թյուն­ներին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է Ազգային ժողովի նախա­գահը»։

Տեր-Պետրոսյանի առաջարկի պատասխանը ես պատկերացնում էի այսպես։ Բոլոր թեկնածուներն առաջադրում են իրենց թեկնածությունը եւ, գալով Ազատության հրապարակի հարթակ, հանդես են գալիս ոչ թե միացյալ գաղափարներով, այլ միացյալ սկզբունքներով։ Սրա մասին գրել եմ «Հետք»-ում հրապարակված իմ «Միասնական թեկնածու՞, թե՞ միասնական նպատակներ» հոդվածում։

Ուրեմն, ընդդիմության x կամ y գործիչը հարթակ բարձրանալով ասում էր. «Սիրելի ժողովուրդ, դուք գիտեք, չէ՞, ես ինչ հակասություններ ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց այս պահին ես մի կողմ եմ դնում բոլոր հակասություններն ու, նրա հետ դաշնակցելով, դուրս եմ գալիս պայքարի։ Ես չեմ հանի իմ թեկնածությունը մինչեւ փետրվարի 9-ը։ Շարժման ընթացքում ձեր օգնությամբ կպարզենք, թե մեզանից ո՞վ է ամենաարժանի թեկնածուն»։

Գրածս կարող է թվալ հնարովի, մտացածին։ Առարկողները կարող են ասել, թե Տեր-Պետրոսյանը դուրս էր եկել պայքարի իր անձի բացառիկության գիտակցությամբ, բայց այստեղ էլ պետք է հիշել հանրահավաքում նրա արտասանած մի այլ նախադասություն. «...եթե հայտնվեր մի ուժ, որն ունակ լիներ լուծել այդ (իշխանափոխության) խնդիրը, ես ջանք չէի խնայի նպաստելու նրա հաղթանակին»:

Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը սկզբից եւեթ առաջադրել էր երկու կարեւոր նախապայման՝ միանում ենք ոչ թե անձի, այլ գաղափարի կամ գործողության շուրջ, ապա համախմբվում ենք այն առաջնորդի շուրջ, ով իշխանության թեկնածուին հաղթելու առավել մեծ հնարավորություն ունի։

Տասնամյա լռությունից հետո վերադառնալով՝ առաջին նախագահը բոլորիս աչքի առաջ շատ արագ բարձրացրեց իր վարկանիշը։ Ու թեեւ վարձու սոցիոլոգները դեկտեմբերի վերջերին էլ խոսում էին ինչ-որ չորս տոկոսի մասին, բայց տարեմուտից առաջ Տեր-Պետրոսյանի վարկանիշն արդեն ավելի բարձր էր, քան փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից հետո նրան վերագրված տոկոսը։

Ընդդիմության x կամ y գործիչներն, ովքեր ընտրարշավից առաջ (հետո էլ) ունեին միանիշ տոկոսներ, բնականաբար, նույնպես կգրանցեին շեշտակի աճ։ Դա չկողմնորոշված զանգվածին կբերեր դեպի շարժում։ Դա կբացառեր գոնե ինձ համար անընդունելի այն երեւույթը, երբ Ազատության հրապարակ եկած մարդն ասում էր՝ գիտես, ես կընտրեի ընդդիմության x կամ y գործչին, բայց տեսնելով, որ նա շանս չունի, դրա համար այստեղ եմ։ Համախմբման դեպքում նա պարզապես կասեր՝ ես այստեղ եմ, որովհետեւ այս հարթակում միասին կանգնած են ընդդիմության x, y եւ z գործիչները։ Ես եկել եմ, որովհետեւ կողմ եմ փոփոխության, որովհետեւ հասկանում եմ, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել, որ պետք է անհապաղ վերականգնել սեփականության, խոսքի ազատության, տնտեսական մրցակցության, անկեղծ ընտրության սահմանադրական սուրբ իրավունքները։

Ինչու՞ գրեցի այս ամենը. որպեսզի Ազատության հրապարակին թիկունք դարձրած ու հեռացող Ավետիք Իշխանյանին ասեմ, որ «Ման-վել», «Ման-վել» կամ «Հա-կոբ», «Հա-կոբ» վանկարկող բազմության լեզվի տակ ընդդիմության x կամ y գործչի անունն էր, եւ «Ման-վել», «Ման-վել» կամ «Հա-կոբ», «Հա-կոբ» վանկարկելու անհրաժեշտությունն առաջացել էր սոսկ այն պատճառով, որ, անկասկած, հզոր շարժումը լքվել էր ընդդիմադիր գործիչների կողմից։

Մի առիթով Վազգեն Մանուկյանն ասել էր, թե ինչ-որ մեկի օգտին իր թեկնածությունը հանելը դեռ չէր նշանակի, որ իրեն ձայն տվողները գնալու են ու ձայն տան այդ թեկնածուին։ Միանգամայն իրավացի դիտարկում, որը գործողության մեջ տեսանք փետրվարի 29-ին։ Երբ թունդ ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը միանում էր իր թիրախին՝ Սերժ Սարգսյանին, նրա ընտրողները եւ անգամ կուսակցության անդամները շտապում էին Ազատության հրապարակ, որովհետեւ դա իսկապես անձերի շահախնդիր գումարում էր։ Հարթակում տեղի ունենալիք գումարումը լինելու էր հենց ընտրազանգվածների միացում, միացում ընդդեմ ճահճոտ կայունության։ Որովհետեւ այս շարժումը «կայունության» եւ առաջընթացի պատերազմն էր։ Որովհետեւ այս շարժումը առողջ սկզբունքների ու նոմենկլատուրային մենթալիտետի պատերազմն էր։

Լավ, ի՞նչ կլիներ, եթե իր թեկնածությունը չառաջադրեր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինը թեկնածուի փոխարեն կունենայինք երեքը։ Բուռն, մրցակցային քարոզարշավի փոխարեն կունենայինք անցած տարվա ապրիլ-մայիսը հիշեցնող ինչ-որ բան եւ կստանայինք Եվրոպայի հեղինակավոր կնիքն առ այն, որ Հայաստանում ընտրություններն անցել են ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ։ Եւ դա հնարավորություն կտար «ընտրյալ» նախագահին առավել մեծ եռանդով ոտնահարել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, դա կհավերժացներ միակողմանի տեղեկատվություն տալու հայոց հինգհազարամյա ավանդույթը, դա մեր դրոշին կդաջեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցած տարվա մի կարգախոսը, որը ոչ միայն այդ կուսակցության, այլեւ իշխող ողջ վարչակարգի կրեդոն է. «ՈՒԺԵՂՆԵՐԸ՝ ԱՐԴԱՐ, ԹՈՒՅԼԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ»։

Հիմա, երբ Ավետիք Իշխանյանն ասում է, թե ոչ մի բան չարժե մեկ մարդու կյանք, փշաքաղվում եմ։ Իսկապես, ոչինչ չարժե մեկ մարդու կյանք, հատկապես, որ այդ մարդն ուրիշն է, դու չես։ Բայց, չգիտես ինչու, նա իր այս մեսիջն ուղղում է ընդդիմությանը՝ ոչնչով չտարբերվելով մինչ մարտի 1-ը «արյունահեղության» մասին մարգարեացողներից, եւ խորհուրդ է տալիս սառեցնել «հեղափոխականությունը»։

Բայց, ախպեր ջան, հեղափոխականությունը հո արդու՞կ չէ, որ անջատես ու սառչի։ Դու, որ խիստ զայրացել ես Ազատության հրապարակի հարթակից հնչած «տականք» բառից, մի՞թե չես հասկանում, որ սառեցնել «հեղափոխականությունը» կնշանակի հարյուր հազարավոր մարդկանց դարձնել Ռոբերտ Քոչարյանի ստեղծած եւ մեր ընդդիմությունների քավորությամբ Սերժ Սարգսյանի ժառանգած կայունության ճահճի ամենաստորին տիղմը։

Ես, անկեղծ ասած, քեզ կուզեի հանդիպել Ազատության հրապարակում, ոչ թե ճահճի խոր հատակում, տիղմերի մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter