HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հակամարտությունը ընտրությունների կարեւոր շեշտադրումն էր

Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանի հետ

- Ո՞ր խնդիրներն էին դրված Հայաստանում նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմքում: 

Նախագահի թեկնածուների միջեւ «վեճն», ընդհանուր առմամբ, ընթանում էր զարգացման հայեցակարգերի շուրջ:

Սերժ Սարգսյանը եւ նրան սատարող ուժերը պնդում էին, որ պետք է շարժվել առաջ` հիմք ունենալով նախորդ տարիների նվաճումները: Ընդդիմադիր թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, հակադրում էր` ասելով, որ պետք է փոխել գործող համակարգը` անվանելով այն ավազակապետություն: Նա նշում էր, որ եթե անգամ կա առաջընթաց, ապա ընդհանուր բացասական մթնոլորտում դա չի երեւում: Ինչու՞ է համակարգերի փոփոխման կամ պահպանման խնդիրն այսօր մնում արդիական: Բանն այն է, որ, ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն արդեն իրողություն են, եւ նախագահի թեկնածուները կարող են իրենց թույլ տալ բանավիճել, ասենք, երկրի զարգացման տեմպերի, հարկերի իջեցման կամ բնապահպանական խնդիրների մասին, մեզանում, քանի դեռ ժողովրդավարությունը չի կայացել որպես փաստ, դեռեւս առաջնահերթ է մնում դրան հասնելու հայեցակարգերի ընտրությունը: Նրանք շտկումների հարցերով են մրցակցում, մենք դեռ համակարգերի մասին ենք խոսում: 


Անկախության առաջին տարիներից մինչ օրս, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում խնդիրների առաջնահերթությունները փոխվել են` ըստ ժամանակի պահանջի: 1998 թվականին նախագահի թեկնածուն շեշտը դնում էր Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: Ընտրությունները տեղի էին ունենում բանակցային շրջանում: Դա խնդրի կարգավորման առաջին փորձն էր, եւ նախընտրական արշավը բավականին ցավոտ ընթացավ. հասարակությունը պատրաստ չէր դժվար հաղթանակից հետո փոխզիջումների մասին քննարկումներ լսել: 2003 թվականին արտաքին քաղաքականության խնդիրներին եկան փոխարինելու երկրի տնտեսական զարգացման մարտահրավերները, մարդկանց հուզում էին սոցիալ-տնտեսական հարցերը, եւ թեկնածուների ծրագրերում դրանք առաջին տեղում էին: 2008 թվականի ընտրություններում ծրագրերն ավելի բազմազան էին, ներառված էին կյանքի բոլոր ոլորտները` կաշառակերություն, մենաշնորհային տնտեսություն, փոքր եւ միջին բիզնես, անվտանգության հարցեր, արտաքին քաղաքականություն եւ այլն: Բայց հիմնական շեշտադրումները ստանում էին Ղարաբաղյան հակամարտության եւ ժողովրդավարության խնդիրները:

- Ի՞նչ տեղ էին գրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները նախընտրական ծրագրերում:


- Արդեն ասացի, որ ղարաբաղյան կարգավորման հարցն այս ընտրություններում շեշտված էր: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից օրեցօր ավելանում են ռազմատենչ հայտարարությունները, պատերազմը վերսկսելու եւ խնդիրը բռնի եղանակով լուծելու կոչերը: Այս պայմաններում, բնականաբար, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքրում եւ անհանգստացնում են արտաքին քաղաքականության հարցերը: Եվ նախագահի ցանկացած թեկնածու, որը հավակնում է պաշտոնավարել երկիրն առաջիկա հինգ տարիների ընթացքում, պետք է լուծումներ առաջարկեր` ինչպե՞ս է Հայաստանը դիմակայելու այդ մարտահրավերներին, ինչպե՞ս է հաղթահարելու մեկուսացումը եւ սպառնալիքները: Նախագահի թեկնածուն չէր կարող իր ընտրողին ասել, որ այս հարցում պատասխան չունի: Ասեմ նաեւ, որ մրցակիցների` Ղարաբաղյան հակամարտության խնդրին այսպիսի ուշադրությունը (արվում էին առաջարկություններ, հնչում կոչեր, տրվում էին գնահատականներ) պայմանավորված էր նրանց ոչ այնքան հայրենասիրական զգացմունքներով, որքան Ադրբեջանի վարքագծով. հակամարտող կողմերը նման են փոխկապակցված անոթների, եւ եթե դրանցից մեկում շատանում է թշնամանքի ճնշումը, ապա այն տարածվում է նաեւ մյուս անոթներով: Ղարաբաղյան հակամարտությունը բավականին բուռն քննարկումների առարկա դարձավ նաեւ այն պատճառով, որ ընտրություններից մի քանի օր առաջ գաղտնազերծվեց մի կարեւոր եւ վավերական փաստաթուղթ, ըստ որի` կողմերը ժամանակին համաձայնվել էին ընդունել Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը:

- Ղարաբաղի վերաբերյալ նախագահի թեկնածուների առաջարկներում կայի՞ն տարբերություններ:

Այո, տարբերություններ կային: Սերժ Սարգսյանն ու նրա թիմը Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջ էին քաշում ուժային պատասխանի ծրագիր: Այսինքն` հզոր բանակ, ոչ թե ուժեղ, այլ ուժային պետություն, անվտանգություն ապահովող մարմիններ, որոնք կպաշտպանեն սահմանները եւ այլն: Լեւոն Տեր- Պետրոսյանը հանդես էր գալիս սպառնալիքները չեզոքացնելու այլ դիրքերից: Նա կարեւորում էր քաղաքական լուծումների անհրաժեշտությունը: Նա նշում էր, որ երբ բանակցությունների գործընթացը կընթանա խնդրի իրական կարգավորման ուղղությամբ, եւ կնվազեն ռազմական սպառնալիքները, հարկ կլինի պետության ռեսուրսներն ուղղել ոչ թե ռազմական ծախսերի եւ մեծաքանակ բանակ ունենալու վրա, այլ ծառայեցնել դրանք այլ ոլորտների բարեկարգմանը: Նա առաջարկում էր պրոֆեսիոնալ բանակի ստեղծում: Եթե արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը նվազեցնում են ռազմական սպառնալիքները, ապա պակասում է նաեւ մեծաքանակ բանակ պահելու անհրաժեշտությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներն այս հարցում գրեթե չեն փոխվել 1997 թ.-ից: Մյուս թեկնածուների մասին շատ չեմ ուզում ծավալվել, որովհետեւ նրանք իրականում չկային: Այսօրվա կոալիցիան դրա վկայությունն է: Նախկինում Ղարաբաղյան հարցում Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումները պարունակել են ծայրահեղ հակասություններ, նրա տեսակետն այնքան էլ պարզ չէր 2008 թ. նախընտրական շրջանում: Վահան Հովհաննիսյանի դիրքորոշումը միանշանակ էր. այս խնդիրը նա դիտարկել եւ դիտարկում էր Հայ Դատի համատեքստում:

- Կա՞, արդյոք, ընտրողների առջեւ տրված խոստումների մասին հաշվետվություն տալու փորձ:

- Հաշվետվություն տալու մշակույթը բացակայում է ոչ միայն մեր երկրում, այլեւ տարածաշրջանի մյուս պետություններում: Խնդիրն ավելի խորն է: Ընդհանուր առմամբ, իշխանավորները ոչ միայն խուսափում են հաշվետու լինելուց, այլ ընթացքում բացահայտվում է նրանց արած հայտարարությունների, թաքուն մտքերի եւ իրական գործերի միջեւ եղած ահռելի տարբերությունը: Մի բան են խոստանում, այլ բան` անում: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր Պետրոսյանի առջեւ 8000 քմ միջազգային ճանաչումով Լեռնային Ղարաբաղ ունենալու պահանջ դրեց: Առաջին նախագահի պատասխանն էր, որ նա ի վիճակի չէ ապահովել այդ պահանջը, եւ հետեւեց նրա հրաժարականը: Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ այդ ծրագիրն իրականացնելու մտադրությամբ: Ժամանակը ցույց տվեց, որ նա բացարձակապես ցանկություն եւ կարողություն չունի այդ հարցը լուծելու: Ավելին` նա նույնիսկ ստորադասել է դա իշխանությունը պահելու խնդրին: Կարծում եմ` հասարակությունը պետք է հաշվետվություններ պահանջի իրականացրած կամ չիրականացրած խոստումների համար:

«Ռեգիոն» կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter