HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ընդմիջման համար կարեւորը պատճառներն են

Հարցազրույց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ

- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմության թեկնածուների՞, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն է:

- Հարցն այն չէ, թե արդյոք ճի՞շտ է ընտրութունների ժամանակ ընդմիջել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունները, այլ այն, թե որո՞նք են դադարի պատճառները: Կարծում եմ, որ, ղարաբաղյան հակամարտության դեպքում, ընտրությունների ընթացքում բանակցային գործընթացի ընդմիջումը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ցանկությունն է: Իսկապես, վերջին 4-5 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները ցույց տվեցին Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի պատրաստակամության բացակայությունը փոխընդունելի որոշումներ կայացնելու հարցում: Ավելին, չկար լուրջ փոխզիջումների գնալու արտահայտված քաղաքական կամք, առանց որի հնարավոր չէր խնդրի խաղաղ լուծումը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները մեր երկրների իշխանությունների համար բավական հարմար պատճառ են հակամարտության լուծումը հետաձգելու («սառեցնելու») համար: Ինչ վերաբերում է միջազգային միջնորդներին, ապա նրանք շատ հաճախ ընդառաջ են գնում երկու երկրներին եւ նախընտրական շրջանում հակված չեն որոշիչ «գործողությունների»: Թեեւ վերջին երկու տարիներին մենք տեսնում էինք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բարձր ակտիվությունը (համենայնդեպս արտաքուստ այդպիսի տպավորություն էր թողնում) եւ բացառիկ լավատեսությունը (ինչի համար լուրջ հիմքեր մենք չենք գտել եւ չենք գտնում), որոնք կապված էին այն բանի հետ, որ հնարավոր է արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, մինչեւ իսկ ստորագրել կարգավորման որոշ ընդհանուր սկզբունքներ` նախքան Հայաստանում 2008-ի ընտրական մրցապայքարի սկսվելը:

- Ընտրությունների շրջանում բանակցային գործընթացի ընդմիջումն, ընդհանուր առմամբ, լա՞վ է, թե՞ վատ բանակցությունների արդյունքի համար։

- Ինչ վերաբերում է այն ընդհանուր հարցին, թե իմաստ ունի՞ ընտրությունների շրջանում լուծել ժողովրդի եւ պետության անվտանգությանը վերաբերող կարեւոր հարցեր (ներառյալ հակամարտությունների լուծումը), ապա գուցե իսկապես անիմաստ է դա անելը, քանի որ ընտրությունների (ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական) արդյունքներից է կախված երկրի արտաքին քաղաքական ընթացքը: Այդ իսկ պատճառով միտք ունի սպասել ընտրությունների արդյունքներին եւ, դրանցից ելնելով, մշակել կարեւոր հարցերի լուծման քաղաքականություն (Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո իսկապես կարող են լինել էական փոփոխություններ հակամարտության կողմերի քաղաքականության մեջ): Իհարկե, այստեղ խոսքն առաջին հերթին նախագահական ընտրությունների մասին է, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում խորհրդարանի դերը, ցավոք, այնքան էլ մեծ չէ. մասնավորապես Հայաստանի Ազգային ժողովը մեծ կախվածության մեջ է կառավարությունից: Նախագահական ընտրությունները` կախված իրենց արդյունքներից, կարեւոր դեր կարող են ունենալ հակամարտությունների լուծման հարցում: Ամենաթարմ օրինակը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն են: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներն արտաքին քաղաքական կարեւոր հարցերի շուրջ (ղարաբաղյան հակամարտության լուծում եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում) էապես տարբերվում են մյուս թեկնածուների դիրքորոշումներից: Այդ իսկ պատճառով, կախված նրանից, թե ով կհաղթեր ընտրություններում, շատ փոփոխություններ կարող էին կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

- Կարո՞ղ է մեկ առանձին ղեկավար ամբողջովին փոխել բանակցությունների նախընթաց փուլերի արդյունքները կամ էլ ընդունել որոշում կարգավորման վերաբերյալ։

- ԵԱՀԿ Մինսկի խումբը (ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գլխավոր միջազգային ֆորմատ) 15 տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարել, պատրաստել եւ երկրներին է ներկայացրել հակամարտության լուծման տարբերակներ: Այդ պատճառով ամբողջ աշխատանքը սկզբից սկսել կամ ոչնչացնել եղածը` իմաստ չունի, առավել եւս, որ ԵԱՀԿ առաջարկների շրջանակներում լուծման իրատեսական ուղիներ արդեն իսկ գոյություն ունեն (դրանք կարելի է գտնել հակամարտության լուծման փուլային տարբերակներում): Չեմ կարծում, որ անգամ ամենալավ առաջնորդը կկարողանա հրաժարվել կամ էլ ամբողջովին փոխել հակամարտության լուծման այս կամ այն, արդեն գոյություն ունեցող տարբերակները: Մեզ թվում է, որ ուժեղ առաջնորդի դերն այն կլինի, որ նա, ունենալով բարձր լեգիտիմություն եւ քաղաքական կամք, կներկայացնի ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի որոշում: Եվ որ այդ առաջարկը կսինթեզի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մշակված եւ արդեն իսկ գոյություն ունեցող տարբերակները: Հնարավոր են, իհարկե, ղարաբաղյան հակամարտության տարբերակների շրջանակներում առանձին նոր եւ անսպասելի նախաձեռնություններ: Սակայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքի բացակայության պատճառով այդ ամենն անիրագործելի է, ինչը մենք հատկապես նկատել ենք վերջին տարիներին: Լուրջ որոշումների ընդունման հարցում Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի քաղաքական կամքի բացակայության պատճառով հակամարտությունը մտավ փակուղի` մեծացնելով վերջինիս ռազմական լուծման հավանականությունը:

- Որքանո՞վ կարող են Հայաստանի ընտրողների կարծիքի վրա ազդել մեր երկրի նախագահի թեկնածուների մասին Ադրբեջանում տպագրվող նյութերը։


- 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում բավական ակտիվ շահարկվում էին ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների թեմաները: Պատճառն այն էր, որ մեծ քաղաքականություն վերադարձավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի մոտեցումները ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների լուծմանը լրջորեն տարբերվում են Հայաստանի գործող իշխանությունների դիրքորոշումներից: Այդ իսկ պատճառով, նախագահական ընտրությունների ժամանակ ադրբեջանական եւ թուրքական գործոնները, ինչպես նաեւ նախագահի այս կամ այն թեկնածուի մասին ադրբեջանական մամուլում լույս տեսնող նյութերը, լրջորեն գրավում էին Հայաստանի քաղաքացիների ուշադրությունը: Ավելին, նախագահի բոլոր թեկնածուները եւ իշխանամետ զանգվածային լրատվամիջոցները փորձում էին վարկաբեկել առաջին նախագահին, իբր թե նա ղարաբաղյան հարցում բավական մեղմ դիրքորոշում ունի եւ բավական հայրենասեր չէ: Սակայն, ինչպես երեւում է քվեարկության արդյունքներից, փետրվարի 19-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից անընդհատ ընթացող բազմահազարանոց հանրահավաքներից, նստացույցերից եւ երթերից, իշխանությունները եւ նրանց համար վերահսկելի նախագահի մյուս թեկնածուները ցանկալի արդյունքի չհասան: Նույնիսկ Հայաստանի ԿԸՀ-ի ակնհայտորեն ցածրացրած տվյալներով` Լեւոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, մինչդեռ անհատ փորձագետների եւ սոցիոլոգների գնահատմամբ` նա իրապես հաղթել է դեռ առաջին փուլում, եւ պետք է տեղի ունենար երկրորդ փուլ:

Որոշ դադարից հետո (որը պայմանավորված էր Հայաստանում Արտակարգ դրության պահանջներով) մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանում անցած եւ Ադրբեջանում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնավոր կարծիքները: Ստորեւ տպագրված զույգ հարցազրույցները նվիրված են ընտրությունների եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացների փոխազդեցությունների հարցերին:

«Ռեգիոն» կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter