HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանին ավելի մոտ է առճակատման դիրքորոշումը

Հարցազրույց քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ

- Դուք համաձա՞յն եք, որ ընտրությունները, հատկապես նախագահականը, պետք է ընդմիջեն բանակցային գործընթացը: Եթե այո, ապա դա իշխանությա՞ն, ընդդիմության թեկնածուների՞, թե՞ միջազգային միջնորդների ցանկությունն է:

- Իհարկե, նախընտրական իրադրությունը, քարոզարշավների շրջանը լուրջ փոխզիջումների հասնելու եւ դրանք հրապարակելու լավագույն ժամանակը չէ, իսկ առանց դրա անհնար է կարգավորել այնպիսի բարդ հակամարտություն, ինչպիսին ղարաբաղյանն է։ Բայց, հաշվի առնելով այն մեծ հավանականությունը, որ, ինչպես եւ Երեւանում եղավ, Բաքվում էլ ընտրություններից հետո ղեկավարող թիմը պահպանելու է իր իշխանությունը, բանակցային գործընթացում ընդմիջում չկա եւ չի լինի։ Պարզապես կարող է հետաձգվել հնարավոր համաձայնությունների մասին հանրության տեղեկացումը։ Դատելով բանակցային գործընթացի հիմնական մասնակիցների վարքից` ներկա պահին հենց այդ էլ կատարվում է։ Չէ՞ որ համանախագահների այցելությունները չեն հետաձգվում, շարունակվում է աշխատանքը փաստաթղթերի վրա։ Հիմա համանախագահները ձգտում են հասնել կողմերի համաձայնությանն այն մասին, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Բաքուն եւ Երեւանը հակամարտության կարգավորման բանակցությունները զրոյից չեն սկսի։ Այդ նպատակին հասնելու համար համանախագահները փորձում են երկու կողմերի ղեկավարությանը մղել նրան, որ բանակցությունները շարունակվեն մինչ այդ համաձայնեցված երկրորդական հարցերի հիման վրա։

Սակայն ակնհայտ է, որ այժմ առաջարկվող փաթեթն Ադրբեջանի օգտին չէ, եւ դա առաջին հերթին կապված է հետեւյալ առաջարկության հետ. Հայաստանի վերահսկողության տակ թողնել Լաչինը եւ երկար, անորոշ ժամանակով հետաձգել ադրբեջանական համայնքի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Բացի այդ, այս առաջարկներն անիմաստ են, եթե դրանց մեջ չի նշվում ադրբեջանական տարածքներից օկուպացիոն զորքերի դուրս բերման ժամանակացույցը։ Նաեւ անհասկանալի է, թե անվտանգության կոնկրետ ի՞նչ պայմաններով ազատագրված տարածքներ կվերադառնան վտարված ադրբեջանցիները, ի՞նչ որոշակի աշխատանքներ են նախատեսվում նրանց վերադարձն ապահովելու համար, երբվանի՞ց կբացվեն հաղորդակցական ուղիները։ Այս եւ այլ կարեւոր հարցեր առայժմ մնում են չպարզաբանված։ Բաց են մնում նաեւ այն հարցերը, թե ի՞նչ ձեւով կորոշվի Ղարաբաղի կարգավիճակը, ի՞նչ ձեւաչափով կիրականացվի հանրաքվեն։ Ընդհանուր ձեւով նշվում է, որ կարգավիճակի հարցը պետք է որոշվի ժողովրդի կամքի արտահայտության միջոցով։ Եւ առաջին հայացքից` նման ձեւակերպումն ավելի ընդունելի է հայկական կողմի համար։ Ինչպես տեսնում եք, կողմերի դիրքորոշումներն ամենակարեւոր խնդիրների վերաբերյալ գործնականում փոխբացառող են։ Սա հաստատում է այն միտքը, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ժողովածուն, ինչ տեսքով էլ որ այն հրապարակվի, իրականում ոչինչ չարժե։ Առնվազն 2008-ին եւս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կպահպանվի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը։

- Ընտրությունների շրջանում բանակցային գործընթացի ընդմիջումն ընդհանուր առմամբ լա՞վ է, թե՞ վատ բանակցությունների արդյունքի համար։


- Բանակցային գործընթացի ցանկացած ընդմիջում վատ է համաձայնության հասնելու համար։ Կարող է փակվել պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորության պատուհանը։ Կարող է փոխվել արտաքին քաղաքական իրավիճակը եւ, վերջապես, Մինսկի խմբի համանախագահների կազմը հավերժական չէ, այն ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, ինչը կարող է սուբյեկտիվորեն ազդել բանակցային գործընթացի տեմպի վրա։

- Կարո՞ղ է մեկ առանձին ղեկավար ամբողջովին փոխել բանակցությունների նախընթաց փուլերի արդյունքները կամ էլ ընդունել որոշում կարգավորման վերաբերյալ։

- Եթե հասարակության մեջ հասունացել է կտրուկ որոշումներ կայացնելու օբյեկտիվ իրավիճակը, իսկ իշխող վերնախավի մեծ մասը դեռ չի գիտակցում դա, ապա առաջնորդը, որն ընդունակ է վեր կանգնել իներցիայից, դրսեւորել արմատական լուծումներ առաջարկելու համարձակություն, կարող է փոխել բանակցությունների նախորդ փուլերի արդյունքները, եւ այդ իրավիճակում մեծ է բանակցային գործընթացում ճեղքում կատարելու հավանականությունը։

Բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խոշոր տերություններ չեն եւ միշտ ստիպված են հաշվի նստել միջազգային հանրության կամքի հետ։ Այնպես որ, մոտ ապագայում ես չեմ սպասում նկատվող միտումների եւ գործընթացների հետ չհամաձայնեցվող կտրուկ շարժումներ։ Ես բացառում եմ ռազմական գործողությունների, համենայնդեպս Ադրբեջանի կողմից, վերսկսման հավանականությունը։ Առանց հայկական կողմի ուղղակի սադրանքի, հազիվ թե Բաքուն սեփական նախաձեռնությամբ սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Ադրբեջանը սեփական բանակի վերազինման եւ նշանակալի ուժեղացման գործընթացի մեջ է։ Ամենայն հավանականությամբ, այդ ծրագիրը կտեւի եւս մի քանի տարի, եւ նախագահական ընտրությունների այս ընթացքում, որը մեզ մոտ տեղի կունենա 2008 թ. աշնանը, խելամիտ չէ դիմել ռիսկի, որի հետ կապված է ցանկացած ռազմական գործողություն։

- Որքանո՞վ կարող են ազդել Ադրբեջանի ընտրողների կարծիքի վրա մեր երկրի նախագահի թեկնածուների մասին Հայաստանում տպագրվող նյութերը։


- Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել։ Բայց ակնհայտ է, որ եթե արտակարգ իրադարձություններ չլինեն, ապա Ադրբեջանի գործող նախագահը եւ իշխող վերնախավն ունեն ջախջախիչ առավելություն։ Նրանց տրամադրության տակ եղած ֆինանսական, տեղեկատվամիջոցների եւ վարչական ռեսուրսների պայմաններում առանց մեծ դժվարության կարելի է հասնել անհրաժեշտ արդյունքի: Իմ կարծիքով, Ադրբեջանի նախագահի թեկնածուների մասին Հայաստանում լույս տեսնող նյութերը չեն կարող ազդել ադրբեջանցի ընտրողների կարծիքի վրա։ Թեեւ հասկանալի է, որ այդպիսի հրապարակումները դիտարկվում եւ գնահատվում են։

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ապա Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, չի համապատասխանում նոր իրողություններին։ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան թիմն, ըստ էության, չի հասկանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ վտանգ չի տեսնում Ադրբեջանի ավելի ու ավելի հզորացման մեջ։ Նրանք չեն հասկանում, որ բաց են թողնում (բաց են թողել) հայկական կողմի համար առավելագույնս ձեռնտու համաձայնության հասնելու ժամանակը։ Սերժ Սարգսյանին ավելի մոտ եւ հասկանալի է առճակատման դիրքորոշումը։ Բայց դրա հետ միասին, Սարգսյանի հաղթանակը կարող է նաեւ դրականորեն անդրադառնալ ղարաբաղյան գործընթացի վրա։ Սարգսյանն Ադրբեջանի հետ բանակցող վարչախմբի ներկայացուցիչն է։ Սա նշանակում է, որ բանակցային գործընթացը հետաձգելու կարիք չկա, իրավիճակին ծանոթանալու համար նրան ժամանակ պետք չէ, նա գործընթացի մեջ է։

Զրուցեց Զ. Ռասուլզադեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter