«Չեմ ուզում զրկվել ուսում ստանալու հնարավորությունից և շատերի պես փախչել արտասահման»
Ես 17-ամյա Սոֆյան եմ` Երևանից: Ես ծնվել և մեծացել եմ Ուկրայինայի մայրաքաղաք Կիևում: Հայրիկս միշտ պայքարում էր այն բանի համար, որ մենք ապրենք մեր երկրում, և 8 տարի առաջ դա մեզ հաջողվեց: Ես սովորել եմ հայերեն կարդալ և գրել 9 տարեկանում, երբ դասընկերներս առաջին դասարանից սովորում էին իրենց մայրենին: Շատ բարդ էր, բայց շատ կարևոր իմ և իմ ընտանիքի համար: Այդպես 6 տարի դպրոցում պայքարեցի իսկական հայ դառնալու համար, հայ, ով միայն ծագումով հայ չէ, այլ նաև տիրապետում է իր հարազատ լեզվին և պատմությանը:
Այս տարի ես ընդունվել եմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ: Դա իմ երազանքն էր: Այդ բանին հասնելու համար շատ էի պայքարել, միայնակ պարապել, կողքիս միայն ծնողներս են եղել: Մենք հնարավորություն չունենք վճարել որևէ մասնագետի ինձ քննություններին նախապատրաստելու համար: Մի քանի տարի առաջ հայրիկիս առողջությունը խիստ վատթարացավ, և այդտեղից էլ սկսվեց մեր կյանքի ամենաբարդ շրջանը:
Հայրս մեր ընտանիքի միակ կերակրողն է, աշխատում է հիվանդ վիճակում և հազիվ է հաջողվում հոգալ 5 հոգանոց ընտանիքի ծախսերը: Մի քանի ամիս է, ինչ աշխատանք եմ փնտրում: 17-ամյա աղջկանից ամենուրեք աշխատանքային փորձ են պահանջում: Այժմ ես ունեմ միայն 10 օր ժամկետ, ուսմանս վարձը վճարելու համար, այլապես դուրս կմնամ համալսարանից: Չեմ կարող կորցնել այն ամենը, ինչին այդքան մեծ դժվարությամբ եմ հասել: Չեմ ուզում զրկվել ուսում ստանալու հնարավորությունից, և շատերի պես փախչել արտասահման:
Սա հայրենիքում մնալու իմ խնդիրն է: Այստեղ ամենը շատ բարդ է, բայց ես եմ իմ երկրի տերը, ուզում եմ շատ բան փոխել, սովորել ու կառուցել ապագաս այստեղ: Ես տեսնում եմ, թե ինչպես են իմ հասակակիցները վճարում ուսման համար, և չեն ներկայանում դասերին անգամ: Ես երազում եմ սովորել այդ ֆակուլտետում, բայց չունեմ այդ միջոցները: Ես դիմում եմ բոլոր մարդկանց, ովքեր կարող են աջակցել ինձ որևէ կերպ:
Դիմում եմ բարերարներին և առհասարակ մարդկանց, ովքեր կարող են անել ինչ-որ բան....Ես պատրաստ եմ պայքարել ապագաս Հայաստանում կառուցելու համար և շատ մեծ հույս ունեմ, որ մենակ չեմ մնա...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել