HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

PR-շչիկներն ու ոստիկանները

Թե ո՞վ է հրաման տալիս չբռնել Հյուսիսային պողոտայում խաղաղ զբոսանքի մասնակցող մարդկանց, հաջողվեց պարզել անցած շաբաթ եւ կիրակի օրերին։ Որքան էլ տարօրինակ թվա, դա Եւրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբն է, որը քառօրյա այցով Երեւանում էր։

Տարօրինակ չի կարող թվալ, որովհետեւ ամեն մարդ մանկության օրերից կհիշի իր ծնողների հորդոր-զգուշացումները. «Տունը մարդ է գալու, ձեզ կարգին կպահեք»։

Իսկ թե ով է հրաման տալիս բռնել մարդկանց կամ, իրավական տերմինով ասած, սահմանափակել մարդու իրավունքներն ու ազատություններն, այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել։

Մի քանի օր առաջ Հյուսիսային պողոտայում ինձ մոտեցան միանգամից հինգ ոստիկան ու նրանցից երկուսը թեւերս մտնելով մյուս երեքի ուղեկցությամբ խեղճ անձիս տարան դեպի ոստիկանական մեքենան։ Ինձ զարմացրեց ոստիկանների քանակը, որովհետեւ՝ չնայած մեծ չափերիս, ամենեւին կռփամարտիկի տպավորություն չեմ թողնում։ Կարելի էր մոտենալ, քաղաքավարի ասել՝ պարոն, հետեւեք մեզ։ Բայց հիմա քաղաքավարության ժամանակներ չեն։ Ի՞նչ իմանաս ո՞ւմ ես բռնում, ի՞նչ զինատեսակ կամ պայթուցիկ նյութ կա գրպաններում, ի՞նչ նպատակով է զբոսնում։ Մի խոսքով, ես հարցրի՝ ինչո՞ւ եք ինձ տանում։ Ոստիկաններից մեկը բավական անկեղծ տոնով ասաց. «Չգիտեմ, մեզ ասել են»։

Ու թեեւ զբոսանքի վայրում խմբված լրագրողները մինչեւ մեքենան ինձ ուղեկցելով ասում էին՝ լրագրող է, լրագրող, մի տարեք, բայց ոստիկանները ջանասիրաբար կատարեցին չգիտես որտեղից եւ ինչ պատճառով եկած հրամանը։

Ինչեւէ, դիմադրելն իմաստ չուներ, իսկ վիճել մարդկանց հետ, ովքեր անիմանալի հրաման են կատարում ավելորդ զբաղմունք էր։ Քիչ անց մեքենայի մեջ մտցրին տարեց մի մարդու, ով վրդովված անընդհատ հարցնում էր՝ ինչո՞ւ եք ինձ տանում, ես ընդամենը այս փողոցով տուն էի գնում։

Հասանք բաժին։ Ինձ ու տարեց այդ քաղաքացուն տեղավորեցին մի սենյակում։ Ես շարունակ լռում էի, իսկ տարեց մարդը շարունակ արդարություն էր փնտրում։ «Ես Սերժ Սարգսյանին են ընտրել, ինչո՞ւ եք ինձ բերման ենթարկել։ Ես ոչ լրագրող եմ, ոչ էլ քաղաքական գործիչ»։ Միակ հարցը որ տվեցի ոստիկանության շենքում, ուղղված էր այդ մարդուն. «Ուրեմն դուք կարծում եք, որ լրագրողներին ու քաղաքական գործիչներին կարելի է հենց այնպես ձերբակալե՞լ»։ Մարդը կամ հարցս չհասկացավ կամ էլ շրջանցելով նորից շարունակեց իրենը. «Ես Մաշտոցի պողոտայում եմ ապրում, ես այս փողոցով տուն եմ գնում, ինչո՞ւ եք ինձ այստեղ բերել»։

Մարդու գոռգոռոցին ի պատասխան ոստիկանության աշխատակիցն, ում սենյակում անցկացնում էինք մեր անորոշ պատժաժամկետը, շատ քաղաքավարի ասաց. «Հայրիկ, ես ոչ մի բանով չեմ կարա օգնեմ, ուզո՞ւմ ես գնամ ջուր բերեմ կամ մոխրաման տամ մի հատ ծխես»։ Մարդը հրաժարվեց ջրից էլ, մոխրամանից էլ ու սկսեց տենդագին փորփրել բջջային հեռախոսի բլոկնոտը։ Այնպիսի տպավորություն էր, որ անձամբ իր ընտրյալի՝ Սերժ Սարգսյանի, հեռախոսի համարն է փնտրում։

Քիչ անց մեր սենյակ բերեցին երկու իրար նման կանանց։ Պարզվեց քույրեր են։ Ավագն ապրում է Քաշաթաղում եւ հյուր է եկել երեւանցի քրոջը։ Երեւանցին էլ՝ քաղաքական անցուդարձից անտեղյակ («Հայլուրը» չի խոսում վտանգավոր զբոսանքների մասին), որոշել էր քույրիկին ցույց տալ Հյուսիսային պողոտան։ Քաշաթաղում ապրող մարդուն Հյուսիսային պողոտա ցույց տալը բարի՞ մտադրություն էր, թե՞ չար, պարզել չհաջողվեց, որովհետեւ ինձ կանչեցին պետի մոտ։

Պետը զբաղված էր, խնդրեցին սպասել կողքի սենյակում, որտեղ ծանոթ դեմքեր տեսա։ «Դո՞ւ էլ պատվաստվեցիր». հարցրեց հանրահավաքներից ծանոթ մի աղջիկ, ում տրամադրությունը չափազանց բարձր էր։ Ցածր չէր նաեւ իմ ու աղջկա միջակայքում նստած ոստիկանի տրամադրությունը։ -Իսկ որտե՞ղ ա ձեր ծեծելու սենյակը,- հարցրեց աղջիկը։ -Ի՞նչ սենյակ, չէ, հիմա ըտենց բան չկա, էդ սովետի վախտով էր, հիմա եւրոպական արժեքների մեջ ենք,-պատասխանեց ոստիկանը՝ քթի տակ քմծիծաղ տալով, ինչը կարելի էր մեկնաբանել այսպես. «Հատուկ սենյակս ո՞րն ա, հիմա ծեծում են որտեղ պատահի»։

Սրանից հետո ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ։ Ինձ տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին ու քիչ անց «կներեք, թյուրիմացություն է եղել» ասելով բաց թողեցին։

Ոստիկանի ասած «եւրոպական արժեքներն» էին անընդհատ գլխիս մեջ, երբ երկու օր անց ծանոթներիցս մեկն ինձ տվեց ՀՀ Կառավարության մի որոշում, որը 2007 թվականի հունիսի 14-ին ստորագրել է ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Որոշման վերնագիրն է. «Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը եւ ծանուցման կարգը հաստատելու մասին»։

Ծանուցման ենթակա իրավունքների ցանկից պարզվում է, որ մարդն իրավունք ունի իմանալ «իր իրավունքների սահմանափակման պատճառները, հիմքերը, իր իրավունքները սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը։

Մարդն իրավունք ունի նաեւ ստանալու իրավաբանական օգնություն, բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց։ Բացի այդ իրավունք կա ծանոթանալու սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղերին կամ նյութերին։

Որոշումը բավական երկար է։ Ցանկից բացի կցված է նաեւ ծանուցման կարգը։ Նշված կետերից որեւէ մեկն այդ օրը չտեսանք իրականության մեջ գործադրվելիս, նույնիսկ մեկը չասաց, թե, գիտե՞ք, նման որոշում կա։ Մինչդեռ վարչապետի քարոզարշավի ժամանակ մեր հեռուստաընկերություններն ու ռադիոները, իշխանամետ թերթերն ու սայթերն օրուգիշեր պիտի հաղորդեին, որ նախագահի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսքով, այլեւ գործով է հավատարիմ եւրոպական հումանիստական արժեքներին։ Ինչի մասին ասես խոսեցին, բացի այս որոշումից, բայց հենց սա էր ամենակարեւորը եւ հենց սա կապահովեր Հյուսիսային պողոտայում զբոսնող հազարավոր մարդկանց անշեղ քվեարկությունը։

Իսկ հիմա ի՞նչ է։ Երբ մի շատ բացառիկ դեպքում ձերբակալվածներից մեկին ծանուցել են ցանկի հինգերորդ կետը՝ «պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին», քաղաքացին շփոթված ասել է. «Բայց ես չունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռախոսի համարը»։

Այ, միշտ այսպես է լինում, երբ վարչապետի PR-շչիկներն ու ոստիկանները ձեռք-ձեռքի տված վատ են աշխատում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter