HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չճշտված տեղեկատվություն

«Չորրորդ իշխանություն» թերթի 28.03.2008 համարի «Հաշվեհարդար ԵՊՀ-ում» նյութում, որը վերաբերում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողների` «Հայլուրին» ուղղված բաց նամակին եւ հետագա զարգացումներին, տեղ են գտել չճշտված, սխալ տեղեկություններ, որոնք առնչվում են իմ անձին:

Մասնավորապես, գրվել է, թե ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նաղաշ Մարտիրոսյանն իր մոտ է կանչել նամակի հեղինակ-ուսանողներից մեկին` ինձ` «անուն առ անուն ճշտելու, թե ովքեր են նամակի մյուս հեղինակները: Պարզ է, թե ինչու է դեկանի պաշտոնակատարը «բերման ենթարկել» ավարտական կուրսի ուսանողին` փորձելով բացահայտել անանուն բոլոր հեղինակներին»: Ճշտեմ. Մարտիրոսյանն ինձ հետ զրուցել է այն մասին, թե ինչու հեղինակները չեն նշել իրենց անունները. նա ենթադրում էր, թե խմբի անունից թերեւս հանդես են եկել մեկ-երկու հոգի, ինչին ես պատասխանել եմ, որ նամակը գրվել է մոտ 10 հոգու նախաձեռնությամբ, իսկ տպագրությունից հետո մեզ միացել են այլ ուսանողներ: Այս խոսքերս հիմնավորելու համար, բնականաբար, նշել եմ նախաձեռնող խմբից իմ եւ եւս երեքի անունները: Շեշտել եմ նաեւ, որ անիմաստ էր տպագրության համար պատրաստվող նամակում նշել մոտ 10 ուսանողի անուն, որոնք ծանոթ չեն լայն հասարակությանը:

Հաջորդ միտքը, որը չի համապատասխանում իրականությանը, հետեւյալ նախադասությունն է. «Վահե Սարուխանյանին հենց համալսարանում դասերի ժամանակ ծեծի են ենթարկել նույն ֆակուլտետի երկու ուսանող, որոնց այդ քայլին ամենայն հավանականությամբ դրդել է բաց նամակի բովանդակությունը»: Իմ կողմից նշեմ, որ նյութի հեղինակ Օ. Քոչարյանը այն գրելուց առաջ պետք է զրուցեր կամ գոնե փորձեր զրուցել միջադեպի մասնակիցների հետ` ճշտելու դրա պատճառները եւ մյուս մանրամասները, որոնց մասին ինֆորմացիան խեղաթյուրված է: Նախ` միջադեպի պատճառը ոչ թե նամակի բովանդակությունն է, այլ իմ հասցեին անձնական վիրավորանքները, որոնք տեղ են գտել հոդվածում նշված կայքում:

Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում դասախոսներին առնչվող պարբերությունը, որում ասվում է, թե նրանք միջադեպին հետեւել են լուռ համաձայնությամբ, եւ ոչ մեկը չի էլ փորձել միջամտել: Բանն այն է, որ քաշքշուկը սկսվել է առանց դասախոսի կամ այլ ուսանողի ներկայության եւ տեւել է հաշվված րոպեներ, երբ հարակից լսարաններից դուրս են եկել մի քանի ուսանող եւ դասախոս:

Ինձ, մասնավորապես, վրդովեցրել է այն, որ որոշ մարդիկ հայտարարել ու հայտարարում են, թե իբր «Հաշվեհարդար ԵՊՀ-ում» նյութը գրվել է իմ դրդմամբ: Սա բացարձակ սուտ է: Ես այս նյութի հետ որեւէ առնչություն չունեմ, բացի այդ` դեմ եմ դրանում տեղ գտած խեղաթյուրված ինֆորմացիային, որը ստվեր է գցում ոչ միայն իմ, այլեւ ինձ հետ որեւէ խնդիր չունեցող մի շարք անձանց անվան վրա, որոնցից նշվել է Դավիթ Պետրոսյանի անունը:

«Հայլուրին» ուղղված բաց նամակի հեղինակներս ի սկզբանե մեկ նպատակ ենք ունեցել. մեր բողոքը եւ անհամաձայնությունը հասցնել այդ ծրագրին: Բայց որոշ մարդկանց անհանդուրժող կեցվածքի պատճառով զուտ լրագրողական այս խնդիրը, որն առողջ բանավեճի թեմա պետք է դառնար, տեղափոխվեց անձնական վիրավորանքների հարթություն եւ բերեց հետեւանքների, որ բոլորովին մեր նպատակը չէին: Ինչ վերաբերում է իմ անձին, ապա ես արտահայտել եմ իմ կարծիքը ու դրանից հրաժարվելու մտադրություն կամ ինչ-որ մեկից եւ ինչ-որ բանից վախի զգացում բնավ չունեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter