HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արարատ Սաֆարիս»-ը Հայաստան է բերելու 10-15 իտալացի թռչնորսների

«Հետքը» վերջերս անդրադարձել էր «Արարատ Սաֆարիս» ընկերության շուրջ բարձրացած աղմուկին: Հայտնի էր դարձել, որ այս ընկերությունն արտասահմանցի որսորդներին հրավիրում է Հայաստան` թռչնաորսի:

Նշվում էր, թե սա իտալական ընկերություն է: Սակայն «Հետքը» ՀՀ ԱՆ Պետռեգիստրից ստացել է «Արարատ Սաֆարիս» ՍՊԸ-ի տվյալները: Ըստ այդմ` վերջինս գրանցվել է 08.02.2006-ին Արարատի մարզի Արմաշ գյուղում: Հիմնադիրներից մեկը Գագիկ Բաղդասարյանն է, որը նաեւ ներկայացված է որպես ընկերության տնօրեն: Նրա մասնաբաժինը 30 տոկոս է: Նույնքան բաժին ունի նաեւ մյուս հիմնադիր, ՀՀ նախկին գյուղնախարար Դավիթ Զադոյանը: Իսկ մնացած 40 տոկոսը պատկանում է իտալացի Ռիկկարդո Գալյարդիին: 

Մամուլի հրապարակումներից հետո ընկերության http://www.araratsafaris.com կայքն այլեւս չի գործում:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Դ. Զադոյանի որդու` Արսեն Զադոյանի հետ, որն այսօր, ինչպես ինքը ներկայացավ` այցելելով «Հետքի» խմբագրություն, «Արարատ Սաֆարիս» ՍՊԸ-ի տնօրենն է:

- Ինչո՞վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը:

- «Արարատ Սաֆարիս» ՍՊԸ-ի կանոնադրության մեջ նշված է, որ մենք զբաղվում ենք որսորդական տուրիզմով, էկոտուրիզմով, ձկնորսական տուրիզմով: Մենք արդեն հայտեր ունենք արտասահմանցիներից, որոնք ուզում են գալ այստեղ եւ որս կազմակերպել: Դա լինելու է օգոստոսի 20-ից հետո, երբ որսաշրջանը պաշտոնապես կբացվի: Կարծում եմ, որ 10-15 հոգի կգան: Այս ամենն արվում է օրենքով:

- Բայց Բնապահպանության նախարարությունը եւ Որսորդմիությունը տեղյակ չեն «Արարատ Սաֆարիս»-ի մասին:

- Պատճառն այն է, որ մինչեւ այժմ մենք որսորդ տուրիստներ չենք ունեցել: Եթե ունենայինք, պետք է դիմեինք նախարարությանը, որպեսզի վերջինս կոնկրետ թռչնատեսակի որսի համար մեզ լիցենզիա տրամադրեր: Նույնը վերաբերում է նաեւ Որսորդմիությանը: Ըստ երեւույթին, այս պատճառով մեզ չեն ճանաչում:

- Իսկ ի՞նչ թռչնատեսակների որս եք կազմակերպելու:

- Հիմնականում երեք թռչնատեսակի որս է կազմակերպվելու` լոր, բադ, կաքավ:

- Բայց Ձեր գովազդում, կարծես, ավելի շատ թռչնատեսակներ կային:

- Դա եղել է զուտ գովազդի համար: Այդ նկարները խնդրել էինք մեր տեղացի որսորդներից: Նկարներից մեկն արվել էր երկու տարի առաջ` հոկտեմբերի վերջին: Ասեմ, որ հիմա մեր տեղական օրենքով բադի որսի ժամանակ յուրաքանչյուր որսորդ մեկ օրում կարող է կրակել առավելագույնը հինգ բադ: Տուրիստները գալու են չորս հոգանոց խմբերով, եւ որսը տեւելու է չորս օր: Արմաշի ձկնաբուծարանի տարածքում պատրաստել ենք մի քանի լիճ, որտեղ թռչունները կերակրվելու են: Որսագողությունն էլ արգելվելու է, առանց թույլտվության ոչ ոք չի կարող մտնել այդ տարածք եւ որս անել:

- Տարածքը վարձակալությա՞մբ եք վերցրել:

- Այո:

- Որքա՞ն է որսի թույլտվության վճարը:

- Վճարը, ինձ թվում է, միջազգային գներից առայժմ մի քիչ ցածր կլինի, որովհետեւ դեռեւս նոր ընկերություն ենք: Վերջնական չափը դեռ չենք որոշել:

- Իսկ տուրիստներին ի՞նչ ծառայություններ եք մատուցելու:

- Մենք պետք է նրանց դիմավորենք օդանավակայանում, տեղավորենք հյուրանոցում, օրը երեք անգամ ապահովենք սննդով, առավոտյան ուղեկցենք որսի, որն ավարտվելու է ժամը 12-ին: Այսպես` չորս օր:

- Ձեր ընկերության հիմնադիրներից մեկն իտալացի է:

- Այո, Ռիկկարդո Գալյարդին, որը 40 տոկոսի բաժնետերն է:

- Այս գաղափարը նրա՞նն է:

- Երեք տարի առաջ նա եկավ Հայաստան եւ մեզ առաջարկեց նման բիզնեսով զբաղվել: Մենք էլ որոշեցինք զբաղվել:

- Իտալական եւ եվրոպական օրենքներով, կարծես թե, արգելված է թռչունների որսը:

- Արգելված չէ: Նույն մեր հարեւան բոլոր երկրներն էլ ունեն որսորդական տուրիզմ: Մեր ընկերությունը որս է կազմակերպում նաեւ Ղրղզստանում, Արգենտինայում, Ռումինիայում: Այսինքն` «Արարատ Սաֆարիս»-ը այս երկրների որսորդական ընկերությունների հետ ունի համապատասխան պայմանավորվածություն:

- Իսկ ինչու՞ են իտալացիները Իտալիայից գալիս Հայաստան: Իտալիայում բադ ու լոր չկա՞:

- Դա ընդունված բան է, տուրիզմ է: Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում: Հայաստանում կա 25.000 որսորդ: Ես հավաստիացնում եմ, որ եթե այդ 10-15 որսորդները գան Հայաստան, ավելի բարեխղճորեն են որս կատարելու, քան մյուսները: Նրանք նաեւ ավելի գիտակ են: Ավելացնեմ, որ մենք տվյալ արտասահմանցի որսորդին կցելու ենք մեր աշխատողին, որը գործի գիտակ է եւ ճանաչում է թռչնատեսակները:

- Իսկ այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել:

- 2006-ից մինչեւ հիմա զբաղվել ենք գովազդներով, ինտերնետային կայք ենք պատրաստել: Կայքում սխալ տեղեկություններ են եղել, հիմա դրանք ենք ուղղում:

- Ձեր ընկերության մասին հոդվածներ են գրվել: Պետական մարմիններից այդ առիթով Ձեզ այցելե՞լ են:

- Արարատի մարզի բնապահպանական տեսչության պետի հետ եմ հանդիպել, զրուցել, անձամբ եկել եմ նախարարություն, վիճակը բացատրել եմ` ի՞նչ ընկերություն ենք, ի՞նչ նպատակներ ունենք, ինչու՞ մինչեւ հիմա մեզ չեն ճանաչել:

- Իսկ կապ ունե՞ք «Սաֆարի Ինթերնեշնլ» ընկերության հետ:

- Ոչ: Նրանց հետ բացարձակապես կապ չունենք: Մենք առանձին ընկերություն ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter