HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ծրագրեր Քաշաթաղում

Մարտի 28-ից 30-ը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի կենտրոն Բերձորում կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: Խորհրդաժողովի նախաձեռնող «Թուֆենկյան» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանին «Հետքը» խնդրեց ամփոփել արդյունքները:

Ընդհանուր առմամբ` որպես հիմք, որպես սկիզբ լավ նախաձեռնություն էր: Երկու նպատակներին էլ կարծես թե հասանք: Առաջինը` լավ հնչեղություն ստացավ եւ՛ մամուլում, եւ՛ մասնակիցների մոտ: Այնտեղ ներկա էին սփյուռքից եւ Հայաստանից այն հիմնական կազմակերպությունները, որ կարող էին ինչ-որ ձեւով տրամադրություն ստեղծել Քաշաթաղի վիճակի շուրջ: Երկրորդ նպատակը, որ ավելի պրագմատիկ է, ներդրումներ կատարվեն եւ՛ բարեգործական, եւ՛ բիզնեսի նպատակներով: Դա էլ հնարավոր դարձավ անել լավ մասշտաբներով: Նախնական խոստումը ստացել ենք «Ծառուկյան» հիմնադրամից, որը խոստացել է իրականացնել խոշոր ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերից մեկը: Դա կլինի կամ ճանապարհաշինությունը, կամ խմելու ջրի, կամ էլ ոռոգման ջրի համակարգերի վերակառուցումը: Դեռ քննարկման փուլում է, բանակցություններ են ընթանում վերջնական որոշում կայացնելու համար: Բայց լավատես եմ, որ դա լինելու է:

Խորհրդաժողովի երրորդ օրվա ընթացքում աշխատանքային խմբերը արդյունավետ աշխատեցին: Կարողացան եւ ծրագրեր մշակել, առաջարկվեցին նոր ծրագրեր, որոնք մինչ այդ նախատեսված չէին:

Բիզնես ծրագրերը հիմնականում երկուսն են: Մի աշխատանքային խումբ խոստումներ հավաքեց երեք հարյուր հազար դոլարի, դրանով պիտի Իշխանաձոր գյուղում հիմնվի գինու գործարան եւ զանազան հյութերի վերամշակման կետ: Իշխանաձորը Քաշաթաղի շրջանի հարավային մասի խաչմերուկում է գտնվում: Աշխատանքային խմբի մեջ կային նաեւ գինեգործներ: Նրանցից մեկը Վահե Քոշկերյանն է, նա ճանաչված մասնագետ է, այժմ Եվրոպայի շուկա գինի է առաքում: Փաստորեն, մի խումբ ներդրումներ է անելու այս երկու ուղղություններով: Իսկ դա նշանակում է ոչ միայն աշխատատեղեր այդ գործարաններում, այլ նաեւ այգեգործության, առհասարակ գյուղատնտեսության զարգացում: Մարդիկ իրենց բերքը կիրացնեն հենց իրենց մոտ գտնվող գործարանում կամ ընդունման կետում:

Երկրորդ ծրագիրը մոտ երկու հարյուր հազար դոլար արժողությամբ է` նռան եւ խաղողի այգիների հիմնում: Նախատեսվում է դա անել նորից հարավում` Կովսական եւ Միջնավան բնակավայրերի արանքում: «Թուֆենկյան» հիմնադրամն առաջարկել է դա անել իր` արդեն իրականացրած մի ծրագրի նման( տես հոդվածը` «Թուֆենկյան հիմնադրամը» Արցախում): Այգում աշխատող գյուղացիները երեք-չորս տարի, մինչեւ այգուց բերք ստանալը, կաշխատեն այգում` ստանալով ամսական աշխատավարձ: Չորրորդ կամ հինգերորդ տարուց սկսած` աշխատողները կսկսեն ախատել արդեն բաժնետիրական սկզբունքով: Այսինքն` բերքից x տոկոս կստանան, բացի իրենց աշխատավարձը, որպեսզի ընդգրկված լինեն ծրագրում եւ իրենց մասնակից զգան: Վերջնական նպատակը ոչ միայն բիզնես ստեղծելն է, այլ նաեւ այդ ժողովրդին այդտեղ ամրապնդելը, որ կառչած մնան իրենց հողին: Այսինքն` դա զուտ բիզնես ծրագիր չէ, բիզնես ծրագիր է բարեգործական հիմքով:

Կան բարեգործական ծրագրեր, որոնց համար արդեն խոստումներ են տվել: «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը տվել է երկու դպրոցի կառուցման խոստում: «Պրովանս Արմենի» կազմակերպությունը Կովսականում մարզական համալիր կառուցելու խոստում է տվել: Մի անձ Բերձորում զբոսայգի է կառուցելու, ,Armenia Tree Projectե-ն այդ զբոսայգում ծառատունկ է կազմակերպելու: Կան այլ բազմաթիվ խոստումներ, դրանք նախնական փուլում են, շուտով դրանք էլ կհստակեցվեն, եւ կհրապարակվեն կազմակերպությունների անունները եւ ծրագրերի ցանկը:
Որպես սկզիբ` շատ լավ է, բայց պետք է մեծ տեմպերով շարունակել այս աշխատանքները: Դրա համար առաջարկել ենք ստեղծել խորհուրդ, որը կկոորդինացնի աշխատանքները եւ շրջանի վարչակազմի հետ կաշխատի: Դա կլինի թափանցիկ եւ հրապարակային: Ներկաները մերժեցին այս առաջարկը` գտնելով, թե դեռ վաղ է, այս փուլում նպատակահարմար չէ: Եւ խնդրեցին, որ դա անի «Թուֆենկյան» հիմնադրամը: Այստեղ խնդիր ընդհանրապես չկա, որովհետեւ ծրագիրն իրականացնողը դա կարող է միանգամից անել Քաշաթաղի վարչակազմի հետ: Սրանք հարցեր են, որոնք առաջիկա ամիսներին քննարկվելու են եւ հստակեցվելու: Հուսով ենք` այս նախաձեռնությունը շուտով տեսանելի արդյունքներ կունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter