HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Համազգեստավորում` կամավոր-պարտադիր սկզբունքով

Արմավիրի մարզպետարանը մարզի հանրակրթական դպրոցներին հարկադրում է պարտադիր դպրոցական համազգեստ կիրառել: (Նման պարտադրանք եղել էր նաեւ անցյալ տարի, որին «Հետքն» անդրադարձել էր, Ծնողների ըմբոստություն դպրոցական համազգեստի պատճառով):

Այդ առիթով ամեն օր դպրոցներում ծնողական ժողովներ են հրավիրվում` ծնողներին բացատրելու, համոզելու, խնդրելու, առանձին դեպքերում նույնիսկ օրինակ ծառայելու գնով խնդիրը վերջնականապես լուծելու համար։

Էջմիածնի թիվ 4 դպրոցի ծնող Մինա Ասլոյանի փոխանցմամբ` երբ հայտարարել է, թե իր երեխային կտեղափոխի այլ դպրոց, դասվարն ասել է. «Որ դպրոցն էլ տանես` նույն խնդիրն ես ունենալու, քանի որ պարտադրանքը վերեւից է»:

Դասվարը` Վերուս Մանուկյանը, թեպետ չհերքեց անցանկալի ժողովներ հրավիրելու տխուր փաստը, բայց նաեւ ասաց, որ տնօրենի կողմից պարտադրանք չկա: «Ընդհակառակը, ազատ է թողել. ասել է` չստիպեք»: «Այսինքն` ստացվում է, որ գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հե՞տ... ո՞նց հասկանանք, որ տնօրենը չի ստիպում, բայց դասղեկի վրա ջղայնանում է, թե` լավ չես համոզում, որ բողոքում են»,- ասաց Մ. Ասլոյանը: Իսկ նույն դպրոցի մեկ այլ ծնողի` Նաիրա Մանուկյանի կարծիքով` պարտադրանքը ոչ թե անպայման համազգեստ կրելու, այլ վճարելու մեջ է:

Թիվ 4 դպրոցի ուսուցչուհիներից մեկը, փորձելով տնօրեն Մուրադյանին զերծ պահել պարտադրելու միջոցով հարցը լուծելու «հանիրավի մեղադրանքից», ասաց. «Ուսուցիչներիս միջոցով որեւէ պարտադրանք չի կիրառել ծնողների նկատմամբ: Ստիպելու մեթոդին կտրականապես դեմ է: Ուղղակի սեպտեմբերի 1-ին գրություն է փակցնելու դպրոցի պատին այն մասին, որ մուտքն առանց համազգեստի արգելվում է»:

Տարբեր դպրոցների ծնողների հետ զրույցներից տեղեկացանք, որ, եթե իրենց համոզելու գործն անհաջողության մատնվի, մյուս դպրոցների տնօրենները նույնպես կկիրառեն մուտքն առանց համազգեստի արգելող գրավոր հարկադրանքը:

Թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը, ով արդեն ստացել է համազգեստների առաջին խմբաքանակը, ասաց. «Ինչու՞ գրությամբ: Ես այդքան չկա՞մ, որ թույլ տամ առանց համազգեստի մտնեն դպրոց»: Հարցին, թե` պատրաստվում է սեպտեմբերին անձա՞մբ մուտքից ետ ուղարկել առանց համազգեստների երեխաներին, պատասխանեց. «Թող այդ օրը գա` կտեսնենք: Հնարավոր է, որ մինչ այդ շատ բան փոխվի»:

Էջմիածնում ամենալուռ ժողովներն անցել են Ներսիսյան վարժարանում: Վերջին ու վճռորոշ խոսքը վերապահվել է տնօրենին: Այստեղ, հետընտրական գործընթացներով պայմանավորված, դրված է նաեւ տնօրենին այդ պաշտոնում թողնել-չթողնելու հարցը: Պաշտոնից Սեդա Ենգիբարյանին չհեռացնելու պայմաններից մեկն էլ համազգեստները դպրոց մտցնելն է: Օգտվելով այդ հնարավորությունից` Ս. Ենգիբարյանն իր պարտադրանքով հարուցել է ծնողների լուռ վրդովմունքը: «Իրեն գործից չհանելու գինը մեր վրա «սաղացրած» քրջերն են»,- ասաց անունը չհրապարակելու պայմանով հարցիս պատասխանող ծնողը:

Ի տարբերություն վարժարանի, պարտադրանքի դեմ բացահայտ ընդվզել են քաղաքի թիվ 1 եւ թիվ 9 դպրոցների ծնողները, որոնք ոչ միայն «համարձակվել» են ընդդիմանալ դասղեկների ու տնօրենների բացատրա-համոզչական աշխատանքներին, այլեւ դիմել են տեղական ու տարածքային կառավարման մարմիններին:

Թիվ 1 կրթօջախի տնօրեն Կարինե Հովակիմյանը փորձեց սքողել ծնողների բողոքը` հարցն այլ հարթություն տեղափոխելով: «Հագուստները շատ մեծ էին. ետ ենք ուղարկել, որ հարմար չափերով կարեն-ուղարկեն: Մարզպետարանում սիրով համաձայնել են: Իսկ որպեսզի տարերային բռնկումներ չլինեն, մարզպետարանում որոշել են ամռան ընթացքում համազգեստները կենտրոնացնել մի խանութում: Թող գնան այդտեղից գնեն»,- ասաց 1-ին դպրոցի տնօրենը:

Մինչ մարզպետարանում համազգեստներն անաղմուկ դպրոցներ առաքելու լուծումներ են որոնում, Էջմիածնի քաղաքապետարան բողոք ներկայացնող ծնողների թիվն ավելանում է: Քաղաքապետարանի լրատվության բաժնից տեղեկացանք, որ դպրոցական համազգեստի հարցով դեռ 2007-ի մայիսի 31-ին ավագանին ուղերձով դիմել էր Արմավիրի մարզպետին` անհիմն ու անօրինական դրամահավաքը կանխելու պահանջով: «Այդ ուղերձը, ըստ որի` դպրոցներում հագուստների զանգվածային պարտադրանքն ու դրամահավաքը հիմնազուրկ եւ ապօրինի է, որովհետեւ որեւէ օրենսդրական ակտով նախատեսված չէ, դեռ ուժի մեջ է»,- ասաց լրատվության բաժնի ղեկավար Վարդան Վարդանյանը: Վերջինիս փոխանցմամբ` քաղաքապետարանն ու ավագանին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, որոշել են Էջմիածնի դպրոցներում արգելել հանիրավի պարտադրանքն ու դրամահավաքը:

Այս խնդիրն անցած տարվանից նաեւ Կրթության նախարարության ուշադրության կենտրոնում է: Միջնակարգ կրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանը երեւույթը բացասական գնահատեց: Ըստ նրա` «Ամեն մարզպետ իր մարզի թագավորն է: Եթե պարտադրանքն այդ մակարդակով է, հարցը պետք է լուծվի Կառավարության միջոցով»: «Ուրեմն, մեր հաջորդ կանգառը կլինի Կառավարության մոտ»,- ասացին 2-րդ դպրոցի մոտ խմբված ծնողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter