Ինտերնետային կապը լուրջ խնդիր է մարզերում
Հայաստանի կառավարության անդամները տարիներ շարունակ հայտարարում են, թե տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարված են իբրեւ գերակա ճյուղ եւ զարգանում են Հայաստանում:
Սակայն այսօր Հայաստանի շատ քաղաքներում հնարավոր չէ ինտերնետային ծառայութուններից օգտվել կապի անորակության պատճառով: «Հետքի» Ալավերդու թղթակցի համար գրեթե միշտ մեծ խնդիր է հոդված ուղարկելը:
«Մեզ մոտ նորմալ ինտերնետային կապ չկա ու չի էլ կարող լինել, որովհետեւ եթե մեր երկրում թերթերն են փակում, ՀՀ կառավարությունը ո՞նց կարող է շահգրգռված լինել տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման համար: Եթե շահագրգռված լիներ, «ԱրմենՏելը» մեզ նորմալ ինտերնետային կապով կապահովեր»,- կարծում է ալավերդցի Վազգեն Պապոյանը: Ալավերդիում ինտերնետային նորմալ կապ ունենալու իմաստով մարդիկ վաղուց հույսեր չեն կապում «ԱրմենՏելի» հետ: «ԱրմենՏելի» Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Մելիք Ապրեսյանը դա բացատրեց իրենց ունեցած կապի թույլ հնարավորությամբ. ««ԱրմենՏելը» ինտերնետային կապի ապահովման համար Ստեփանավանից Ալավերդի կաբել է քաշում, ժամկետը երեւի մի 4 ամիս է, այդ նպատակով մենք արդեն սեկտովալակտովի շատ հուսալի կաբել ենք քաշել Սարահարթ թաղամաս, 4 ամիս հետո նորմալ կապ կտանք նաեւ այս թաղամասի բնակիչներին»,- ասաց պրն Ապրեսյանը:
«Առիթ եմ ունենում երբեմն ռեպորտաժներ ուղարկել «Ազատություն» ռադիոկայանի համար Ալավերդի քաղաքից, սակայն կարող է ամբողջ օրվա աշխատանքս ինտերնետի պատճառով խաթարվել, ընդհանրապես արդյունքի չեմ հասնում, ինտերնետից ինտերնետ, մի ակումբից մյուսն եմ գնում, ինտերնետ ունեցող մի ծանոթի մոտ, մեկ է` կապից անհնար է օգտվել»,- դժգոհեց «Ազատություն» ռադիոկայանի Լոռու մարզի թղթակից Կարինե Սիմոնյանը, որի` Ալավերդիում պատրաստված այդ օրվա ռեպորտաժը ինտերնետային թույլ կապի պատճառով չէր հասել եթերին:
Ալավերդիում շուրջ երկու տարի է` ինտերնետային ծառայություն է մատուցում անհատ ձեռներեց Նաիրի Մատինյանը: «Իմ կապն այնքան բարձր որակի կապ է, որ Երեւանում անգամ այդպիսի կապ չեք գտնի»,-ասաց նա: Նաիրի Մատինյանի ծառայությունից են օգտվում քաղաքի Սարահարթ թաղամասի Դեբեդ հյուրանոցի առաջին հարկում տեղավորված անհատ ձեռներեց Սիրանույշ Այդինյանին պատկանող քաղաքի միակ ինտերնետ ակումբը եւ Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը: Սիրանույշ Այդինյանն ասաց, որ մեկ ամիս չկա, ինչ ակումբն աշխատում է. «Աշխատում ենք ժամավճարով, 1 ժամը կազմում է 400 դրամ, օրվա ընթացքում կապը միշտ էլ լինում է, սակայն թույլ է լինում, երբ կապը շատ ուժեղ է լինում, ժամից շատ է փող գրում, դա մեզ ձեռք չի տալիս»:
Սիրանույշ Այդինյանը հաստատեց, որ լրագրող Կարինե Սիմոնյանին չի հաջողվել օգտվել իրենց ծառայությունից կապի թույլ լինելու պատճառով: Անհատ ձեռներեցը նաեւ փաստեց, որ իր ակումբի ինտերնետ ծառայությունից օգտվողների թիվն առայժմ քիչ է: «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը հեռուստաընկերության ինտերնետային կապի մասին հայտնեց. «Կապն առավոտը կարող է լինել, բայց քարի գլխի ինը հարկանի շենքը որ կա, կարող է էդ շենքում կամ, ասենք, քաղաքի Սանահին կայարանային թաղամասում հոսանք չլինի, եւ մենք կապ չունենանք: Բայց որ մրցակցություն լինի, կապը լավը կլինի»:
Նրա համոզմամբ` Ալավերդիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումային հաջողություն կարող է ունենալ այն ներդրողը, որը գրագետ է, հասկանում է նոր տեխնոլոգիաների կարեւորությունը մեր կյանքում:
Ս. Սիրադեղյանը եւ շատ ալավերդցիներ առանձնակի հույսեր են կապում 2007 թ. հոկտեմբերի 8-ին պետական գրանցում ստացած, Ալավերդիում գործող «Բետանեթ» ՍՊԸ-ի եւ նրա սեփականատեր ալավերդցի Սամվել Բեկթաշյանի հետ: Նա ավարտել է Երեւանի ճարտարագիտական եւ շինարարական համալսարանը եւ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում, աշխատել է Երեւանի Հյուսիսային համալսարանի ռեկտորի օգնական: «Բետանեթ»-ը զբաղվելու է ինտերնետ տեխնոլոգիայի զարգացմամբ, այն է` մատուցելու է տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայություն: Սամվել Բեկթաշյանը տեղեկացրեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 28-ի որոշմամբ ընկերությանը տրամադրվել է հիշյալ ծառայությունների մատուցման անժամկետ լիցենզիա, ապրիլի 7-ից ընկերությունը կսկսի իր գործունեությունը:
«Մեզ տրանզիտ են տալիս, եւ մեր գործընկերներն են «Հարկնետ» եւ «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերությունները: Ընկերությունը մեկ մեգաբայթի համար բաժանորդներից կգանձի 25 դրամ, որը, ըստ Ս. Բեկթաշյանի, պայմանավորված է նրանով, որ ոլորտը հունվարի 1-ից հարկման դաշտում պարզեցված հարկից անցել է ավելացված արժեքի հարկի վճարման: «Հետագայում ուզում ենք սեփական տվյալների փոխանցման սեփական ցանց ունենալ, ու այդ ցանցի մեխը լինելու է Ալավերդու բոլոր դպրոցների համակցումը, դա անելու ենք դրամաշնորհների հաշվին, որից շահույթ չենք ստանալու, ուղղակի քաղաքի համար ենք անելու: Եթե հաջողվի, դա հրաշք կլինի»,- ոգեւորված տեղեկացնում է երիտասարդ գործարարը:
Զրույցի ընթացքում Սամվել Բեկթաշյանը ներկայացրեց նաեւ ընկերության բաժանորդների հետաքրքրությունների վերաբերյալ փորձնական փուլում իր հավաքած վիճակագրությունը, որից պարզվել է, որ բաժանորդների 80-85%-ն օգտվում է ժամանցային, ծանոթությունների, էլեկտրոնային փոստի եւ այլ կայքերից:
«Մարդիկ դեռ չեն պատկերացնում ինտերնետի հզոր հնարավորությունները, չեն պատկերացնում, որ եթե իրենց պետք է թերթ կարդալ, կարելի է մտնել այդ թերթի կայքը, այդ խնդիրն էլ ենք մեզ վրա վերցրել: Հիմա բանակցում ենք «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության հետ շաբաթը մեկ անգամ բնակչությանն ինտերնետի հնարավորությունները ներկայացնելու համար: Գաղափարը դեռ մշակվում է»,- ասաց Սամվել Բեկթաշյանը: Նա նաեւ հավաստիացրեց, որ Ալավերդիում ինտերնետ տեխնոլոգիայի զարգացումը վերցնելու է իր ընկերության վրա, որովհետեւ իր պոտենցիալ բաժանորդների եւ համաքաղաքացիների առջեւ պարտավորված է զգում` ժամանակի ընթացքում Ալավերդիում միջազգային չափանիշներին համապատասխան ինտերնետային կապ ապահովել: «Միանգամից դա հնարավոր չէ, ժամանակ եմ խնդրում»,- ասաց Սամվել Բեկթաշյանը:
Մեկնաբանել