HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակի քաղաքապետարանում լավ գիտեն` ինչպես խոչընդոտել լրագրողի մաuնագիտական գործունեությանը

Լուսինե Թոփլաղալցյան

Ճամբարակի ավագանու 2007 եւ 2008 թվականներին ընդունած որոշումների արձանագրություններին ծանոթանալու «Հետքի» ցանկությունը բախվեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի դիմադրությանը:

Նա նշեց, որ իրենք խնդիր չունեն, սակայն որոշումների մատյանը կարող են տրամադրել միայն գրավոր դիմումի առկայության դեպքում: Քաղաքապետը չցանկացավ թերթել գրառումների մատյանը, որպեսզի մտաբերեր այդ նպատակով «Հետքի» ուղարկած երկու գրությունները, որոնցով քաղաքապետին տեղեկացվել էր ավագանու որոշումներին ծանոթանալու ցանկության մասին: Եվ քանի որ քաղաքապետը ժամանակին չի արձագանքել գրություններին, ցանկացավ անտեղյակ ձեւանալով` նոր գրության պահանջ ներկայացնել: Ես էլ փոխադարձաբար քաղաքապետին խնդրեցի ներկայացնել այդ պահանջի օրինականությունը հիմնավորող իրավական ակտը, սակայն այդպիսի հիմնավորում չտրվեց: «Ձեզ համար դժվա՞ր է դիմում գրելը»,- կրկին պնդեց քաղաքապետը` փորձելով արդարացնել իր դիրքորոշումը իրականացրածս «քննչական հետաքննության» համար: 


Արդեն 3 տարի պաշտոնավարող համայնքի ղեկավարը որոշեց իրեն իրավունք վերապահել` դասեր տալ լրագրողին` ներկայանալու ձեւի եւ բովանդակալից լինելու վերաբերյալ:

Երբ փոքրիշատե հաջողվեց «մեղմել» համայնքի ղեկավարի դիրքորոշումը, այս անգամ Ճամբարակի ավագանու որոշումների արձանագրությունների մատյանը անհասանելի դարձավ մեկ այլ` աշխատակազմի ղեկավարի ծանրաբեռնվածության պատճառով, ով այդ պահին հանձնարարական էր ստացել համայնքի ղեկավարից: «Նախապես չեք տեղեկացրել, եկեք 2 օր հետո եւ նայեք մատյանը»,- փորձում էր ժամանակ շահել քաղաքապետը: Ստիպված էի քանիցս հավաստիացնել նրան, որ արձանագրությունների մատյանին ծանոթանալու աշխատանքը կարող էի իրականացնել համայնքապետարանի ցանկացած աշխատակցի ներկայությամբ եւ ցանկացած աշխատասենյակում, իսկ մեր այցի մասին նախապես չտեղեկացնելը պայմանավորված է համայնքապետարանների աշխատանքային ռեժիմը չպահպանելով, ինչը նույնպես լրագրողական յուրաքանչյուր հետազոտության խնդիրներից մեկն է: 2-3 ժամ անց, երբ մեծ դժվարությամբ, ի վերջո, հաջողվեց ապսպրել արձանագրությունների մատյանը, պարզվեց, որ 2008 թ. փետրվարի 15-ին տեղի ունեցած ավագանու միակ նիստը մեր այցելության օրվա` մարտի 17-ի դրությամբ դեռ արձանագրված չէր...

Հրապուրված վերջին շրջանում հնչած հանդուրժողականության «անկեղծ» կոչերով` փորձեցի մի կողմ դնել բացասական տպավորություններս եւ հարցազրույց տալու առաջարկով դիմեցի համայնքի ղեկավարին: 2007 թ.-ին համայնքի բյուջեով կատարված արժանահիշատակ աշխատանքների շարքում համայնքի ղեկավարը նշեց պետբյուջեի միջոցներով ասֆալտապատված Ճամբարակի փողոցներից մեկում գիշերային լուսավորություն անցկացնելը` շուրջ 800 մ երկարությամբ, եւ 5-6 բազմաբնակարան շենքերի տանիքների հատվածային վերանորոգումը: Նա նաեւ նշեց, որ եկամուտների հավաքագրման առումով դժվարություններ ունեն, քանի որ հարկատուների մեծ մասը վճարունակ չէ: 2007 թ. բյուջեն նախատեսվել է շուրջ 97 մլն դրամ, սակայն կատարվել է 66 %-ով: Ի դեպ, 2007 թ. բյուջեում շուրջ 10 մլն դրամ կազմել է տարեսկզբի ազատ մնացորդը: Ինչպես նշում է Յու. Ավալյանը, դա պայմանավորված է նրանով, որ 2006 թ. ՀՀ կառավարությունը 41 մլն դրամ է հատկացրել համայնքապետարանին` հաշվի առնելով 2005 թ. նոյեմբերի դրությամբ քաղաքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի եւ սոցվճարների կուտակած պարտքերը: Քանի որ գումարը հատկացվել է 2006 թ. վերջում, այն չի ծախսվել եւ փոխանցվել է հաջորդ տարվա բյուջե: Պետական բյուջեից 41 մլն 200 հազար դրամ գումարը Ճամբարակի համայնքապետարանին հատկացվել է ՀՀ կառավարության 07.12.06 թ. 1763-Ա որոշմամբ, «քաղաքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով»:

Թե ինչպե՞ս է համայնքը դիմել կառավարությանը եւ ստացել վերոհիշյալ աջակցությունը, համայնքի ղեկավարն ունի իր նկատառումները: Նա նշում է, որ մինչեւ իր ընտրվելը, այսինքն` մինչեւ 2005 թ. նոյեմբերի 2-ը, քաղաքապետարանը միշտ պարտքեր է ունեցել աշխատավարձի եւ սոցվճարների գծով: Սակայն, իր ընտրվելուց հետո, այլեւս պարտքեր չեն կուտակվել: Ճամբարակի համար «նոր թվարկությունը» սկսվել է քաղաքապետի անմիջական աշխատանքով. «Ես դիմեցի կառավարությանը, որ կան պարտքեր: Եվ կառավարությունն օգնեց ինձ: Գումարը հիմնականում ուղղվեց նախորդ տարիների պարտքերը մարելուն: Հենց այսպես` ես դիմեցի, ինձ օգնեցին...»:

Զարմանալի է կառավարության որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումը` «քաղաքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով»: Ինչու՞ է կառավարությունը որոշել հանրապետության 931 համայնքներից հենց Ճամբարակի բնականոն գործունեությունն ապահովել, երբ շատ համայնքներ ունեն աշխատավարձերի կուտակված պարտքեր, բյուջեները գտնվում են արգելանքի տակ ու պարտքերից ազատվելու հույս էլ չկա: Ճամբարակի քաղաքապետ Յու. Ավալյանը կարծում է, որ համայնքի ընտրությունը պայմանավորված է նրա` սահմանամերձ, հրետակոծված լինելու, ինչպես նաեւ` համայնքի հողերի` հետաքրքրություն չներկայացնելու հանգամանքներով: Միանշանակ կիսելով այդ կարծիքը` այդուհանդերձ, հնարավոր չէ չհիշել կրկին վատթար վիճակում, այն էլ տարիներ շարունակ պարտքերի տակ գտնվող շատ համայնքներ, որոնք պարտքերի պատճառով զարգացման հեռանկար չեն տեսնում:

Քանի որ Ճամբարակի համայնքապետը քանիցս նշեց իր ընտրվելուց հետո պարտքերը մարելու եւ այլեւս պարտքեր չկուտակելու փաստը, փորձեցի ճշտել, թե նման նախադեպ եղե՞լ է մինչ իր աշխատելը, եւ չէ՞ր կարող, արդյոք, նախորդ համայնքի ղեկավարը դիմել կառավարությանն այդ պարտքերը մարելու խնդրանքով: «Չեմ կարող ասել` կարո՞ղ էր, թե` ոչ, բայց ես մի բան եմ հասկանում, որ ամեն ինչ անձի էության հետ է կապված»,- նշեց համայնքի ղեկավարը` ավելացնելով` «համայնքի նախկին ղեկավարն էլ կարող էր դիմել, չարչարվել, արդյունքի հասնել»:

Կառավարության հատկացումն «իր էությանը» վերագրող համայնքի ղեկավարին հայտնենք, որ կառավարությունը Ճամբարակին աջակցություն տրամադրել է նաեւ այդքան հիշարժան թվագրումից` 2005 թ. նոյեմբերի 2-ից առաջ, այսինքն` համայնքի նախորդ ղեկավար Հայկ Լազարյանի պաշտոնավարման շրջանում: 2003 թ. կառավարությունն այդ տարվա բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին 30.01.2003 թ. դ 79-Ա որոշմամբ Ճամբարակ քաղաքի համայնքային բյուջեին հատկացրել է 50 մլն դրամ դոտացիա «նախորդ տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարման գործընթացում օժանդակություն ցուցաբերելու նպատակով»: Եվ ոչ միայն դա: Ճամբարակում ասֆալտապատման աշխատանքների մեկնարկով հպարտացող քաղաքապետին հայտնենք մեկ այլ փաստ. ՀՀ կառավարության 09.09.2004 թ. դ 1242-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 15 մլն դրամ սուբվենցիա` Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի կենտրոնական փողոցը վերանորոգելու նպատակով: Բացի այդ, տարեցտարի աճել եւ աճում են պետական բյուջեի ծավալները, հետեւապես պետական բյուջեի միջոցներով արված աշխատանքները չեն կարող ծառայել որպես համայնքապետարանի աշխատանքի ցուցանիշներ, առավել եւս, որ Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսել են ֆինանսավորվել 2006 թ.-ից սկսած:

Համայնքապետարանի գործունեության հրապարակայնության ու թափանցիկության ապահովման ընդամենը մեկ միջոցառում հիշատակեց քաղաքապետը: Դա նախորդ տարում (ամիսը կամ օրը չնշվեց) տեղի ունեցած հանդիպումն էր համայնքի բնակիչների հետ, որն էլ կազմակերպվել է մի ՀԿ-ի հետ (ՀԿ-ի անունը նույնպես չհիշատակվեց): Ներկայացվել է քաղաքապետարանի գործունեությունը: Մասնակցել է 30-35 մարդ: Դժվար չէ կռահել, որ մասնակիցների մեծ մասը ներկայացրել են Ճամբարակի ՏԻՄ-երը, քանի որ քաղաքապետարանն ունի 20-ից ավելի աշխատակիցներ, իսկ ավագանու անդամները 7-ն են:

Հիշատակելով օրենսդրությամբ համայնքի բյուջեի ձեւավորման եւ կատարման վերաբերյալ համայնքի անդամների իրազեկության ապահովման սկզբունքները` խնդրեցի տրամադրել այնպիսի հրապարակումներ, որոնք նախատեսված են հենց համայնքի բնակիչների համար: Համայնքի ղեկավարը ժամանակ շահելու եւ բացասական պատասխաններից խուսափելու նպատակով ընտրեց հարցերին հարցերով պատասխանելու մեթոդը` ի՞նչ տեղեկություն, ի՞նչ կնշանակի հրապարակել, ի՞նչ կնշանակի բյուջեի կատարողականի հաշվետվություն եւ այլն: Ի վերջո, պարզվեց, որ ինչպես 2007 թ., այնպես էլ 2008 թ. համայնքային բյուջեների վերաբերյալ համայնքապետարանը որեւէ տեղեկատու, գրքույկ, նախորդ տարվա բյուջեի կատարման որեւէ եռամսյա կամ տարեկան հաշվետվություն, հակիրճ, անգամ 1 էջ ծավալով որեւէ նյութ չի հրատարակել, քանի որ «համայնքի բնակիչները չեն հետաքրքրվում»:

Առհասարակ, բյուջեի մասին մեր բազմաթիվ հարցադրումներ չէին ստանում սպառիչ պատասխաններ, քանի որ համայնքապետը մատնացույց էր անում ճիշտ պատասխանների միակ վայրը` հաշվապահությունը: Խնդրեցի նաեւ նշել, թե վերջին 2 ամսում հիշատակության արժանի ի՞նչ աշխատանք է կատարել քաղաքապետարանը: Պարզվեց, որ այդ շրջանում իրականացվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, որոնք պարտավոր է անել համայնքը, համայնքի ղեկավարը: Դրանցից ներկայացվեց միայն ընտրատեղամասերի կահավորումը: Գումարներ հատկացվե՞լ են կահավորման նպատակով: «Ոչ, հատկացումներ չենք արել, ուղղակի որտեղ սեղան-աթոռ է պակասել, համալրել ենք»,- ասաց համայնքապետը:

Հաշվապահությունից տեղեկություններ ստանալու համար հարկ էր թղթապանակներից պեղել անհրաժեշտ թվերը: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի վարիչ եւ գլխավոր հաշվապահի պաշտոնակատար Կամո Բոզանյանին խնդրեցի տրամադրել համայնքի 2008 թ. բյուջեն` վկայակոչելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի հետեւյալ պահանջը. «Համայնքի զարգացման եռամյա ռազմավարական ծրագիրը եւ տարեկան բյուջեն հրատարակվում են»: Նա եւս նշեց, որ իրենք ոչինչ չեն հրատարակել: Փորձեցի ճշտել, թե ի՞նչ կտրամադրեն Ճամբարակի այն բնակչին, ով կդիմի իրենց համայնքի հաստատված բյուջեին ծանոթանալու համար: Նոր եւ դեռեւս պաշտոնակատարի կարգավիճակ ունեցող բաժնի վարիչը զարմացավ` «ինչի՞ համար բնակիչը պիտի բյուջեի մասին թուղթ ունենա, դա հաշվապահական փաստաթուղթ է, քննարկում կլինի, թող գա, մասնակցի»:

Աշխատակազմի քարտուղար Ֆլորա Սարգսյանը կատարեց իր խոստումը եւ ժամը 15-ից հետո տրամադրեց ավագանու որոշումների արձանագրությունների մատյանը: Սակայն 10 րոպե անց, պատասխանելով բջջային հեռախոսով եկած զանգին, ասաց, որ ինքը 5-10 րոպեից կվերջացնի եւ դուրս կգա: Ես շարունակեցի իմ աշխատանքը: Ապա նա ինձ ծանոթացրեց աշխատասենյակ մտած իր դստեր հետ: Թերթելով եւ գրառումներ կատարելով մատյանից` որոշ հարցեր ուղղեցի քարտուղարին համայնքապատարանի 2007 թ. հաստիքների եւ դրույքաչափերի մասին: Մասնավորապես զարմանալի էր ֆինանսատնտեսական բաժնի 2 գլխավոր մասնագետների համար սահմանված 40800 դրամ եւ 55000 դրամ դրույքաչափերի կտրուկ տարբերությունը: Տարբերություններ կային նաեւ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետների համար սահմանված 33000, 40000 եւ 30000 դրույքաչափերի միջեւ: Այս հարցերին աշխատակազմի քարտուղարը կցկտուր եւ ոչ լիարժեք պատասխաններ տվեց: Ապա դուրս եկավ` դստեր հետ ինձ թողնելով աշխատասենյակում: Վերջինս, տեսնելով, որ մատյանից գրառումներ եմ կատարում, ասաց, որ արտագրելու իրավունք չունեմ: Որոշեցի չշեղվել իմ աշխատանքից, սակայն նա շարունակեց պնդել իր ասածը: Ստիպված էի պատասխանել, որ ինքը մասնավոր անձ է, եւ խնդրեցի չխանգարել ինձ: Սակայն դա էլ չօգնեց: Նա նշեց, որ ինքը քաղաքապետարանի աշխատակից է, սակայն չհայտնեց, թե ինչ պարտականություններ ունի եւ շարունակեց խոչընդոտել իմ աշխատանքին: Հետագայում պարզվեց, որ աշխատակազմի քարտուղարին պաշտպանում էր նրա դուստրը` Ճամբարակի ՔԿԱԳ-ի պետը:

Աշխատակազմի քարտուղարի վերադառնալուց հետո կրկին չհաջողվեց իրականացնել ավագանու որոշումների մատյանի ուսումնասիրությունը: Բջջային հեռախոսով անընդհատ զանգահարում էին նրան, նա էլ պարբերաբար խոստանում էր 5-10 րոպեից դուրս գալ, սակայն չէր կարողանում խնդրել, որ ավարտեմ աշխատանքս: Նաեւ հաղորդեց, որ դուրս է գալիս համայնքի բնակիչների բնակարաններ այցելելու նպատակով: Ավելորդ է ասել, որ հոգեբանական հարկադրանքի նման պայմաններում աշխատել, այն էլ ձեռագիր մատյան ուսումնասիրել` հնարավոր չէր: Հերթական հեռախոսազանգից հետո խնդրեցի տրամադրել որեւէ աշխատասենյակ, որտեղ համայնքապետարանի ցանկացած աշխատակցի ներկայությամբ հնարավոր կլիներ ծանոթանալ ավագանու նիստերի արձանագրություններին: Մի քանի անգամ հրաժարվելուց եւ ներսուդուրս անելուց հետո աշխատակազմի քարտուղարը համաձայնեց` հրավիրելով փոխքաղաքապետ Ազատ Թորոսյանին:

Սակայն այս անգամ էլ գործը տեղից չշարժվեց, քանի որ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը զրուցեցինք օրվա անցուդարձի մասին: Փոխքաղաքապետի ակնհայտ բարեկրթությունն ու լավատեղյակությունը կարողացան փոխել օրվա բացասական տպավորությունները, ինչպես նաեւ` գրավական դարձան հաջորդ անգամ Ճամբարակի ՏԻՄ-ի հետ աշխատելու եւ ավագանու նիստերի մասին նյութ պատրաստելու համար: Այդ տպավորությունները թույլ են տալիս նաեւ ենթադրել, որ մեր հետագա հետազոտություններով կկարողանանք հասնել Ճամբարակի քաղաքապետարանի գործունեության մեջ շտկումների իրականացմանը, քանի որ մեր վերջնանպատակը թերությունների սոսկական արձանագրումը չէ, այլ դրանց շտկումը` ի նպաստ տեղական ինքնակառավարման սկզբունքների իրականացման:

Հ.Գ. Զրույցի պահին ակամա մտածեցի, թե մեր իրականության մեջ որքա՜ն ղեկավարներ կարիք ունեն ղեկավարման արվեստին վերաբերող հազարավոր հրատարակություններից գոնե մեկն ընթերցելու: Միգուցե դա կօգնի «ես» բառը քիչ օգտագործելուն կամ դիմացինի հետ խոսելիս «դուք»-ից «դու»-ին չանցնելու վարքի նորմայի ձեւավորմանը: Իսկ գուցե երեւույթն ավելի խորն է, քան ղեկավարման էթիկայի խնդիրը: Երբ պաշտոնյան պետական բյուջեից արված միլիոնների հատկացումը վերագրում է ի՛ր դիմելուն ու ի՛րեն օգնելուն, ապա սա, մեծ հաշվով, հասարակական դժբախտություն է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter