HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հայրենիքիս մոռացված անկյունը` Բարեկամավան

Վերջերս բարեկամավանցի երիտասարդն ամուսնության առաջարկ է արել Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից մեկում բնակվող մի աղջկա: Վերջինս հավանել է տղային, սակայն համաձայնվել է պայմանով, որ Բարեկամավանում չպիտի ապրեն: Տղան հպարտորեն ասել է` ես պիտի ապրեմ հայրենի գյուղում:

Ցավոք, այսպիսի երիտասարդներ շատ քիչ են մնացել Բարեկամավանում` ընդամենը 25 հոգի:

Նոյեմբերյանի վարչատարածքի Բարեկամավան գյուղը գտնվում է ձորի մեջ, Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորության վրա: Շաբաթվա 5 օրերին հարեւան Կոթիից ավտոբուս է իջնում գյուղ` բարեկամավանցիներին նախկին շրջկենտրոն հասցնելու համար: Նոյեմբերյան մեկնելու ու վերադարձի համար գյուղացիները 1200 դրամ են վճարում:

Բարեկամավանը սահմանակցում է Ղազախի շրջանի 3 մեծ գյուղերի: Հայկական հինավուրց Թաքնաձոր գյուղի` Բարեկամավանի 220 տներից 100-ի դուռը ներկայումս փակ է, բնակչության 80 տոկոսը ծերեր են: Գյուղի միջնակարգ դպրոցում 44 աշակերտ կա, մինչդեռ 1970 թ. տեղի ութամյա դպրոցի միայն առաջին դասարան հաճախում էր 47 երեխա: Այժմ ՌԴ Բելգորոդի մարզի մի գյուղի դպրոցում 63 բարեկամավանցի աշակերտ է սովորում, Ստավրոպոլի մարզում` 130:

Համայնքապետ Հովիկ Ղարաքեշիշյանի խոսքերով` Մոսկվայի բուհերում հիմա կրթվում է 33 բարեկամավանցի ուսանող: Դժվար թե նրանք վերադառնան իրենց ծննդավայրը, որովհետեւ մարդիկ այստեղ ապրում, ավելի ճիշտ` գոյատեւում են ծայրահեղ պայմաններում:

Դպրոցի հետ կապված մեկ այլ մտահոգություն կա. անգլերեն, ռուսերեն լեզուներ եւ քիմիա ուսուցանողները Երեւանի, Վանաձորի եւ Նոյեմբերյանի բնակիչներ են: Անգլերեն եւ քիմա դասավանդող երիտասարդները մի քանի տարի առաջ հեռավոր գյուղում մանկավարժությունը գերադասել են ազգային բանակում ծառայելուց: Հիմա նրանց պարտադիր մանկավարժության ժամկետն ավարտվում է, օրենքն էլ փոխվել է. այսուհետ հնարավոր չի լինի բանակում չծառայողների հաշվին համալրել Բարեկամավանի դպրոցի մանկավարժների կազմը: Բարեկամավանցիները չգիտեն, թե հետագայում ինչպե՞ս է լուծվելու այս առարկաների դասավանդման խնդիրը:

Հեռավոր, սահմանամերձ բնակավայրում երիտասարդները հանգստի, ժամանցի հնարավորություններ չունեն: Մշակույթի տունը 50 տարվա մի շինություն է, որը հին «սարայ» է հիշեցնում` կիսաքանդ, փլված տանիքով: Համայնքապետարանը հարկադրված է եղել գյուղի գրադարանի 4000 կտոր գիրքը տեղափոխել դպրոց, եւ հիմա գրադարանն այնտեղ է տեղակայված: Բարեկամավանում միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային ծրագիրն են դիտում (առանց «Օ2»-ի եւ ԱԺ հարցուպատասխանի) եւ ռուսական «ՌՏՌ Պլանետան»: Բարեկամավանում հնարավոր է դիտել բազմաթիվ ադրբեջանական եւ վրացական հեռուստաալիքներ: Համայնքապետն ասում է, որ նախընտրական շրջանում դիմել է վարչապետ Սերժ Սարգսյանին` ընդունվող հայկական ալիքների թիվն ավելացնելու խնդրանքով: Արդեն մասնագետներ են եկել, չափումներ արել, եւ պրն Ղարաքեշիշյանը լիահույս է, որ այս հիմնահարցը կլուծվի:

Կյանքի, կենցաղի, ակտիվ հանգստի խնդիրներին այստեղ ավելանում է ադրբեջանական գնդակոծությունների վտանգը: Բազմաթիվ բարեկամավանցիներ են զոհվել, վիրավորվել, գերեվարվել ադրբեջանցիների կողմից, անգամ 1994 թ. հրադադարի հաստատումից հետո: Բնակիչները վկայեցին, որ վերջին գնդակոծությունը մի շաբաթ առաջ է տեղի ունեցել` մարտի վերջին: Գյուղացին պետք է ապավինի հողին, սակայն այստեղ հող մշակելու հնարավորություն չկա: Հաշվառմամբ` 585, փաստացի 340 բնակիչ ունեցող գյուղը 480 հա վարելահող ունի, 70 հա` տնամերձ, եւս 60 հա` համայնքային հող: Հողերը սահմանամերձ են, ականապատված կամ գտնվում են ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո եւ չեն մշակվում: Համայնքային 60 հա հողերն էլ չեն մշակվում կոմբայն չունենալու պատճառով: «7 տարի հացահատիկ են ցանել, բայց կոմբայնը մեր գյուղ էր գալիս ամենավերջում, մյուս գյուղերի արտերը հնձելուց հետո, օգոստոսի 25-ին, երբ գերհասունացած ցորենն արդեն թափված էր հասկերից»,- պարզաբանում է Հովիկ Ղարաքեշիշյանը: Հիմա այդ հողերը որպես խոտհարք են օգտագործում, գյուղացիներին բաժանում, որպեսզի անասնակեր կուտակեն:

Մի հոգս էլ ոռոգման ջրի իսպառ բացակայությունն է: ՄԱԿ-ի փախստականների նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ 2004 թ. այստեղ ջրագիծ են կառուցել, որը ձգվում էր գյուղի վերեւում գտնվող աղբյուրից: Կառուցելն այստեղ անհամապատասխան բառ է, ավելի ճիշտ կլինի ասել` թերակառուցել են: Համայնքի ղեկավարի խոսքերով` ինքը չի ստորագրել շինարարության ավարտի ակտը, որովհետեւ գավառցի շինարարները դեռ խողովակները չեռակցած` դրանք միացման տեղերից պոկվում էին: Հիմա այս ջրատարն անգործության է մատնված, խողովակները թափված են անմատչելի տեղանքում` բլուրների վրա: Նման ծանր պայմաններում բարեկամավանցիներն, այնուամենայնիվ, ապրում, աշխատում եւ հարկեր են վճարում:

Անցյալ տարի համայնքի բյուջեն կատարվել է: Բարեկամավանի 2008 թ. բյուջեն կազմում է 5 մլն 457 հազար դրամ, որի մեջ զգալի մաս է կազմում պետական լրավճարը` 4 մլն 159 հազար դրամ: Համայնքի ավագանին ամբողջությամբ համալրված չէ. ընդամենը 4 հոգի են ցանկացել ավագանու անդամ դառնալ: Ավագանին պարբերաբար նիստեր հրավիրելով, բյուջեն հաստատելուց զատ, որոշումներ է ընդունել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով կատարվող գործերի, առավել կարիքավոր անձանց 20 հազար դրամով օժանդակելու, «Բնական պաշաների կառավարման եւ չքավորության նվազեցման» ծրագրով կարիքավոր 5 ընտանիքի 3-ական մեղվաընտանիք հատկացնելու, գյուղի բարձունքում «Ղ-Տելեկոմին» եւ «ԱրմենՏելին» կապի աշտարակի համար տարածք տրամադրելու եւ այլնի մասին: Հիմա էլ ավագանու անդամները շրջում են թաղերում, զրուցում մարդկանց հետ, որպեսզի որոշեն, թե Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ գյուղում առաջիկայում ի՞նչ ծրագիր իրականացնեն` արտեզյան հորից սնվող խմելու եւ ոռոգման ջրագծի՞, թե՞ համայնքային կենտրոնի կառուցման:

Սակայն գյուղում բոլորը համակարծիք են մի հարցում` Բարձրյալ խաչի կառուցումը պիտի ավարտվի: Գյուղի անտառապատ բարձունքում, սահմանից քիչ հեռու գտնվող այս եզակի հուշարձանը նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է, որի լուսամուտին միջնադարում խաչ է ագուցվել, որպես բեմի սեղան, խաչքար է կանգնեցվել, եւ դամբարանը վերածվել է մատուռի: 2004 թ. պետբյուջեից 20 մլն դրամ հատկացվեց մատուռի նորոգման համար: Ալավերդցի շինարարները նորոգումը բարեխղճորեն են կատարել, սակայն գումարը բավարար չէր, տանիքը բաց է մնացել, եւ տեղումները վնասում են այս նշանավոր կոթողը: Մինչ մեր ոչ բարյացակամ հարեւաններն իրենց համար պատմություն են հորինում, մենք անավարտ ենք թողնում սահմանին հառած հայոց հնադարյան պատմության վկա հուշարձանի նորոգումը:

Այո, հայրենիքը սկսվում եւ ավարտվում է սահմանով, իսկ սահման պահող զինվորի թիկունքին սահմանամերձ ժողովուրդն է, որը կյանքի ավելի լավ պայմանների է արժանի:

Բարեկամավանից մեղավորի զգացողությամբ եմ հեռանում, կարծես կռվի մեջ անօգնական եմ թողել ընկերոջս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter