HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Համայնքապետը տեղյակ չէ՞ր հողի վաճառքից

Իջեւանի տարածաշրջանում, ընդունված «ավանդույթի» համաձայն, համայնքապետարանների շենքին պետք է փակցված լինի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդանիշ արծիվը:

Ենոքավանի համայնքապետարանն էլ բացառություն չէ: Ավելին, համայնքապետ Ալիբեկ Բաբայանի գլխավերեւում համագյուղացի կոմունիստ գործչի` Ենոք Մկրտումյանի դիմանկարն է, ով, գյուղի ղեկավարի հավաստմամբ, հեղափոխական գործչի համար կյանքից շատ վաղ է հեռացել` 21 տարեկան հասակում:

«Հայրը հարուստ է եղել, եւ նա հոր հարստությունից նվիրաբերել է ժողովրդին` մինչեւ 3 տարեկան երեխաների համար դպրոց է բացել»,- բոլշեւիկ Մկրտումյանին ներկայացնում է համայնքապետը: Դժվար է պատկերացնել, թե մինչեւ 3 տարեկանների համար ինչ դպրոց կարող էին կառուցել 20-րդ դարի սկզբին, գավառական խուլ համայնքում, հատկապես, երբ 100 տարի անց էլ Ենոքավանում շատ բան չի փոխվել: 546 բնակիչ, 253 հա վարելահող, 268 հա խոտհարք եւ 802 հա արոտավայր ունեցող գյուղի անցյալ տարվա բյուջեն կազմել է ընդամենը 6 մլն 648 հազար դրամ: Հարկերը հավաքագրվել են 87 տոկոսով: Բյուջեի զգալի մասը ծախսվում է համայնքապետարանի 9 աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:

«Մի քիչ պակաս ենք հավաքել սեփականաշնորհված եւ վարձակալված հողերի հարկը»,- իրավիճակը ներկայացնում է համայնքապետն ու արդարանում նրանով, որ անցյալ տարի եղանակն անբարենպաստ է եղել բերքի համար: Ենոքավանցիները ցորեն, կարտոֆիլ եւ եգիպտացորեն են ցանում, սակայն` առանց ոռոգման ջրի: Ցորեն քիչ են ցանում, որովհետեւ գյուղում հացահատիկահավաք կոմբայն չկա: Համայնքապետն ասում է, որ 140 հա վարելահող որպես խոտհարք է օգտագործվում:

Ավագանու նիստերի արձանագրության մատյանի համաձայն` Ալիբեկ Բաբայանն ավագանուն առաջարկել է 2007 թ. աշխատանքները գնահատել «բավարար», քանի որ «հողի հարկի 3 մլն 143 հազար դրամից հավաքագրվել է 2 մլն 614 հազար 300 դրամ, համապատասխանաբար, նույն համամասնությամբ են գանձվել նաեւ մյուս հարկատեսակները:

Ավագանին 2008 թ. բյուջեն եկամտային մասով հաստատել է 6 մլն 203 հազար 700 դրամ, ծախսերի մասով` 7 մլն 217 հազար 500 դրամ: Տարբերությունը կազմում է 1 մլն 13 հազար 800 դրամ: Որտեղի՞ց գոյացավ այն: Համայնքապետը նշեց, որ մոտ 125 հազար դրամ մնացորդ են ունեցել, մնացած շուրջ 800 հազար դրամն էլ առաջացել է նախկին ֆերմայի շրջակա տարածքի վաճառքից: «Պուճուր գումար է, մուտք է արվել ֆոնդային բյուջե»,- ասաց համայնքապետը: Գումարը, պրն Բաբայանի խոսքերով, համայնքապետարանի հաշվին մուտք է եղել 2007 թ. հոկտեմբերին կամ նոյեմբերին: Համայնքապետի խոսքով, այդ ֆերման մոտ 15 տարի առաջ վաճառվել է, այնուհետեւ մի քանի անգամ վերավաճառվել եւ վերջում բաժին է հասել «Աստղաբլուր» ՍՊԸ-ին, որի տնօրենը Սուրեն Չիբուխչյանն է: Համայնքի ղեկավարը հստակ չէր կարողանում բացատրել` ֆերմայի՞, թե՞ հարակից 6000 քմ հողի վաճառքից է գումարը մուծվել համայնքի բյուջե, եւ նախկինում ֆերման օտարվել է շրջակա տարածքի՞ հետ, թե՞ առանց դրա: Նա այդ «պուճուր» գումարը ներկայացնում էր որպես ինչ-որ «կադաստրային վճար»:

«Ինչու՞ այդ հողի վաճառքի վերաբերյալ ավագանին ոչ մի որոշում չի ընդունել», - մեր հարցին ի պատասխան` համայնքապետը բջջայինով զանգահարեց մեկին` խորհրդատվություն ստանալու համար: Վերջինս, ամենայն հավանականությամբ, «Աստղաբլուր» ՍՊԸ-ի ղեկավարներից էր: Պրն Բաբայանն այնքան էլ ցանկություն չուներ նշելու նրա պաշտոնը, միայն ասաց, որ նա Միշա Ճաղարյանն է: Վերջինս համայնքապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ հարցրեց, թե լրագրողի ինչի՞ն են պետք այդ վաճառքի մանրամասները: Համայնքապետն, ըստ ամենայնի, չէր տիրապետում վաճառքի հետ կապված տեղեկատվությանը եւ զրույցի ժամանակ մի քանի անգամ խնդրեց անջատել ձայնագրիչը: 2005 թ. նոյեմբերի 1-ից պաշտոնավարող Բաբայանն, ի վերջո, հայտնեց, որ նախկինում ֆերման վաճառվել է հողի հետ, եւ ամեն անգամ վերավաճառելիս հողի վաճառքի գինը մուտք է լինում համայնքապետարանի բյուջե: Նա նաեւ խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանին: Վերջինս պարզաբանեց, որ հողը չէր կարող վաճառվել մինչ 2005 թ. նոյեմբերի 26-ին Հողային օրենսգրքի ընդունումը, որով օրենքի ուժ է ստացել հողի սեփականության իրավունքի օտարումը, եւ վերավաճառքի դեպքում հողի գումարը մուտք չի գործում համայնքային բյուջե, համայնքապետարանին վճարել են, երբ նա օտարել է հողը: Ստացվում է, որ հենց 2007 թ. աշնանն էլ տեղի է ունեցել 6000 քմ հողի օտարումը «Աստղաբլուր» ՍՊԸ-ին: Ուրեմն, գյուղի կենտրոնական մասում գտնվող 1 քմ տարածքն օտարվել է ընդամենը 133 դրամով, ինչը հավանական չէր կարող լինել իրական աճուրդի դեպքում: Համայնքապետը չասաց, որ այս տարածքում սղոցարան է գործում, որը, ենոքավանցիների վկայությամբ, փաստացի պատկանում է համագյուղացի, Մոսկվայում բնակվող Արտակ Չիբուխչյանին: Վերջինս «Ապագա տուր» ՍՊԸ-ի սեփականատերն է: Այս ձեռնարկությունը, համայնքապետի խոսքերով, 2005 թ. մայիսին աճուրդով ձեռք է բերել 10 հա հող, նաեւ վարձակալել է 14 հա խոտհարք: Գյուղից վերեւ «Ապագա տուրը» տուրիստական քոթեջներ է կառուցում, նաեւ զբաղվում է 70 գլուխ խոշոր եղջերավոր անասունների խնամքով:

Համայնքապետարանի միակ համակարգիչը Արտակ Չիբուխչյանն է նվիրել: Անցյալ տարվա աշնանը վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով գյուղում ջրահեռացման համակարգի եւ խմելու ջրատարների նորոգման աշխատանքներ են կատարվել եւ, համաձայն ավագանու 2007 թ. նոյեմբերի 23-ի արձանագրության, քանի որ «գյուղը հնարավորություն չունի» ծրագրում ներդրում կատարելու, այն կատարել են «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Ժորա Գաբրիելյանը (300 կգ ցեմենտ է հատկացրել) եւ նույն Արտակ Չիբուխչյանը (150 լ դիզելային վառելիք է տրամադրել):

Մի՞թե համայնքային սեփականությունն իրական աճուրդով օտարելու դեպքում համայնքապետարանը պահանջված ներդրումը կատարելու հնարավորություն չէր ունենա, գոնե այն չափով, ինչքան որ ցուցաբերել են ենոքավանցի «բարերարները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter