HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ եկար: Ինչո՞ւ չես գնում:

Վերջին շրջանում շատերն են խոսում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին։ Ասել, թե խոսողները չունեն սրտացավություն, սխալ կլինի, բայց այդ սրտացավությունը վերաբերում է ոչ թե կամ ոչ այնքան արմատական լուծումներ գտնելուն, որքան իրավիճակը կայունացնելուն։

Ստացվում է, որ իշխանության եւ ընդդիմության ներկայցուցիչները պետք է խոսեն կայունության վերականգնման մասին՝ նախապես հասկանալով, թե ե՞րբ եւ ինչու՞ է խաթարվել այն։

Հայաստանի, այսպես կոչված, կայունությունը խաթարվեց 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ քաղաքական ասպարեզ վերադառնալու հայտ ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Խաթարման այս պատճառն, իհարկե, վերացնել հնարավոր չէ, քանզի անկարելի է հետ պտտել պատմության անիվը։

Հայաստանի, այսպես կոչված, կայունությունն ավելի խաթարվեց 2008 թվականի փետրվարի 21-ին, երբ ԿԸՀ-ն, նախնական արդյունքներն ամփոփելով, Սերժ Սարգսյանին հռչակեց նախագահ։ Լեգիտիմության դեֆիցիտն ակնհայտ էր, բայց Սարգսյանը չհամաձայնեց մրցել երկրորդ փուլում։ Խաթարման այս պատճառը եւս դարձավ անուղղելի։

Այս պայմաններում Տեր-Պետրոսյան-Սարգսյան երկխոսությունը կարող է լինել այսպիսին. Սերժ Սարգսյանը հարցնում է՝ ինչու՞ եկար, Տեր-Պետրոսյանը նույնպես հարցնում է՝ ինչու՞ չես գնում։

Երկխոսությունը, եթե ուղղված է իրավիճակը կայունացնելուն, ենթադրում է հարցերի ու պատասխանների տրամաբանական հերթագայություն։ Միայն հարցերով ոչ մի լուծում չի գտնվի։

Ուրիշ ինչի՞ մասին կարող են երկխոսել Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը։ Եթե երկխոսությունը սկսվել է առանց նախապայմանների, Տեր-Պետրոսյանը պիտի պահանջի ազատել քաղաքական բանտարկյալներին։ Եթե Սարգսյանն ասի՝ լա՜վ, ընդունած կլինի, որ մի քանի տասնյակ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։ Եթե ասի՝ ոչ, նրանք քրեական հանցագործություններ են կատարել, կստացվի, որ հանդիպել ու խոսում է «բանդայի» պարագլխի հետ։

Տեր-Պետրոսյանը պիտի պահանջի չեղյալ հայտարարել ցույցերի, երթերի ու հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Եթե Սարգսյանն ասի՝ կանեմ, կստացվի, որ փոփոխությունների նպատակն ընդդիմությանը լռեցնելն էր, ոչ թե ինչ-որ անվտանգության կամ ապակայունացումից խուսափելու նկատառումները։ Եթե ասի՝ չեմ անի, կստացվի, որ երկխոսության է նստել մեկի հետ, ում ինքն է զրկել ձայնից։
Տեր-Պետրոսյանը պիտի պահանջի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննություն։ Եթե Սարգսյանը համաձայնի, կստացվի ընդունում է, որ Աղվան Հովսեփյանը զբաղված է ստեղծագործական ինքնագործունեությամբ։ Եթե ասի՝ ոչ, ուրեմն հետաքննության արդյունքից վախենալու բան ունի։

Տեր-Պետրոսյանն իր եւ կողմնակիցների համար պիտի պահանջի հեռուստատեսությամբ խոսելու հնարավորություն։ Եթե Սարգսյանը համաձայնի, մարդիկ կիմանան ամբողջ ճշմարտությունը, իսկ եթե չհամաձայնի, նորից կստացվի, որ երկխոսության կողմերից մեկը ձայնազուրկ է։

Գրեթե բոլոր դեպքերում Սարգսյանը հայտնվում է անելանելի վիճակում։ Տեր-Պետրոսյանն էլ ոչինչ չի շահում։ Բայց եթե նկատի ունենանք միջազգային հանրության վերաբերմունքը, եթե չմոռանանք Ղարաբաղի հարցի՝ բանակցությունների սեղանին դրված ոչ հայանպաստ առաջարկները, եթե հաշվի առնենք գների նկատելի աճն ու մտաբերենք գազի մոտալուտ թանկացումը, պարզ կդառնա, որ ժամանակն աշխատում է ամենեւին ոչ իշխանության օգտին։

Ուրեմն, ենթադրելի երկխոսությունը կարող է լինել միայն եւ միայն իշխանությունը հանձնելու շուրջ, որովհետեւ եթե անգամ Սերժ Սարգսյանը համաձայնի կատարել Տեր-Պետրոսյանի չորս առաջարկները՝ դադարեցնի քաղաքական հետապնդումները, չեղյալ հայտարարի ցույցերի, երթերի ու հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, համաձայնի անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն եւ հեռուստատեսությամբ խոսելու հնարավորություն տա ընդդիմությանը, Հայաստանում համաժողովրդական շարժումը կվերսկսվի՝ այս անգամ ներառելով նաեւ Տեր-Պետրոսյանին չընդունող այն մարդկանց, ովքեր մինչեւ սրտի խորքը վիրավորված են մարտի մեկի վայրագությունից։

Վերջերս երիտասարդ մի ՀՀԿ-ական միտք էր հայտնել, թե Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելու համար պետք է վերացնել նրա սոցիալական բազան։ Այսինքն՝ հանդիպել մարդկանց, մեկին կամփետ տալ, մեկին՝ չամիչ, մի ուրիշին՝ խնձոր ու այդպես փակել բողոքավորների հարցը։ Ի՞նչ է անելու երիտասարդը նրանց հետ, ում միակ եւ անփոխարինելի պահանջն ազատությունն է, դժվար է կռահել։ Նույն կերպ երիտասարդն ինքը չի կարող կռահել, թե հարյուր հազարավորների շարքում քանի՞սն են ազատության պահանջատեր։

Ջահել թե ահել` ՀՀԿ-ում չեն հասկանում, որ ժամանակն է արդեն նահանջը կազմակերպելու, ու չգիտես ինչու` զորահանդես եւ փուչիկների շքերթ են կազմակերպում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter