HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաշենում մարդիկ ոչ միայն ապրում են, այլեւ հարկեր են վճարում

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքը մարզկենտրոն Գավառից ընդամենը 10 կմ է հեռու, սակայն երբ հասնում ես Ծաղկաշեն, թվում է, թե քաղաքակրթությունից հեռացել ես հարյուրավոր կիլոմետրերով:

Իհարկե, սա չի նշանակում, թե Գավառը քաղաքակրթության վկայությունն է: Գավառ-Ծաղկաշեն ճանապարհի` աղբանոցի վերածված մի նկատելի հատված ակնհայտորեն բացառում է այդպիսի մտայնությունը: Ու եթե Գեղարքունիքի մարզկենտրոնի ծայրամասն է այդքան բարձիթողի վիճակում, ապա ինչքա~ն խնդիրներ կլինեն սարերի փեշերին գտնվող Ծաղկաշեն գյուղում:

Ծաղկաշենը Գավառի վարչատարածքի միակ համայնքն է, որ գտնվում է այդքան մեկուսացած դիրքում: Նպաստավոր չեն նաեւ բնակլիմայական պայմանները: Ծաղկաշենի վարելահողերը գտնվում են ծովի մակերեւույթից 2300-2400 մ, խոտհարքների մեծ մասը` 2400 մ, իսկ արոտավայրերը` մինչեւ 2480 մ բարձրության վրա: Համայնքի` բարձրլեռնային լինելու հանգամանքը չի նպաստում հողագործության զարգացմանը: Համայնքի 20 տնտեսություններ սարերի թեք լանջերին գտնվող իրենց հողերը սեփականաշնորհումից ի վեր չեն կարողացել օգտագործել, քանի որ ձնհալից հոսող ջրերը խոր ու մեծ առուներ են բացել այդ հողակտորներում: Անասնապահությունն էլ չի զարգանում, քանի որ ծախսերը չեն արդարացվում: 1 խոտի հակի հաշվով ծախսերն այս տարի կազմել են 550 դրամ, մինչդեռ համայնքում այն վաճառվել է 600 դրամով: Այդ պատճառով էլ մարդիկ մեծամասամբ նախընտրում են գնել եւ ոչ թե հավաքել խոտը:

Վատ են գործերը նաեւ ջրամատակարարման ոլորտում: Ոռոգման ջուր համայնքը չունի, իսկ խմելու ջրի հարցը լուծվել է համայնքում տեղադրված 6 ծորակների միջոցով, որոնք ինքնահոս ջուր են մատակարարում: Որեւէ տնտեսություն իր բակում, առավել եւս տանը, ջուր չունի: Իսկ այս տարվա ցուրտ օրերին համայնքի բնակիչները միայն մեկ ծորակից էին ջուր վերցնում, քանի որ մնացած 5-ը սառել էին: Գյուղի տների կեսից ավելին, որոնք գտնվում են Գավառագետի ափին, հարցը լուծել են ջրհոր փորելով: Սակայն ջրհորներից հանած ջուրը, որ գոյանում է գետի ջրերի ու ձնհալի արդյունքում, մաքուր չի, ուստի օգտագործում են միայն անասունների համար: Անցած ձմռանը, երբ սառել էր անգամ ինքնահոս ջրի ակունքը, մարդիկ ճարահատյալ խմելու նպատակով օգտագործում էին ջրհորների ջրերը: Սակայն այս ջրհորներն էլ սեզոնային են, դրանք գետի վարարումներից ու ձնհալից հետո ցամաքում են:

Ծաղկաշենն ունի 661 բնակիչ, 176 տնտեսություն, եւ համայնքի գրեթե բոլոր ընտանիքներն էլ դրսում աշխատող 1-2 մարդ ունեն: Այլապես, համայնքում մնալով, տուն-տեղ պահելու հնարավորություն չկա:

Այս իրավիճակում արդեն «օրինաչափ» է թվում համայնքապետարանի եւ համայնքային ենթակայության 2 կազմակերպությունների (գրադարան, մշակույթի տուն)` տարիներ շարունակ կուտակած աշխատավարձերի ու սոցվճարների պարտքերի առկայությունը: Այս խնդիրը քննարկվել է Ծաղկաշենի 2008 թ. հունվարի 15-ի ավագանու նիստում, եւ ավագանու որոշմամբ հաստատվել է ժամանակացույց, ըստ որի` նախատեսվել է 6 միլիոն 796 հազար դրամ պարտքը մարել առաջիկա 7 տարիների ընթացքում:

Համայնքապետարանն ունի նաեւ 303 հազար 400 դրամ գույքահարկի եւ 3 մլն 452 հազար հողի հարկի ապառքներ: Գույքահարկի ապառքները հիմնականում գոյացել են չշահագործվող, սակայն հաշվառման մեջ գտնվող 20-25 տրանսպորտային միջոցների համար չկատարվող վճարումներից: Հողի հարկերի ապառքներն առաջացել են հողերի չօգտագործվելու, քիչ եկամտաբերության եւ այլ օբյեկտիվ պատճառներով:

2008 թ. ընթացքում Ծաղկաշենում ավագանին արդեն 3 նիստ է հրավիրել եւ հաստատել է որոշումներ համայնքի 2007 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության, 2008 թ. բյուջեի, անասնագլխաքանակի հաշվառման մասին եւ այլն: Ավագանու նիստերի արձանագրության մատյանում նիստերը պատշաճ արձանագրված են, ելույթները մեջբերված են հասկանալի համառոտագրությամբ, ինչը դժվար է նկատել այլ համայնքների շատ արձանագրություններ ուսումնասիրելիս: Համայնքի ավագանու անդամ Ջանիկ Պապեյանն էլ նշեց, որ ավագանու նիստերի մասին իրենց տեղեկացնում են օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաեւ` ավագանու նիստերի մասին նախապես հայտարարություններ են տեղադրվում համայնքի 2 ցուցատախտակներին:

2007 թ. Ծաղկաշենն էական աջակցություն է ստացել պետությունից. վերանորոգվել են Գավառագետի վրա կառուցված 3 կամուրջներից 2-ը, որոնք քանդվել էին գետի գարնանային հեղեղումներից:

Անհրապույր, ալյումինե դուռ ու լուսամուտ ունեցող համայնքապետարանի դուռը կիսաբաց պահելու համար ծաղկաշենցիներն օգտագործում են 2 քար: Ավելի տխուր պատկեր է ներսում: Գորշ միջանցքներ, իսկ ընդհանուր բաժնում` խորհրդային շրջանից մնացած գրասեղաններ ու մի քանի հնամաշ աթոռներ: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեդրակ Մարգարյանը հայտնեց, որ ձմռանը կարողացել են էլեկտրաէներգիայով ջեռուցել միայն համայնքի ղեկավարի աշխատասենյակը, իսկ այս տարի ցանկանում են վերանորոգել ու աշխատանքային փոքրիշատե բավարար պայմաններ ստեղծել համայնքապետարանում:

Ծաղկաշենի ու ծաղկաշենցիների վիճակը բնութագրական է հանրապետության բազմաթիվ այլ համայնքների էլ: Փոքր, հեռավոր, մեկուսացած, բարձրլեռնային ու սահմանամերձ համայքների խնդիրների շարանն անվերջ է: Մեծ համայնքներն էլ իրենց խնդիրներն ունեն, սակայն ակնհայտ է մի բան. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի կարգավիճակ ունեցող 45 բնակչով Գեղաքարի, 661 բնակիչ ունեցող Ծաղկաշենի, 11 հազար բնակիչ ունեցող Վարդենիկի կամ 26 հազար 400 բնակիչ ունեցող Գավառի միջեւ հավասարության նշան է դրված: Իսկ եթե Գեղարքունիքի մարզի այս համայնքների բնակչության թվաքանակի հետ համեմատենք մարզի կարգավիճակ ունեցող Երեւանի համայնքներից մեկի բնակչության թվաքանակը, պարզապես տխուր ու միաժամանակ զավեշտալի կլինի: Նաեւ` անարդար...

Բնական է, որ համայնքի զարգացման հեռանկարն այս պարագայում դժվար է պայմանավորել ներքին հնարավորություններով ու ռեսուրսներով, իսկ արտաքին հնարավորություններին ու աջակցություններին ապավինելը փոխում է տեղական ինքնակառավարման բովանդակությունն ու իմաստը: Յուրաքանչյուր խնդիր հիշատակելուց հետո ծաղկաշենցիներն արտահայտում են իրենց ակնկալիքները կառավարությունից աջակցություն ստանալու մասին: Մինչդեռ սա չի խոսում հօգուտ ապակետրոնացման, որին, իբրեւ թե, ձգտում են մեր իշխանությունները` միաժամանակ ամուր պահելով այն թելերը, որոնք վերահսկելի ու կառավարելի են դարձնում ՏԻՄ-երին: Սակայն վերահսկելի ոչ թե տեղական ինքնակառավարման սկզբունքների կենսագործման, այլ հենց իշխանությունների վերարտադրության ապահովման գործառույթների առումով:

Երբ Ծաղկաշենի մասին տպավորություններս նկարագրում էի Գեղարքունիքի մարզի համայնքներին լավատեղյակ մի ֆինանսիստի, վերջինս ուշագրավ կարծիք հայտնեց. «Ախր այդ սարերի տակն ապրող ժողովրդին միայն այդ տարածքում ապրելու համար պարզապես պետք է ազատել հարկերից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter