Ծաղկաբերդում ուսուցիչների ու գրքերի կարիք կա
«1997 թվականից ենք այստեղ բնակվում ու, կարծում եմ, դեռ երկար պետք է մնանք այստեղ, չնայած այս գյուղում երիտասարդն անելիք չունի, քանի որ աշխատանք ու զբաղմունք չկա»,- այսպես է մի քանի բառով նկարագրում գյուղական կյանքը Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Իրինա Թոխունցը, որի ուսերին է ընտանիքի հիմնական հոգսը:
Երբ նրանք ընտանիքով տեղափոխվեցին այս գյուղ, որտեղ, Իրինայի հավաստմամբ, խորհրդային տարիներին իր պապն էր բնակվում, հայրը դեռ ողջ էր, սակայն երկու տարի առաջ մահացավ: «Անասնապահությամբ էր հայրս հիմնականում զբաղվում, երբ մահացավ, անասունները վաճառեցինք, որպեսզի կարողանանք թաղման ծախսերը փակել եւ շիրմաքար ձեռքբերել»,- հիշում է Իրինան:
Իրինան Ծաղկաբերդում է ավարտել դպրոցը, որից հետո սովորել է Գորիսի մանկավարժական քոլեջում, իսկ հիմա աշխատում է գյուղի դպրոցում` որպես գրադարանավարուհի: Նա աշխատավարձից չի բողոքում` այս տարվա հունվար ամսից 42 հազար դրամ է ստանում, իսկ մայրը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, մոտ 19 հազար է ստանում: «Չեմ դժգոհում, մեր եկամուտը մեզ ինչ-որ չափով բավականացնում է: Գիտե՞ք ինչքան աշխատավարձ էի ստանում սկզբից` 6 հազար դրամ, այնուհետեւ` 12, անցած տարի` 35»,- ասում է Իրինա Թոխունցը:
Ծաղկաբերդը Քաշաթաղի շրջանի հարավային գյուղերից է, որը շրջկենտրոն Բերձորից գտնվում է շուրջ 32 կմ հեռավորության վրա: Որոտան գետի հովտով ձգվող գյուղը շրջապատված է կանաչ բարդիներով: Գյուղում, որտեղ 5 եւ ավելի երեխա ունեցող 8 ընտանիք կա, ներկայումս բնակվում է շուրջ 250 մարդ:
Հայտնի քաղաքական գործիչ, ազգային հերոս Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում 32 աշակերտ է սովորում: Դպրոցը նորակառույց է, շահագործման է հանձնվել 2003 թվականին: «Պայմանները լավ են, սակայն մարզադահլիճի խնդիր ունենք: Դրսում մեր ուժերով ֆուտբոլի համար դարպասներ ենք դրել, գնդակ ենք գնել, ինչ-որ բաներ փորձում ենք անել, բայց շատ դժվար է, որ մի քիչ մեզ օգնեն` մարզադաշտը կարգի կբերենք»,-մարզադաշտի հնարավորություններին ծանոթացնելով` նշում է դպրոցի տնօրեն Վարդիթեր Պետրոսյանը:
![]() |
«Լավ սովորող շատ աշակերտներ ունենք,- հպարտությունը չի կարողանում թաքցնել դպրոցի տնօրենը` ծանոթացնելով դպրոցի մի քանի դասարանների աշակերտների հետ, որոնց թիվը որոշ դասարաններում չէր գերազանցում 3-4-ը: -Ամեն կերպ փորձում ենք համապատասխան պայմաններ ստեղծել: Ուզում ենք մարզադաշտի հարցը լուծելուց հետո մեր աշակերտներին տարբեր մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն տալ, քանի որ մասնագետ էլ ունենք»:
Դպրոցում 14 ուսուցիչ է աշխատում, բայց, ըստ տնօրենի, անգլերեն լեզվի, քիմիայի եւ կենսաբանության մասնագետների կարիք ունեն:
Գրադարանավարուհի Իրինա Թոխունցին էլ մտահոգում է մանկական գրականության պակասը: Կոկիկ ու տեղը տեղին դասավորված գրքերը ցույց տալով` երիտասարդ գրադարանավարուհին հպարտությամբ ասում է, որ երեխաները շատ են ընթերցում, սակայն մանկական գրքերի խիստ կարիք կա: Գրադարանի գրքերը հիմնականում ստանում են շրջանի համապատասխան բաժնից, իսկ վերջերս բավականին քանակությամբ գրքեր տրամադրել է «Թուֆենկյան» հիմնադրամը:
Իրինա Թոխունցն ասում է, որ աշակերտների համար էլ մի կարգին զբաղմունք չկա. «Մեկ-մեկ էքսկուրսիաներ ենք կազմակերպում մեր ուժերով, ինչ-որ միջոցառումներ անում, բայց աշխուժությունը քիչ է»: Աշխուժություն չկա նաեւ երիտասարդների մեջ: «Տարիներ առաջ երիտասարդ տղաներով եւ աղջիկներով հավաքույթներ էինք կազմակերպում, բայց հիմա նման բաներ չկան, քանի որ գյուղի երիտասարդների մի մասն աշխատանք չունենալու պատճառով հեռացել է, իսկ մնացած մասն էլ պասիվ է»,- ասում է երիտասարդ գրադարանավարուհին:
Եկեղեցական տոներին ինչպես դպրոցի աշակերտները, այնպես էլ գյուղի բնակչության մի մասը գնում է դեպի իրենց հիմնական ուխտատեղին` ժայռափոր Քրօնք եկեղեցին:
Գյուղից մոտ 3 կմ հեռավորությամբ գտնվող եկեղեցին շրջապատված է ժայռերով, որտեղ բազմաթիվ քարանձավներ կան:
Ծաղկաբերդը մնում է շրջանի մեծ բնակչություն ունեցող գյուղերից, չնայած վերջին երեք տարիներին այստեղից էլ են մարդիկ հեռացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել